Միտք Ներքին 6 ամիս առաջ - 09:30 26-11-2025

Դրսից այլանդակ պատկեր է երևում. մի օր էլ կտեսնեն՝ եկեղեցին չկա

Չնայած՝ Նիկոլ Փաշինյանը խոսում է հոգևոր նորոգման երևույթների մասին, սակայն զուգահեռաբար՝ Փաշինյան-Գարեգին Բ հակամարտությունը խորանում է, սպառնալով վերաճել հոգևոր իրական ճգնաժամի։

«Սիրելի հավատացյալներ‚ ուրախ ենք հայտնել‚ որ այս կիրակի՝ նոյեմբերի 30-ին‚ ժամը 11:00-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի հրավերով պատարագ կմատուցի Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը»,- Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու էջում տարածված այս հաղորդագրությունը մի կողմից ուրախություն, մյուս կողմից տագնապ է առաջացրել հանրության շրջանում։ Ասեկոսե է տարածվում, որ Նիկոլ Փաշինյանն առաջիկա կիրակի այցելելու է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի պատարագի։

Եթե մինչև վերջերս միայն Նիկոլ Փաշինյանն ու նրա համակիրներն էին հայհոյում, վիրավորական բաներ ասում հոգևորականների հասցեին, ապա հիմա Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի մասին են վատ բաներ ասում որոշ գործիչներ։ Շաբաթներ առաջ ՔՊ-ական մամուլում հրապարակվեց գաղտնի նկարահանված սկանդալային տեսանյութ բարձրաստիճան հոգևորականի մասնակցությամբ։ Հիմա էլ ոչ պակաս վիրավորական ձայնագրություններ են տարածվում Փաշինյանին սատարող, նրան ողջունող հոգևորականների վերաբերյալ։ Զուգահեռաբար՝ ՔՊ-ականներն են շարունակում վատ բաներ խոսել Գարեգին Բ-ի և բարձրաստիճան հոգևորականության մասին։

Այս փոխհրաձգությունը վտանգավոր է։ Գուցե ներսում գտնվողները չեն տեսնում, բայց կողմնակի հայացքի ներքո խայտառակ պատկեր է բացվում։ Դրսից նայողը կարող է հավատալ և՛ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների, և՛ Գարեգին Բ-ի ու ընդդիմադիր գործիչների վատաբանություններին։ Դրսից նայողի աչքին ձևավորվում է պատկեր, թե հայ հոգևորականները կգբ-ական, անհավատ, անսկզբունք, ծախված, անբարոյական, այլասերված, ահաբեկիչ և այլ հակամարդկային որակի մարդիկ են։ Իսկ եկեղեցին էլ անկառավարելի, հեղինակություն չճանաչող, պառակտված, ՀՀ իշխանության հետ անհաշտ և շատ արատներ ունեցող ձևական կառույց է։

Հոգևորականներին հայհոյող ու եկեղեցին հեղինակազրկող Նիկոլ Փաշինյանն ու Փաշինյանին սատարող հոգևորականներին վատաբանողներն ու նրանց ձայնակցողները գիտակցո՞ւմ են, թե ի՞նչ են անում, ինչի՞ նման է դառնում եկեղեցին դրսից նայողի աչքում։ Գուցե միմյանց ոչնչացնելու մոլուցքի տրվածները չեն նկատում, բայց դրսից նայելու պարագայում երևում է, որ այս հակամարտությունը կա՛մ արհեստական է, հրահրված թշնամիների կողմից, կա՛մ հակամարտող կողմերը կորցրել են ողջամտությունը։

Եթե այս անտոգոնիզմը շարունակվի, ապա չի բացառվում, որ եկեղեցին կքայքայվի ու իրապես կկորցնի հեղինակությունը։ Ու եթե մի օր ինքնամոռաց հակասության մեջ ներքաշվածները շրջվեն, ապա կտեսնեն, որ արդեն չկա այն թանկը, ինչի համար իրար հետ կռվում էին։ Կտեսնեն, որ եկեղեցի չունեն, այն փոքրացել է ու այնքան հեղինակազրկվել, որ ոչ ոք չի ուզում հոգևորական դառնալ, զբաղեցնել պատասխանատու դիրք եկեղեցում։

Կարճ ասած՝ Փաշինյան-Գարեգին Բ փոխհրաձգության արդյունքում խորացող հոգևոր ճգնաժամն անխուսափելիորեն հանգեցնելու է եկեղեցու քայքայմանը, քանի որ հոգևոր ճգնաժամն օրեցօր խորանում է։ Հանրության մի մասը թյուրիմացբար կարծում է, թե այս հակամարտությունն իրեն չի առնչվում։ Հարկ է, սակայն, հաշվի առնել, որ եթե հիմա թիրախավորում են հոգևորականներին ու նրանց ընտանիքի անդամներին, ապա առաջիկայում փոխհրաձգության թիրախում կարող են հայտնվել հավատացյալները, վերջում՝ աթեիստները։ Այլասերվածությունը սովորական բան կդառնա, արժեքները կիմաստազրկվեն, յուրաքանչյուրը կունենա իր Աստվածը, մարդիկ դարձյալ կբաժանվեն տեսակների ու կատեն միմյանց, իսկ վերջում այն ամենն, ինչ իրենց միավորում է, այդ թվում՝ պետությունը։

Այսինքն՝ հոգևոր ճգնաժամի արդյունքում հասարակությունը բարոյապես քայքայվում է, ինչն էլ հանգեցնում է պետության քայքայմանը։ Այս տեսանկյունից Փաշինյան-Գարեգին Բ հակամարտությունը եկեղեցու ներքին խնդիրը չէ, այլ ազգային անվտանգային իրական սպառնալիք։ Հետևապես՝ հանրային հեղինակությունները պետք է ամոթանք տան, սաստեն անդաստիարակ ՔՊ-ականներին և նրանց, որոնք յուղ են լցնում ու թեժացնում այս հակամարտությունը, նպաստում հասարակության բարոյական սյուների քայքայմանը, ստեղծում ազգային անվտանգային իրական սպառնալիք։

Թաթուլ Մկրտչյան