Ուղիղ եթեր
Միտք Ներքին 7 ամիս առաջ - 15:50 20-10-2025

Հռոմում անկեղծ խոնարհվողն ազատ կարձակեր սրբազաններին

Նիկոլ Փաշինյանը Հռոմում մասնակցում կաթոլիկ հոգևորականների սրբադասման արարողությանը, իսկ Հայաստանում անխնա կալանավորում բարձրաստիճան հոգևորականներին։

Սա՝ անձի երկվությո՞ւն է, թե՞ կեղծավորություն։

Անձի երկվությունը հազվադեպ հանդիպող հոգեկան խանգարում է, մարդու անհատականությունը կիսվում է։ Մարդու մեջ, կարծես՝ երկու «ես» է բնակվում։ Մարդը մի իրավիճակում առաքինի վարք է դրսևորում, նման մեկ այլ դեպքում՝ անբարոյական։

Փաշինյանը ՀՀ-ում հոգևորականի հանդեպ ատելություն է դրսևորում, Ֆեյսբուքում հայհոյախառն գրառում անում։ ՀՀ-ում սրբազանները քրեական հետապնդումների են ենթարկվում։ Սպասվում է, որ Գարեգին Բ-ն ևս ներգրավվելու է քրեական վարույթում։ Ենթադրելի էր, որ դրսում ևս Փաշինյանը պետք է ատելություն, անհարգալից վերաբերմունք դրսևորեր հոգևորականի հանդեպ։ Սակայն նա հոկտեմբերի 19-ին Հռոմում մասնակցեց սրբադասման արարողությանը, խորնարհվեց հոգևորականի, նրա արարքի առաջ։

Սա բացառություն չէ։ Փաշինյանը հակասական վարք է դրևորում նաև այլ հարցերում։ Հունիսի 14-ին, Բռնադատվածների հիշատակի օրը, քաղաքացիներն այցելում են Երևանում գտնվող բռնադատվածների հուշահամալիր, ծաղիկ խոնարհում կոմունիզմի զոհերի հիշատակին, հարգանքի տուրք մատուցում։ Փաշինյանը ոչ մի անգամ մի ծաղիկ չի խոնարհել, հիշատակի խոսք չի ասել Հունիսի 14-ին։ Բայց այս տարի ապրիլին նա Էստոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելել է Տալլինում գտնվող Կոմունիզմի զոհերի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել հուշապատի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Կոմունիզմի զոհերի հիշատակին։

Նկատենք, որ 1949-ի հունիսի 14-ին Հայաստանից, ըստ պաշտոնական տվյալների՝ Սիբիր են աքսորել 13 հազար հոգու։ Նույն օրը մոտ նույնքան էլ աքսորել են Էստոնիայից։ Ե՛վ Հայաստանում, և՛ Էստոնիայում խորհրդային բռնազավթման շրջանում սպանվել, աքսորվել են բազմաթիվ հոգևորականներ, մտավորականներ, սպաներ։ Փաշինյանը Էստոնիայում այդ զոհերի հիշատակը հարգում է, ծաղիկ է խոնարհում, իսկ Հայաստանում չի անում։

Եթե Փաշինյանի մոտ անձի երկվություն է, այսինքն՝ ԱՊՀ տարածքում նա մի մարդ է, իսկ ազատ աշխարհի երկրներում լրիվ այլ համոզմունքներով, դիրքորոշումներով անհատ, ապա ազնիվ չէ նրան կեղծավորության մեջ մեղադրելը։ Հոգեբույժը կարող է ապացուցել, որ հենց նրա ոտքն ընկնում է Եվրոպա, ապա նա այլ մարդ է դառնում, մոռանում հայ հոգևորականին ատողին ու դառնում Աստծո ծառային հարգող քաղաքական գործիչ։

Սակայն ընդդիմախոսները կարծում են, թե Փաշինյանը անձի երկվությամբ հիվանդ չէ, այլ պարզապես կեղծում է։ Դրսում ձևացնում է, թե հարգում է հոգևորականի վաստակը, հարգում է խորհրդային բռնազավթման շրջանում զոհերի հիշատակը։ Իսկ ներսում անում է հակառակը՝ արհամարհում է կոմունիզմի զոհերի հիշատակը, ատում հոգևորականին, նրա վաստակը, հայհոյախոսում է, ատելություն շաղ տալիս, ազատազրկում թեմակալ առաջնորդներին։ Տվյալ դեպքում՝ կասկածելի է, որ Փաշինյանը Հռոմում անկեղծ էր։ Այսինքն՝ Արևմուտքում նա ձևացնում է, թե ժողովրդավար է և ձգտում է ազատ աշխարհի հետ համահունչ, ներդաշնակ լինել։

Տեղին է նկատելը, որ որոշ հանրային, պետական գործիչներ Գարեգին Բ-ին ու հայ հոգևորականներին հանդիմանում են ռուսական շահեր սպասարկելու, ռուսամետ գործիչներին սատարելու համար։ Եթե Կրեմլի ագենտ լինելը հանցագործություն է, ապա նույն մարդիկ ինչո՞ւ են լռում, երբ Փաշինյանն անտեսում է խորհրդային բռնաճնշումների զոհերի հիշատակը։ Կամ ինչպե՞ս կարող է խորհրդային բռնաճնշումները չդատապարտողն այսօր հանդիմանել հոգևորականին ռուսական գործիք դառնալու մեջ։ Ավելին՝ օրինաչափ է, որ մարդկության դեմ կատարված հանցագործությունները չդատապարտողն այսօր հալածում է հոգևորականին։

Մի խոսքով՝ եթե Փաշինյանն անկեղծ էր հոկտեմբերի 19-ին խոնարհվում Հռոմում, ապա առաջիկա օրերին ազատ կարձակի սրբազաններին, կխոնարհվի հայ հոգևորականի առաջ։ Եթե ազատ չարձակի, ապա հիմք կտա կասկածելու, որ անձի երկվության խնդիր կա։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված