Հովհաննավանքում Նիկոլ Փաշինյանը, նրա կողքին կանգնած ՔՊ-ական, բարձրաստիճան պաշտոնյաները ծնկի են գալիս, բայց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը չի ծնկում։ Չնայած մեր եկեղեցում հավատաքննություն չկա, յուրաքանչյուրն ազատ է իր հավատի դրսևորման մեջ, այնուամենայնիվ՝ այս հանգամանքը կասկածի տեղիք է տվել։
Արայիկ Հարությունյանը աթեի՞ստ է, այլ կրոն է դավանո՞ւմ, թե՞ զզվում է եկեղեցու հատակին ծնկելուց։
1735-ին Նադիր շահը եկավ Էջմիածին, հանեց կոշիկները, մտավ եկեղեցի, ծնկաչոք աղոթեց մյուս քրիստոնյաների հետ հավասար։ Սրանից հետո կաթողիկոսը կոչ արեց հայ մելիքներին աջակցել Նադիր Շահին Հայաստանն ազատագրելու արշավանքում։ Հայ մելիքները 6 գումարտակ կազմավորվեցին ու մասնակցեցին Հայաստանի ազատագրմանը ռուս-թուրքական բռնազավթումից։ Արդյունքում ձևավորվեցին Խամսայի մելիքությունները, հայկական յուրատեսակ ինքնավարությունը՝ Մելիք Եգանի գլխավորությամբ։
Այս պատմական օրինակը վկայում է, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի՝ այլ կրոն դավանելու մասին կասկածն անտրամաբանական է։ Նույնիսկ, եթե նա այլ կրոնի հետևորդ լիներ, միևնույն է՝ կարող էր ծնկել ու աղոթել, ինչպես Նադիր շահը։ Իրական հավատացյալը բոլոր տաճարներն էլ համարում է Աստծո տուն և անկաշկանդ կարող է ծնկել ու աղոթել։
Արայիկ Հարությունյանին ճանաչողների վկայությամբ՝ նա բազմիցս հայտարարել է, թե աթեիստ է: Եթե այդպես է, ապա նա Հովհաննավանքում էր ոչ թե պատարագին մասնակցելու, այլ Նիկոլ Փաշինյանին ուղեկցելու համար։ Եթե իրոք աթեիստ է, ապա կարող էր բացատրել իր համոզմունքները Փաշինյանին և չգալ Հովհաննավանք, կամ գալ ու չմտնել ներս, սպասել դրսում մի պատի տակ։ Հետաքրքիր է՝ Փաշինյանը անտեսե՞լ է աշխատակազմի ղեկավարի աթեիստ լինելու պարագան ու ստիպել նրան ուղեկցել իրեն։
Օգոստինոս Երանելին երիտասարդ տարիքում հարել է մանիքեականությանը, իսկ ավելի ուշ՝ նեոպլատոնականությանը։ 386-ին Օգոստինոսը կնքվում է որպես քրիստոնյա, հետո դառնում եպիսկոպոս։ Օգոստինոս Երանելու «Խոստովանությունը» մեծ նշանակություն է ունեցել քրիստոնեության տարածման գործում։ Եթե Արայիկ Հարությունյանը դարձի է եկել, ապա նրա խոստովանությունը ևս կարող է ամրացնել քրիստոնյաների հավատն ամբողջ աշխարհում։
Ուշագրավ է նաև Մանգու խանի քրիստոնյա դառնալու պատմությունը։ 1254-ին Կարակորումում կնքվում է պայմանագիր Կիլիկյան Հայաստանի արքա Հեթում Ա-ի և Մոնղոլական կայսրության նորըտիր խան Մանգուի միջև։ Մինչ այդ՝ Հեթում Ա-ն պայմանագրի ստորագրման յոթ նախապայման էր առաջ քաշել։ Առաջին նախապայմանն այն էր, որ Մանգու խանը հրապարակավ պետք է քրիստոնյա մկրտվի։ Եվ Մանգու խանը պայմանագրի ստորագրումից մի քանի ժամ առաջ, առավոտյան շարված զորքի առաջ հրապարակավ քրիստոնյա է մկրտվում հայ հոգևարականների ձեռամբ։ Այս օրինակն էլ վկայում է, որ Արայիկ Հարությունյանը քաղաքական նպատակի համար կարող է քրիստոնյա դառնալ։
Բանն այն է, սակայն, որ հանրության մի մասի հիշողության մեջ տպավորվել է մի քանի տարի առաջ Արայիկ Հարությունյանի պարզած՝ «Աղոթք չառաջարկե՛լ, լավ աղոթել, եկել եմ» պաստառը, որտեղ հեգնական կամ ծաղրական տոն կա։ Հովհաննավանքում կամ այլ վանքերում Փաշինյանի կողքին կանգնելուց առաջ, լավ կլինի, որ հանրությունն իմանա, թե ի՞նչ է փոխվել հեգնանքով «աղոթած, եկած» մարդու և Փաշինյանի կողքին կանգնած խոնարհաբար աղոթող բարձրաստիճան պաշտոնյայի համոզմունքներում։
Այս հանրային կասկածները ցրելու համար, ենթադրելի է, որ Արայիկ Հարությունյանն առաջիկայում հրապարակավ կմկրտվի քրիստոնյա ու հրապարակավ կխոստովանի, թե ո՞վ էր մինչև Հովհաննավանքը և ո՞վ է հիմա։ Գուցե հրա՞շք է տեղի ունեցել, ու աթեիստը քրիստոնյա է դարձել։
Թաթուլ Մկրտչյան