Ուղիղ եթեր
Միտք Ներքին 6 ամիս առաջ - 09:55 27-11-2025

Ծաղր ու զավեշտ և ոչ մի լուծում. մինչև ե՞րբ ենք թունավոր օդ շնչելու

Ո՞վ է աղտոտում Երևանի օդը, և ինչպե՞ս իջեցնել օդի աղտոտվածության մակարդակը։

Երկուշաբթի օդի աղտոտվածության մասին խոսեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը, հանդիմանելով տերև այրողներին։ Իսկ նոյեմբերի 26-ին ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի ղեկավարի տեղակալ Գայանե Շահնազարյանն ասուլիսում ասաց, թե իրենց տվյալների համաձայն՝ Երևան քաղաքում, հատկապես Կենտրոն վարչական շրջանում, նոյեմբերի 17-25-ն ընկած ժամանակահատվածում մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 1,4-4 անգամ։ Պաշտոնյան նաև տեղեկացրեց, որ առաջիկայում օդի աղտոտվածության փոփոխություն չի կանխատեսվում, քանի որ քամի չկա։ Այսինքն՝ երևանցին առաջիկայում ևս թունավոր, կեղտոտ օդ է շնչելու։

Տագնապալի պատկերն ամբողջացնում են բժշկները։ Մարդկանց առողջության վրա օդի աղտոտվածության հետևանքների մասին անդրադարձներում նրանք ահազանգում են, թե ինչ վտանգավոր և մահացու հիվանդություններ կարող են զարգանալ աղտոտված օդի ազդեցությամբ։

Զավեշտի գագաթնակետ էլ ՀՎԿԱԿ-ի խորհուրդն է օդի աղտոտվածության պարագայում. «Մնացեք փակ տարածքում։ Փակեք դռներն ու պատուհանները, զերծ մնացեք ֆիզիկական ակտիվությունից դրսում՝ խուսափեք մարզվելուց, երկար քայլելուց»։

Սարսափ տեսարանը ցրելու հարցում վճռական խոսքն ակնկալվում է քաղաքականություն որոշողից։ Վարչապետը, ՇՄ նախարարը, քաղաքապետը պարտավոր են գոնե խոստանալ, որ մտածում են, թե ինչ անեն, որ օդը մաքրվի ու մյուս ամիս կամ մեկ տարի հետո այսպիսի բարձր մակարդակի չլինի։

Նկատենք, որ նախորդ տարի այս շրջանում նույնպես այս խնդիրը կար։ Այս մեկ տարվա մեջ ի՞նչ են արել Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ավինյանը, որ նույն թունավոր ու աղետալի պատկերը չկրկնվի։

Օրինակ՝ ե՞րբ են ավելի անվտանգ դարձնելու շրջակա հանքերի շահագործումը, ե՞րբ են շինարարությունները Երևանում պահպանելու անվտանգության նորմերը։ Գուցե որոշ ժամանակով արգելվե՞ն շինարարությունները քաղաքում։ Գուցե որոշ ժամանակով փակվե՞ն հանքերը, մինչև բնապահպանական պահանջված պայմանները կբավարարվեն։ Քննարկվե՞լ է վտանգավոր արտանետումներ ունեցող արտադրությունների թեման, գուցե դրա՞նք փակեն։ Ինչո՞ւ բաց աղբավայրերը չեն փակվում, այլ պարբերաբար այրվում ու թունավորում օդը։ Ինչո՞ւ հեծանվային ուղիներ չեն առանձնացնում քաղաքում։ Այս հարցերի պատասխանները չկան։

Փոխարենն ամեն տարի այս օրերին, երբ քաղաքը հայտնվում է կարմիր գոտում, հիշում են այս խնդրի մասին, անվրդով դեմքերով հայտարարություններ անում, խմբակային ասուլիսներ հրավիրում և գործն ավարտածի նման հանգիստ գնում տուն։ Օրինակ՝ Տիգրան Ավինյանը խնդրի լուծման ուղիներ նախանշելու, համապատասխան հանձարարություններ տալու փոխարեն՝ ժողովրդին է հանդիմանում աշնան տերև այրելու համար, կարծես՝ ամեն ինչ նորմալ է, ու եթե տերև չայրեն, ապա օդի աղտոտվածության մակարդակը չի անցնի կարմիր գոտին, Երևանը չի հայտնվի ամենակեղտոտ օդ ունեցող քաղաքների հիթ շքերթի առաջին հորիզոնականներում։

Սա հիրավի ծաղր է, արհամարհանք ժողովրդի, մարդու, նրա առողջության նկատմամբ։ Այսպիսի անպատասխանատու վերաբերմունքն ապշեցուցիչ է։ Անկախ և ժողովրդավար երկրի իշխանությունն այսպիսի վերաբերմունք չի կարող ունենալ ժողովրդի ու բնության նկատմամբ։

Եթե Ավինյանն ու Փաշինյանը ցանկություն ունենային իջեցել Երևանում օդի աղտոտվածության մակարդակը, ապա կմատնանշեին այն խնդիրները, որոնք լուծելու արդյունքում օդը կարող է աստիճանաբար մաքրվել առաջիկայում։ Օրեր առաջ Փաշինյանը հույս էր հայտնում, որ 2050-ին լողի չեմպիոն կունենա Հայաստանը։ Իսկ օդի աղտոտվածության խնդրի պարագայում նույնիսկ չեն էլ երազում, որ 10 տարի հետո Երևանի օդն այսքան թունավոր չի լինի նոյեմբեր ամսին։

Ահա՝ այստեղ առաջ է գալիս ենթադրություն, որ ՔՊ-ական իշխանությունները մտածում են միան փողի մասին։ Եթե մի քիչ էլ մարդու և բնության մասին մտածեին, ապա այս իրավիճակը չէր լինի։ Մեկ այլ ենթադրությամբ էլ նրանք այնքան ապաշնորհ են, որ նույնիսկ չեն էլ պատկերացնում, թե ինչ անեն, որ օդը մաքրվի։

Մի խոսքով՝ երևանցին թունավոր օդ է շնչելու նաև առաջիկա օրերին։ Օդի աղտոտվածության դեմ պայքարի միակ գործիքը քամին է։ Նրա վրա է ժողովրդի հույսը։ Գուցե ամենազոր քամին սրբի նաև փողասեր ու ապաշնորհ չինովնիկների՞ն ու նրանց փոխարեն բնության ու ժողովրդի հետ ներդաշնակության մեջ գոյող իշխանություն բերի։

Թաթուլ Մկրտչյան