Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հոկտեմբերի 16-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Հակակոռուպցիոն դատարանը 30 օրով երկարացրել է բարերար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը: Այս մասին հայտնում են նրա փաստաբանները: Դատարանը երկու օր քննությունից հետո այսօր գիշերն է հեռացել առանձին սենյակ՝ որոշում կայացնելու: Քննչական կոմիտեն միջնորդել էր 2 ամիս ժամկետով երկարացնել Կարապետյանի խափանման միջոցը, բայց դատարանը, փաստորեն 1 ամսով է բավարարել:Հիշեցնենք, որ 2025 թվականի հունիսի 17-ից Սամվել Կարապետյանը գտնվում է անազատության մեջ՝ այն բանից հետո, երբ նա հրապարակային աջակցություն հայտնեց Հայ Առաքելական եկեղեցուն։ Քննչական կոմիտեում քննվող գործի շրջանակներում նրան մեղադրվում են իշխանությունը զավթելու հրապարակային կոչ հնչեցնելու և փողերի լվացման համար։ Երկու մեղադրանքն էլ չի ընդունում։ Նրա փաստաբանները բազմիցս հայտարարել են, որ Կարապետյանի նկատմամբ հետապնդումը սկսվել է քաղաքական դրադապատճառներով։Կարապետյանի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը քննում է դատավոր Վահե Դոլմազյանը։ Միջնորդության քննության ընթացքում ատարանի դիմաց հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ, որոնք պահանջում են ազատ արձակել բարերարին։
Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը երկու ամսով կալանավորվեց: Մեկ ամսով կալանավորվել է Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին Արսենյանը։ Մկրտիչ Սրբազանը մեղադրվում է երկու հոդվածներով՝ մասնավորապես ընտրական իրավունքին խոչընդոտելու համար, այդ թվում՝ հանրահավաքներին մասնակցելու հարկադրանքի, որը նա, ըստ իրավապահների, իրականացրել է իր ծառայողական լիազորությունները օգտագործելով։ «Երկու հոդվածով են մեղադրում, ասում են՝ ապօրինի հավաքներին հարկադրել եք, որպեսզի մասնակցեն՝ իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով, բայց դա չի վերաբերվում մասնավոր անձին, դա ուղղակի չի վերաբերվում։ Ավելին՝ այդ հարկադրանքի փաստն էլ չկա, ուղղակի չկա, նույնիսկ Տեր Արամի ցուցմունքների մեջ չկա, որ ինձ հարկադրել է և այլն, նման բան էլ չկա։ Այս տեսակետից չկա ընդհանրապես հանցագործություն», - ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։ Սրբազանը այս մեղադրանքը չի ընդունում, թեև ինչպես փաստաբանը նշեց, եղել են ցուցմունքներ, նաև կալանքի միջնորդության մեջ է քննիչը ցուցմունքներ ներկայացրել, համաձայն որոնց իբրև թե 2021-ի ընտրությունների ժամանակ սրբազանը հոգևորականներին ասել է, որ «ում ուզում եք ընտրեք, բացի Նիկոլ Փաշինյանից»։ Փաստաբանները վստահ են, որ իշխանությունը այս կալանքի միջոցով պարզապես պատժում է Մկրտիչ սրբազանին, ով Ամենայն Հայոց կաթողիկոսի քրոջորդին է։
Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրարգրողների հետ զրույցում վստահեցրել է, որ իր կողմից Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա։ «Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցու թղթերում, որևէ տեղ գրված չէ, որ կաթողիկոսի պաշտոնում գտնված անձը և եկեղեցին նույնական են, գրված չէ, որ եպիսկոպոսը և եկեղեցին նույնական են: Հայաստանյաց Առաքելական եկեղեցու պատմության մեջ եղել են մի շարք դեպքեր, երբ կաթողիկոսը հրաժարական է տվել և գնացել: Դրա արդյունքում եկեղեցին փլուզվե՞լ է, ոչ, չի փլուզվել», - ճեպազրույցի ժամանակ ասաց նա: Պատասխանելով հարցադրմանը, թե արդյոք «հնարավո՞ր է՝ եկեղեցու վրա հարձակումը խաղաղության գործընթացի մաս է կազմում», քանի որ այդ գործողությունները համընկնում են Ադրբեջանի հոգևոր առաջնորդի քննադատություններին ՀԱԵ հասցեին, Փաշինյանն ասաց՝ դա անհնար է: Կառավարության ղեկավարը նաև վստահեցրել է, որ հոգևորականների ձերբակալությունների մասին իմացել է լուրերի թողարկումից։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը չի կիսում Նիկոլ Փաշինյանի գնահատականը՝ նշելով, որ վերջինս կիսալուսնյաց արշավանք է սկսել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ։ «Եթե ժամանակագրությամբ նայեք, կտեսնեք՝ երբվանից դա սկսեց․ երբ Մայր աթոռը և Կիլիկիո կաթողիկոսությունը միասին Շվեյցարիայում կազմակերպեցին արցախահայերի վերադարձի իրավունքի մասին խորհրդաժողով»,- լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանը։ Նա հիշեցրեց, որ դրանից հետո հայտարարությամբ հանդես եկավ Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար, շեյխ-ուլ-իսլամ Ալաշուքյուր Փաշազադեն հայտարարեց, որ Հայ առաքելական եկեղեցին ռևանշիստական քաղաքականություն է իրականացնում։ Պատգամավորի խոսքով՝ այս հայտարարությունից ժամեր անց Փաշինյանը «պատահաբար» հարձակում սկսեց հայ ազգային ինքնության սյուներից մեկի՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ։ «3 թեմակալ առաջնորդներ անազատության մեջ են․ մեկը դատապարտվել է 2 տարով, մեկի դատավարությունն ընթացքի մեջ է, երրորդին էլ որոշեցին 2 ամսով կալանավորել։ Այն դեպքում, երբ մենք տեսնում ենք, որ շատ ավելի ծանր պատիժներ նախատեսող քրեական գործերով մարդկանց ոչ միայն չեն կալանավորում, այլև անգամ տնային կալանք չեն կիրառում, ուղղակի ստորագրությամբ բաց են թողնում։ Նրա խոսքով՝ սա խտրական վերաբերմունք է, ինչը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով դիտարկվում է որպես քաղաքական հետապնդում։
Մանրամասները՝ տեսանյութում: