Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է սեպտեմբերի 9-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկանում ենք Տեր-Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից։ Ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել մասնավորապես հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակին և հարավկովկասյան տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման հրամայականին: «Առաջին նախագահը հարկ է համարել ընդգծել հետևյալը` Ռուսաստանի ներկայությունն Անդրկովկասում հույժ անհրաժեշտություն է և պատմությամբ հաստատված իրողություն: Հայաստանի ազնիվ և հուսալի բարեկամներն են Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը, Ֆրանսիան, Հունաստանը, իսկ մոտ հեռանկարում՝ Չինաստանը և Հնդկաստանը»,– ասված է հաղորդագրությունում: Տեր-Պետրոսյանն ու Կոպիրկինը հանդիպել էին նաև փետրվարի 18–ին։
Նիկոլ Փաշինյանը Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար է նշանակել Արտյոմ Սուջյանին։ «Արտյոմ Սուջյանին 2025 թվականի սեպտեմբերի 10-ից նշանակել վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար»,– ասված է փաստաթղթում։ Արտյոմ Սուջյանը 28 տարեկան է։ Նա 2022 թվականից զբաղեցնում էր արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը, 2024 թվականի հոկտեմբերին նշանակվեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական։ Նրա նախորդը՝ Լիպարիտ Դրմեյանն այս պաշտոնից ազատվել էր դեռ օգոստոսի 29-ին, քանի որ համարձակվել էր Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը հակասող տեսակետ հայտնել։ Օգոստոսի 28-ին Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասել էր. «Կառավարությունը ես եմ, չի՛ կարող որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ։ Եթե կառավարությունում մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, թող հենց հիմա դիմում գրեն ու շենքերից դուրս գան, եթե ոչ, ես իրենց կհանեմ»։ Նա այսպես էր արտահայտվել` պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե ՀԷՑ–ի մասով Ստոկհոլմի արբիտրաժի վճիռները պարտադիր կատարման ենթակա լինելու մասին հաստատել է նաև կառավարությանն առընթեր միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը, որը ղեկավարում էր Դրմեյանը։
Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու որոշումը կբողոքարկվի։ Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանն այսօր լրագրողների հետ զրույցում նկատել է. «Ներպետական արտյաններում արդյոք այսօր Սամվել կարապետյանը որպես քաղաքական հետապնդման ենթարկվող անձ ունի՞ արդյունավետ դատական պաշտպանություն, դեռ այս պահին չունի»: Ու թեև գործարար Կարապետյանը չունի այդ պաշտպանությունը, փաստաբանները չեն հրաժարվի ներպետական ատյաններում նրա կալանքի որոշման դեմ պայքարից: Կալանքը երկարաձգելու որոշումը կբողոքարկեն Վճռաբեկ դատարանում: «Մեր պրակտիկայում նման քրեական գործ այսպիսի ապօրինություններով չենք ունեցել, վստահ եմ, չենք ունենալու», - ընդգծում է Կարապետյանի փաստաբանական թիմից Լիանա Գասպարյանը:
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ ստեղծել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի վարքը քննող էթիկայի հանձնաժողով։ «Հիմք ընդունելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի անընդունելի վարքը, դրսևորած խայտառակ պահվածքը և վիրավորական արտահայտությունները մեր գործընկեր Թագուհի Թովմասյանի նկատմամբ` «Պատիվ ունեմ» խմբակցությունը` ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան դրույթների հիման վրա, հանդես է գալու պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ»,- հայտարարել է խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Հիշեցնենք՝ երեկ ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկին, Հովհաննիսյանը վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել Թագուհի Թովմասյանի հասցեին` ասելով. «Թող սեռավարակի թեստ հանձնի, որ հասկանանք՝ էդ 4 տունն իրեն որտեղից...»։ Դրանից հետո ընդդիմադիր կին պատգամավորները ՔՊ քարտուղարից պահանջել են հրապարակային ներողություն խնդրել։ Հովհաննիսյանի պահվածքը քննադատող հայտարարություններով են հանդես եկել տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող գործիչներ, այդ թվում՝ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ նշելով, որ «տականքն ուրիշ ձև չգիտի` կնոջ քաղաքական համարձակությանը պատասխանելու»։ Հովհհանիսյանը պահվածքը քննադատել է նաև «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։ Ավելի ուշ «Հայաստան» խմբակցությունը կմիանա Արթուր Հովհաննիսյանի արտահայտության համար Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն պահանջին։
Մանրամասները՝ տեսանյութում: