Անհարմար իրավիճակում է ռեժիսոր Ռուբեն Բաբայանը։ Իրավապաշտպանը, մտավորականը, հանրային գործիչը հանդիմանում են, ամոթանք տալիս նրան՝ Միքայել Սրբազանին ու մյուս ամբաղ-զամբաղ խոսողներին փայտով ծեծելու, ճիպոտելու առաջարկի համար։ Բնականաբար՝ հանրությանը հետաքրքիր է, թե սիրված ռեժիսորն ինչո՞ւ է այդպիսի անմարդկային, անխիղճ բան ասել։
«Դա ասված էր հումորով: Գուցե հաջող էր կամ անհաջող էր, բայց ասված էր հումորով: Ես 68 տարեկան մարդ եմ, որից 45 տարին աշխատում եմ թատրոնում, 30 տարի ինստիտուտում և այդ տարիների ընթացքում երբևէ ոչ մեկը չի լսել ինձնից բռնության կոչ կամ վիրավորական խոսք որեւէ մեկի հասցեին չի լսել: Պարզ է, որ դա բացարձակապես հումորային էր ասված, դե հիմա այդպես է ընկալվել, ես հո չեմ արդարանալու ու ասեմ՝ ես ուղտ չեմ»,-
Aravot.am-ին դեկտեմբերի 15-ին ասել է Տիկնիկային թատրոնի ռեժիսոր, հանրային խորհրդի անդամ Ռուբեն Բաբայանը՝ պարզաբանելով, թե ինչու է Հ1-ի եթերում առաջարկել փայտի հարվածներ հասցնել Միքայել Սրբազանին և մյուս ամբաղ-զամբաղ խոսողներին։
Այսպիսով՝ կարելի է փակված համարել Ռուբեն Բաբայանի հանրային ակտիվության էջը։ Նրա խոսքն այսուհետև կարելի է լուրջ չընդունել, այլ հումոր։ Նրան կարելի է ներգրավել հումորային հաղորդումներին, երգիծաբանների մրցույթներին, ոչ թե լուրջ հարցազրույցներին, քանի որ լուրջ թեմաներով հարցազրույցների ժամանակ նա անհաջող հումոր է անում և անհարմար վիճակի մեջ դնում իրեն ու թիմակիցներին։
Այնուամենայնիվ՝ հարցը մնում է բաց՝ ինչո՞ւ նման բան ասաց մտավորականը Հ1-ի եթերում։
Լավատեսները կարծում են, որ այս առաջարկի հեղինակը Ռուբեն Բաբայանը չէ։ Եթե նա լիներ, ապա կշարունակեր թեման, կխնդրեր ՔՊ գործընկերներին, որ հանդես գան օրենսդրական նախաձեռնությամբ՝ օրենսգրքում ճիպոտահարելու պատժի տեսակն ավելացնելու ու բանտերը փակելու վերաբերյալ։ Իսկ եթե, այնուամենայնիվ, ինքն է առաջարկի հեղինակը, սակայն հետո է հասկացել, թե ինչ սխալ բան է ասել եթերում, ապա կարող էր պարզապես ներողություն խնդրել ժողովրդից։
Հետևաբար՝ եթե նա չի շարունակում թեման ու ոչ էլ ներողություն խնդրում, ապա հիմք է տալիս ենթադրելու, որ իր գլխին սարքել են թիմակիցները։
Տարածված վարկածներից մեկն այն է, որ ճիպոտահարելու կամ փայտով խփելու պատիժ ներմուծելու մասին Ռուբեն Բաբայանը լսել է ինչ-որ մարդատյաց, ժողովրդատյաց ՔՊ-ականից, որն ակնարկել է, թե լավ կլիներ՝ այս մասին հնչեցնել եթերում։ Եվ Ռուբեն Բաբայանն էլ կրկնել է ուրիշի միտքը Հ1-ի եթերում, չպատկերացնելով, թե հանրային ինչ պարսավանքի կարժանանա։
Չի բացառվում, որ Ռուբեն Բաբայանին ոչ թե հուշել են այդ առաջարկը, այլ ուղղակի հանձնարարել։ Ինչ-որ մարդատյաց, ժողովրդատյաց ՔՊ-ական հանձնարարել է նրան, որպես թիմակցի, այդպիսի առաջարկ անել Հ1-ի եթերում, որպես ուժի ցուցադրություն, որ ընդդիմախոսները վախենան ՔՊ-ից։ Այսինքն՝ Ռուբեն Բաբայանի առաջարկն իրականում սպառնալի ակնարկ է պարունակում, որ ՔՊ-ում կամ ՔՊ համակիրների շարքերում հակված են ընդդիմախոսներին ծեծել փայտով, ճիպոտահարել Նիկոլ Փաշինյանի հասցեին վատ բան ասողներին։
Ռուբեն Բաբայանը, քաղաքական փորձառություն չունենալով, չի պատկերացրել, որ ինքը կարող է տուժել, պարսավանքի արժանանալ այդպիսի սխալ բան ասելու համար։ Իրավապաշտպանի, մտավորականի, ժողովրդավարության ջատագովի հանդիմանանքից հետո է, հավանաբար, հասկացել, որ իր գլխին սարքել են, հանրային քարկոծման թիրախ դարձրել։
Այս անհարմար իրավիճակից դուրս գալու երկու ելք ունի Ռուբեն Բաբայանը։ Առաջինը՝ նա կարող է թողնել ռեժիսորի կարիերան և հումորիստ դառնալ, զվարճացնել ժողովրդին, ապացուցել, որ կոչումով հումորիստ է, երիգածաբան, ծաղրածու։ Այս կերպարանափոխությամբ նա գուցե կվերականգնի իր նկատմամբ ժողովրդի սերը։ Սա նրա համար, հավանաբար, հեշտ ուղի է, որից ոչ ոք չի տուժի, իսկ ժողովուրդն էլ ուրախանալու առիթներ կունենա։
Երկրորդ տարբերակը բարդ է, քաղաքական կամք ու խիզախություն է պահանջում։ Այս դեպքում Ռուբեն Բաբայանը պետք է խոստովանի, թե ով է թելադրել կամ հանձնարարել եթերում խոսել ամբաղ-զամբաղ խոսողներին փայտով խփելու մասին։ Դրանից հետո նա կարող է ասել, որ ինքն այդ հանձնարարությունը կատարել է՝ առանց հասկանալու, թե ինչ վատ բան է ասում։ Այս դեպքում ժողովուրդը գուցե ըմբռնումով կվերաբերվի, կշարունակի սիրել ռեժիսորին, նրա հասցեին ուղղվող հանրային ամոթանքները կդադարեն ու կուղղվեն թելադրող ՔՊ-ականին։
Պարզ ասած՝ Ռուբեն Բաբայանին կարելի է դուրս բերել ամոթալի իրավիճակից։ Նա և նրա գործընկերները գուցե երկու ելքից մեկը կընտրեն։ Հակառակ պարագայում ճիպոտահարելու առաջարկն ու հետո այն հումորի տալը կարող են լրջորեն փոխել հանրային պատկերացումները ՔՊ-ի մասին։ Օրինակ՝ եթե Ռուբեն Բաբայանը շարունակի ասոցիացվել ՔՊ-ի հետ, ապա ժողովուրդը ՔՊ-ի խոստումներին և չագուչային սպառնալիքներին չի հավատա, կկարծեն, թե ՔՊ-ն հումոր է անում, ու Նիկոլ Փաշինյանը կպարտվի 2026-ին։
Թաթուլ Մկրտչյան