Միտք Ներքին 8 ամիս առաջ - 16:00 21-11-2025

Ո՞վ է երկիրը պահել թակարդում, և ո՞վ պիտի դուրս մղվի դաշտից

Ուրախալի հայտարարություն է արել Նիկոլ Փաշինյանը նախօրեին։ «Իմ կարծիքով՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները պետք է լինեն հետևյալի դրսևորումը. նախորդող շրջանի քաղաքական էլիտայի բոլոր ներկայացուցիչները, որոնք Հայաստանն առաջնորդել են և տարել են դեպի թակարդ և պահել են թակարդում, այդ ընտրությունների արդյունքում բոլորը պետք է դուրս մղվեն և այլևս գործ չունենան քաղաքական դաշտում»,- ասել է նա նոյեմբերի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում։

Ու՞մ նկատի ունի Փաշինյանը, ովքե՞ր են քաղաքական էլիտայի ներկայացուցիչները, ովքե՞ր են երկիրը պահել թակարդում և ովքե՞ր պետք է դուրս մղվեն ասպարեզից։

Քաղաքական էլիտայի ներկայացուցիչները նրանք են, որոնք զբաղեցնում քաղաքական բարձր պաշտոններ, քաղաքականություն են որոշում կամ ազդում քաղաքականության որոշման վրա։ ՀՀ-ում քաղաքական էլիտայի ներկայացուցիչ են՝ ՀՀ նախագահը, նախարարները, պատգամավորները, ավագանու անդամները, քաղաքական առաջնորդները, հանրային հեղինակություն վայելող քաղաքական գործիչները։

Նիկոլ Փաշինյանը 2007-ից քաղաքական էլիտայի ներկայացուցիչ է։ Այդ տարի նա առաջին անգամ առաջին համարով մասնակցել է ԱԺ ընտրություններին «Իմպիչմենտ» դաշինքով։ 2008-ին նա համաժողովրդական շարժման հռետորներից էր։ 2012-ին պատգամավոր է ընտրվել ՀԱԿ դաշինքի ցուցակով, 2017-ին վերընտրվել «Ելք» դաշինքով։ 2018-ից ՀՀ վարչապետն է։

Ոմանց կարծիքով՝ Փաշինյանի ակնարկած նախորդող շրջանը 2026-ին նախորդող շրջանն է։ Ոմանք էլ կարծում են, թե այդ նախորդող շրջանը 2018-ից առաջ է։ Երկու դեպքում էլ Փաշինյանը էլիտայի ներկայացուցիչ է եղել։ Այսինքն՝ Փաշինյանը մասամբ համապատասխանում է դուրս մղվողների չափանիշներից մեկին, քանի որ նա 2007-ից քաղաքական էլիտայի ներկայացուցիչ է, իսկ 2018-ից՝ էլիտայի ամենաբարձր ներկայացուցիչը։

Փաշինյանի հայտարարության մեջ փոխաբերական իմաստով կիրառված «թակարդ» բառը վերծանման ենթակա է։ Տարածված տարբերակները երկուսն են՝ ռուսամետ կուրսն ու Արցախի հարցը։

Շատերը կարծում են, թե ՀՀ իշխանությունների ռուսամետ դիրքորոշման, անկախության ու ժողովրդավարության դիրքերից նահանջի պատճառով է Հայաստանը հայտնվել թակարդում, և տեղի են ունեցել աղետալի պարտություններն ու կորուստները։ Եթե ռուսամետ դիրքորոշումն է թակարդը, ապա Փաշինյանը 2018-2022-ին, իր խոստովանմամբ՝ եղել է ֆորպոստի վարչապետ։ Այդ ժամանակ նա վառ ռուսամետ կուրս է վարել, Սիրիա զորք է ուղարկել, մերժել Արևմուտքի գործընկերային առաջարկները, միջազգային հարթակներում բացահայտ սպասարկել ռուսական շահերը և այլն։ Այսօր էլ Փաշինյանը շարունակում է նույն կուրսը՝ Մայիսի 9-ին գնում է Մոսկվա պառադի, ո՛չ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում է ընդունում, ո՛չ ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնում, ո՛չ էլ ռուսական ռազմակայանը դուրս հրավիրելու հարց բերում օրակարգ։ Նույնիսկ խորհրդային բռնազավթման տարիներին անվանակոչված տեղանունները հայացնելու նախաձեռնություն չկա։ Այս առումով՝ կարելի է ասել, որ Փաշինյանը ՀՀ-ն դեռ պահում է թակարդում՝ ռուսական ազդեցության գոտում։ Ուստի՝ որպես ՀՀ-ն թակարդում պահող էլիտայի ներկայացուցիչ, նա պետք է դուրս մղվի քաղաքական դաշտից։

Փաշինյանը մի քանի անգամ ակնարկել է, որ Հայստանը Արցախի ինքնորոշման իրավունքը պաշտպանելով հայտնվել է թակարդում։ Անկախանալուց ի վեր Հայաստանը պաշտպանել է Արցախի ինքնորոշման իրավունքը։ 2018-2020-ին Փաշինյանը, որպես ՀՀ վարչապետ, էլիտայի ամենաբարձր ներկայացուցիչ, պաշտպանել է Արցախի ինքնորոշման իրավունքը։ Եթե նախկինները մինչև 2018-ը ՀՀ-ն տարել են դեպի թակարդ, պահել թակարդում, ապա Փաշինյանը 2018-2022-ը Արցախի հարցում սկզբունքային դիրքորոշում չի փոխել և ՀՀ-ն, իր բառերով ասած՝ տարել դեպի թակարդ, պահել թակարդում։ Աելին՝ նախկինները լավ թե վատ բանակցում էին, զիջումների պատրաստակամություն հայտնում, քննարկում փոխզիջումային առաջարկները։ Իսկ Փաշինյանը անզիջում է կանգնել Արցախի պաշտպանության դիրքերում։ Նա է Ստեփանակերտի հրապարակում գոռացել «Արցախը Հայաստան է, և վե՜րջ»։ Այսինքն՝ խորացրել է Հայաստանը թակարդում։ Ուստի նա 2026-ին պետք է դուրս մղվի քաղաքական դաշտից, տեղ չունենա էլիտայի շարքերում՝ ԱԺ-ում, Կառավարությունում։ Լավագույն պարագայում նա կարող է զբաղվել իր նախկին գործով՝ լրագրությամբ և այդ դիրքից առնչվել քաղաքականությանն ու քաղաքական էլիտային։

Պարզ ասած՝ նոյեմբերի 20-ի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը լավատեսություն է ներշնչում, որ եթե ընտրողը նրա ասածը լուրջ ընդունի, ապա ՔՊ-ին ձայն չի տա, ոչ միայն չներելով նրա աղետալի սխալները, որոնց արդյունքում եղան ազգային ողբերգություններ, այլև այն պատճառով, որ Փաշինյանը տարիներ շարունակ պարել է ռուսական երգի տակ, ոչմիթիզականություն դրսևորել, մերժել Արևմուտքի գործընկերային առաջարկները, Արցախի հարցում բանակցային առաջարկները, այսինքն՝ Հայաստանը պահել է թակարդում։ Եվ եթե ընտրողը վարվի այնպես, ինչպես ակնկալում է Փաշինյան վերը մեջբերված հայտարարության մեջ, ապա 2026-ին նա և իր սիրելի նախկինները, որպես Հայաստանը թակարդում պահած քաղաքական էլիտայի ներկայացուցիչներ, ձեռք ձեռքի դուրս կմղվեն քաղաքական դաշտից, տեղը զիջելով անկախության և ժողովրդավարության ջատագով ուժերին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել