Ներքին 10 ամիս առաջ - 19:00 09-12-2025

Ցուրտ լսարաններ և օնլայն դասեր․ Սլավոնական համալսարանում ջեռուցման խնդիրը չի լուծվում

Oragir.News-ը ստացել է ահազանգեր Ռուս-Հայկական համալսարանի մի խումբ ուսանողներից, որոնք պատմում են, որ վերջին շաբաթներին ստիպված են եղել սովորել սառնամանիքի պայմաններում։ Նրանց խոսքով՝ լսարաններում ջեռուցումը երկար ժամանակ չի աշխատել, իսկ դրա վերանորոգումը համալսարանը սկսել է միայն ձմռան սկզբին։

«Լսարաններում շատ ցուրտ էր, և շատ դեպքերում պարզապես ֆիզիկապես հնարավոր չէր մասնակցել դասերին։ Ցրտի պատճառով անգամ բացակայել ենք, և դրա համար նաև բացականեր ենք ստացել»,– պատմում են ուսանողները։ Նրանց խոսքով՝ ջեռուցման համակարգի փոփոխման աշխատանքների մեծ մասը այժմ ավարտված է, սակայն դեռ կան հատվածներ, որտեղ դրանք շարունակվում են։ Այդ պատճառով համալսարանը որոշել է անցնել մասամբ օնլայն ուսուցման։

«Ջեռուցման բացակայության պատճառով ստիպված ենք դասերը անցկացնել օնլայն։ Մեր կուրսը մոտ երկու շաբաթ է՝ օնլայն է, բայց կան ուսանողներ, որոնց դեկտեմբերի 1-ից են տեղափոխել այդ ռեժիմին։ Արդյունքում դասապրոցեսը լուրջ տուժել է»,– ասում է ահազանգող ուսանողներից մեկը։

Ուսանողները, սակայն, հրաժարվում են ներկայանալ՝ շեշտելով, որ վախենում են՝ բողոք ներկայացնելու համար կարող են թիրախավորվել․ «Չենք ցանկանում անունով խոսել։ Ամբողջ ղեկավարությունը հիմա փորձում է պարզել՝ ով է դիմել նախարարություն։ Մենք չենք ուզում խնդիրների առաջ կանգնել»։

Հիշեցնենք, որ խնդրին անդրադարձել էր նաև SHAMSHYAN.com-ը՝ նշելով, որ մի խումբ ուսանողներ խնդրի վերաբերյալ դիմել են ԿԳՄՍ նախարարություն, և այժմ համալսարանի ղեկավարությունն, ըստ հրապարակման, փորձում է պարզել բողոք ներկայացրած ուսանողների ինքնությունը։ Ուսանողները պահանջում են հստակ բացատրություններ, կազմակերպված մոտեցում և հավասար վերաբերմունք․ «Այս պայմաններում սովորելը պարզապես անհնար է։ Խնդիրը պետք է լուծվեր նախքան ձմռան սկիզբը, ոչ թե հիմա»։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև Ռուս-հայկական համալսարանի մամուլի պատասխանատուի հետ, վերջինս տվեց հետևյալ պատասխանը.

«Ռուս-Հայկական համալասարանի հիմնական մասնաշենքի ջեռուցման համակարգի ամբողջական արդիականացման աշխատանքները մեկնարկել են դեռևս 2025թ․օգոստոս ամսվանից։ Աշխատանքներն իրականացվում են «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և Էներգախնայողության» Հիմնադրամի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությամբ։ Ներկայումս աշխատանքները գտնվում են ավարտական, փորձարկման փուլում։ Անհրաժեշտ ենք համարում նշել, որ բարձրացված հարցը վերաբերում է բացառապես Համալսարանի հիմնական մասնաշենքին․ Նոր մասնաշենքը, Մարզահամալիրը, Մշակույթի տունը և Համալսարանի հանրակրթական դպրոցի մասնաշենքերն ապահովված են ջեռուցմամբ։ Միևնույն ժամանակ, հիմնական մասնաշենքում թվով 52 լսարան/լաբորատորիա/ուսումնական տարածք հագեցած են ջերմացնող օդորակիչներով և օդատաքացուցիչներով, ինչն էլ թույլ է տալիս կիրառել ուսուցման հիբրիդային տարբերակ։ Ներկա պահին աշխատանքները գտնվում են ավարտական՝ փորձարկման փուլում։

Որոշումը կայացվել է նոյեմբերի 17-ին կայացած ՌՀՀ ռեկտորատի նիստում՝ նոյեմբերի 18-ից ժամանակավորապես, մինչ ջեռուցման համակարգի արդիականացման աշխատանքների ավարտը, որոշ մասնագիտությունների և կուրսերի գծով անցում կատարել ուսուցման կազմակերպման հիբրիդային համակարգի (առկա/հեռավար)՝ առկա ուսուցումը կազմակերպելով միայն վերը նշված տարածքներում և ենթակառուցվածքային միավորներում (հիմնական մասնաշենքի ջեռուցվող լսարաններ, Համալսարանի Նոր մասնաշենք, Մարզահամալիր, Մշակույթի տուն)։ Այն դասընթացները (ըստ առանձին կուրսերի և մասնագիտությունների), որոնք դասացուցակով նախատեսված են եղել հիմնական մասնաշենքի չջեռուցվող և սահմանված նորմերից ցածր (18 °C) ջերմային ռեժիմով լսարաններում, տեղափոխվել են առցանց անցկացման։

Համալսարանին ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (ԲԿԳԿ) կողմից վերահասցեագրվել է 2 դիմում/բողոք՝ ծանոթանալու, համապատասխան տեղեկատվություն ԲԿԳԿ ներկայացնելու, միաժամանակ՝ դիմումատուներին պատասխանելու խնդրանքով։ Պատասխան գրությունը ուղարկվել է ԲԿԳԿ և երկու դիմում/բողոքներում նշված էլեկտրոնային հասցեներով։ Առաջին դիմումատուն էլ փոստով ստացել է գրությունը։

Երկրորդ դիմումում նշված էլեկտրոնային հասցեն չգործող է՝ ստացվել է համապատասխան հետադարձ ծանուցում։ Տվյալ դիմումում նշված անուն-ազգանվամբ Համալսարանում առկա են երկու ուսանողներ, երկուսն էլ հրավիրվել են՝ առձեռն, թղթային տարբերակով պատասխան գրությունը հանձնելու նպատակով։ Երկուսն էլ հերքել են դիմումի հեղինակ լինելու հանգամանքը։ Ավելին, երկրորդ ուսանողը գրավոր հաստատել է, որ դիմումում նշված են իր անուն-ազգանունը, և անձնական օգտագործման հեռախոսահամարը, սակայն ստորագրությունն ու էլեկտրոնային հասցեն իրենը չեն։ Համապատասխան տեղեկատվությունը, ի լրումն, ևս ուղարկվել է ԲԿԳԿ։

Հաջորդիվ և ներկայումս Համալսարանը որևէ որոնում որևէ նպատակով չի իրականացրել։ Ակնկալվում է հիմնական մասնաշենքի 50%-ի ջեռուցման աշխատանքները ավարտել այսօր, հաջորդ հատվածի աշխատանքները հիմնականում կատարված են, շենքը ամբողջությամբ կջեռուցվի հաջորդ շաբաթվա սկզբից»:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ