Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեն բողոքի նամակ է ուղղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և Գնահատման և թեստավորման կենտրոնին (ԳԹԿ).
Հարգելի՛ տիկին նախարար,
Ներկայացնում ենք 2025 թ․ հասարակագիտության կամավոր ատեստացիայի թեստավորման ընթացքում արձանագրված բովանդակային, մեթոդաբանական և ընթացակարգային խախտումները, որոնք հանգեցրել են թեստի արդյունքների անօբյեկտիվ գնահատման և մասնագիտական պահանջների խաթարման։ Ստորև ամփոփված բոլոր դիտարկումները հիմնված են պետական կողմից հաստատված դասագրքերի հստակ ձևակերպումների վրա և փաստացի հակասում են քննության օրը ընդունված «ճիշտ» պատասխաններին։
1. Գոյաբանության վերաբերյալ առաջադրանքի մասնագիտական սխալ
Առաջադրանքը ենթադրում էր նշված պնդումներից ընտրել գոյաբանությանը վերաբերվող ձևակերպումները։ «Ճիշտ» համարված պնդումներից մեկը իրականում իմացաբանության սահմանում է։
(Հղում — Հասարակագիտություն, 12-րդ դասարան, Տիգրան Մեծ, 2023, էջ 14)
2. Ֆինանսական ծառայությունների առաջադրանքի անհամապատասխանություն դասագրքային նյութին
Թեստում լիզինգը ներկայացված էր որպես ֆինանսական ծառայության տեսակ, մինչդեռ դասագրքային սահմանմամբ այն վարկի ձև է և չի դասվում ծառայությունների հիմնական տեսակների շարքում։
(Հղումներ — Զանգակ, 10-րդ դասարան, 2024, էջ 94 և 107)
3. Մտավոր գործողությունների վերաբերյալ առաջադրանքի բովանդակային թերացում
Դասագրքի համաձայն մտածողության հիմնական գործողությունների շարքում ներառված է նաև «համեմատությունը», որը թեստում բաց էր թողնված՝ առաջացնելով բովանդակային խեղաթյուրում։
(Հղում — Զանգակ, 8-րդ դասարան, 2024, էջ 101)
4. Դատավորի պաշտոնի համատեղելիության վերաբերյալ թերի ձևակերպում
Առաջադրանքի մեջ տրված պնդումը սահմանված էր անավարտ նախադասությամբ, սակայն այն ընդունվել էր որպես լիարժեք և «ճիշտ» պատասխան։
(Հղում — Տիգրան Մեծ, 11-րդ դասարան, 2022, էջ 51)
5. Կոնֆլիկտների դասակարգման վերաբերյալ սխալ
Ըստ դասագրքի՝ կոնֆլիկտների դասակարգման մեջ առկա է նաև «միջանձնային» տեսակը, որը թեստում բացթողնված էր, ինչի հետևանքով առաջադրանքը սխալ է գնահատվել։
(Հղում — Զանգակ, 8-րդ դասարան, 2024, էջ 115)
6. Ուղեցույցին չհամապատասխանող առաջադրանք («համապատասխանեցում»)
Թեստում ներառվել էր համապատասխանեցման առաջադրանք, մինչդեռ 2025 թ․ կամավոր ատեստացիայի ուղեցույցում այդ տեսակ առաջադրանք նախատեսված չէ։
Բացի այս, թեստում ներկայացված պնդումների փնջերը չեն համապատասխանում ուղեցույցում բերվող կառուցվածքային օրինակներին՝
– վերցված են տարբեր թեմաներից և տարբեր դասագրքերից,
– բարդության մակարդակները անհամաչափ են,
– կառուցվածքային տրամաբանությունը խախտված է։
Սա չի ապահովում թեստի կանխատեսելիության, կառուցվածքային ամբողջականության և հավասար մրցակցության պայմաններ։
Ընդհանուր եզրակացություն
Վերոնշյալ բոլոր օրինակները փաստում են, որ թեստը կազմվել է ուղեցույցի պահանջներին չհամապատասխանող ձևաչափով, տեղ-տեղ՝ դասագրքային նյութին հակասող բովանդակությամբ, ինչի հետևանքով խաթարվել է թեստի գնահատման օբյեկտիվությունը։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում ենք․
1. իրականացնել մասնագիտական, անկախ և ամբողջական վերանայում՝
– թեստի բովանդակության,
– ճիշտ/սխալ պատասխանների հիմնավորման,
– ուղեցույցին համապատասխանության առումով,
2. հրապարակել պատասխանների ամբողջական հիմնավորումներն ըստ դասագրքային հղումների,
3. ապահովել բողոքարկման հստակ, հասկանալի և իրավաչափ մեխանիզմ,
4. դիտարկել արդյունքների վերանայման կամ այլ օբյեկտիվ լուծումների հնարավոր տարբերակները։
Սույն բողոքը ներկայացվում է պաշտոնական արձանագրման և ընթացք տալու խնդրանք պահանջով։