Ուղիղ եթեր
Միտք Ներքին 7 ամիս առաջ - 09:30 07-11-2025

Կրքոտ հարց վարչապետին. ե՞րբ է ՀՀ-ից դուրս հրավիրվելու ռուսական ռազմաբազան

Կրքոտ հարցերի կարոտ է զգո՞ւմ Նիկոլ Փաշինյանը։ Նոյեմբերի 6-ին նա մարտահրավեր է նետել լրատվամիջոցներին, հանդիմանելով վերջիններիս, որ հարցուպատասխանն անկիրք է անցնում։

«Ինչքան սարսափազդու են մի շարք լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում վերնագրերը, ահազանգերը, գնահատականները, այնքան ավելի անկիրք են անցնում մեր հարցուպատասխանները լրագրողների հետ։ Ընդ որում, սա միայն այսօրվա մասին չէ, արդեն տևական ժամանակ է, ինչը նշանակում է, որ սոցիալական ցանցերում, որոշ լրատվամիջոցներում բարձրացվող փոթորիկները պարզապես արհեստածին են, ֆեյք են, հակառակ դեպքում այդ բոլոր ահազանգերը կգային ու կդառնային հարցուպատասխանի նյութ»,- իր էջում հայտարարել է նա։

Ինչո՞ւ է Փաշինյանն այսպիսի ընդհանրական մեղադրանք վերագրում մամուլին։

Նախ՝ սա տղայական մոտեցում է։ Այսինքն՝ «տղա՞ ես, արի, դեմս կանգնիր, նույն բանն ասա»։ Եթե մամուլում բարձրացված ամեն հարց նաև դեմ առ դեմ հարցուպատասխանի թեմա պիտի դառնա վարչապետի հետ, ապա մամուլի իմաստը ո՞րն է։ 21-րդ դարում այսպիսի մոտեցումը սարսափեցնող է։

Սա նաև անհիմն ընդհանրացում է, սադրանք, որի ենթադրյալ խնդիրն է ուշադրություն սևեռել ՔՊ առաջնորդի վրա։ Նա, հավանաբար, ակնկալում է, որ այս ընդհանրական մարտահրավերը կընդունեն շատ լրագրողներ, կրքոտ հարցեր կտան, դրանց պատասխանելու և ընդդիմադիրներին ջախջախելու հնարավորություն կընձեռեն։

Այսինքն՝ պարզ է, որ Փաշինյանի այս հայտարարությունը նախընտրական տրամաբանության մեջ է։ Առանց կոնկրետ անուններ տալու, լրատվամիջոցների հրապարակումներն արհեստածին ու ֆեյք որակելով, փորձ է արվում նաև տպավորություն ստեղծել, թե ազատ մամուլի հրապարակումները Փաշինյանի և ՔՊ-ի սխալների, ստերի, ապապետական խոսույթի մասին չեն համապատասխանում իրականությանը։ Ու եթե մարդիկ հարցնեն, թե ինչու Փաշինյանը չի անդրադառնում մամուլում բարձրացված կարևոր հարցերին, ՔՊ-ի ու Փաշինյանի մասին հրապարակումներին, քննադատություններին, ապա նա կարող է պատասխանել, թե իրենց մասին ազատ մամուլի բոլոր հրապարակումները ֆեյք են։

Անկիրք հարցուպատասխանը նաև օբյեկտիվ պատճառ ունի։

Մինչ օրս Oragir.News-ի հարցերին Նիկոլ Փաշինյանը չի պատասխանել։ Օրինակ՝ Oragir.News-ը տարիներ շարունակ չի հրավիրվել Փաշինյանի ասուլիսներին։ Փաշինյանի միջնորդավորված ասուլիսներին Oragir.News-ի ուղարկած հարցերը չեն հնչեցվել հարցազրուցավարի կամ խոսնակի կողմից։ Փաշինյանին, վարչապետի մամուլի խոսնակին Oragir.News-ի ուղղած գրավոր հարցումները պատասխան չեն ստանում։ Այսինքն՝ Oragir.News-ը Փաշինյանին հարց տալու հնարավորություն փաստացի չունի։

Հավանաբար՝ միայն Oragir.News-ի նկատմամբ չէ այսպիսի խտրականություն կիրառվում։ Եթե վարչապետը կրքոտ հարցուպատասխանի ցանկություն ունի, ապա նախ կարող է վերացնել այս փոքրոգի խտրականությունը։ Մինչ այդ կարող է ուղղակի պատասխանել մամուլում կամ սոցցանցում բարձրացված հարցերին, իրեն ու իր կառավարությանն առնչվող քննադատություններին։

Տասնամյակներ շարունակ լրագրող Նիկոլ Փաշինյանը իր թերթի միջոցով հարցեր է ուղղել իշխանություններին և արձագանք ակնկալել։ Ինչո՞ւ է հիմա այլ բան սպասում լրատվամիջոցներից։ Oragir.News-ն այսօր իր էջերով արված հրապարակումներով, անդրադարձներով է հանրությանը հուզող հարցերն ուղղում քաղաքականություն որոշողին։ Եթե Փաշինյանը դրանք կարդում ու սարսափում է, ապա կարող է մամուլում կամ սոցցանում էլ պատասխանել։

Ի վերջո՝ եթե Փաշինյանը չի կեղծում, այլ իրոք կրքոտ հարցեր տենչում, ապա կարող է կոնկրետ պատասխանել Oragir.News-ի հետևյալ պարզ հարցին. Ե՞րբ է ՀՀ-ից դուրս հրավիրելու ռուսական ռազմաբազան։ Պարզ ասած՝ ե՞րբ է անկախության պաշտպանության շարժումն առաջնորդող Փաշինյանը դուրս հրավիրելու խորհրդային բռնազավթումը խորհրդանշող ռուսական զինվորներին և խաղաղության հաստատման իրական հիմքեր ստեղծելու։ Գուցե անկախության օրակարգի այս առաջին ու վերջին հարցին պատասխանելիս նա հասկանա, թե ինչով է ֆորպոստի վարչապետը տարբերվում ազգային գիտակցություն ունեցողից։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված