Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արա Պողոսյանը մեկնաբանեց Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցից հետո Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Արցախի հարցով բանակցությունների բոլոր փաստաթղթերը մինչև տարեվերջ կսկանավորվեն ու կներկայացվեն հանրությանը: Խոսքը, ենթադրաբար, վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ձևավորված փաստաթղթաշրջանառությանը։
«Սրանք այն փաստաթղթերն են, որոնց վերաբերյալ նախկին նախագահները մշտապես կոչ էին անում ոչ թե պարզապես հրապարակել, այլ ներկայացնել համանախագահող երկրների առաջարկները՝ Արցախի հիմնախնդրի լուծման ճանապարհին։ Դրանց թվում են Մադրիդյան փաստաթղթերը, Կազանյան հայտնի փաստաթուղթը, Լավրովի տարբերակը, ինչպես նաև 2019 թվականին Փաշինյանին առաջարկված փաստաթուղթը, որի մասին հանրությունը շատ քիչ տեղեկություններ ունի։ Մարդիկ միայն խոսակցությունների մակարդակով գիտեն, որ այն մերժվել է Հայաստանի իշխանությունների կողմից»,– ասաց Պողոսյանը։
Քաղաքագետը կարծում է, որ Փաշինյանի հայտարարությունը կարելի է դիտարկել որպես քաղաքական քայլ, որով փորձում է ցույց տալ, թե բանակցային գործընթացում Հայաստանի դիրքերը տարիների ընթացքում վատացել են։
«Նախկին նախագահները փորձում են ցույց տալ, որ անցյալում եղել են ավելի բարենպաստ առաջարկներ և հնարավորություններ։ Մինչդեռ Փաշինյանը փորձում է ապացուցել հակառակը՝ հենվելով այդ փաստաթղթերի վրա։ Ամեն կողմն էլ փորձում է դրանք ներկայացնել այն լույսի ներքո, որը սպասարկում է իր քաղաքական օրակարգը»,– նշեց նա։
Ինչ վերաբերում է փաստաթղթերի հնարավոր կեղծմանը՝ Պողոսյանը դա քիչ հավանական է համարում։
«Կեղծելու տարբերակը քիչ իրատեսական է, որովհետև դրանք միակողմանի փաստաթղթեր չեն։ Եթե դրանք պահվում են Երևանում, ապա նույն օրինակը կա նաև Վաշինգտոնում, Փարիզում, Մոսկվայում և Բաքվում։ Այսինքն՝ դրանք միջազգային շրջանառության մեջ գտնվող փաստաթղթեր են, ոչ թե տեղային։ Հնարավոր է միայն, որ դրանք մասնակի կհրապարակվեն՝ համապատասխան կողմի նպատակահարմարությունից ելնելով»,- ընդգծեց քաղաքագետը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ փաստաթղթերը չեն հրապարակվում հիմա, այլ սպասվում է տարեվերջին, Պողոսյանը հիշեցրեց Փաշինյանի պարզաբանումը։
«Վարչապետը, կարծես, նշել էր, որ մինչև տարեվերջ ԵԱՀԿ Մինսկի խումբը վերջնականապես կլուծարվի, և այդ ժամանակ կողմերը այլևս կոնֆիդենցիալության պահպանման պարտավորություն չեն ունենա»,- նշեց նա։
Պողոսյանը համոզված է, որ Ադրբեջանը որևէ պարագայում չի անդրադառնա այդ փաստաթղթերին․
«Ալիևը բազմիցս հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը անպիտան կառույց է, որը պետք է ուղարկվի պատմության աղբարկղ։ Եթե նա հղում կատարի այդ փաստաթղթերին, կնշանակի ընդունել այդ կառույցի գոյությունը և ազդեցությունը, ինչը հակասում է Բաքվի ներկայիս քաղաքական դիրքորոշմանը։ Ադրբեջանի համար Մինսկի խումբը երբեք չի եղել այն հարթակը, որտեղ պետք է լուծվեր Արցախի հարցը։ Այն օգտագործվել է պարզապես ստատուս քվոն պահպանելու և ռազմական լուծման պատրաստվելու համար»,– եզրափակեց Արա Պողոսյանը։