Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է նոյեմբերի 13-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Ազգային ժողովի նիստն այսօր սովորականից ուշ մեկնարկեց՝ քվորում չապահովելու պատճառով։ Նիստին 49 պատգամավոր էր ներկայացել, մինչդեռ քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր 54-ը։ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ գրանցումը բաց կմնա մինչև մյուս պատգամավորների ներկայանալը։ Լրատվամիջոցների կադրերում երևում է, որ սա զայրացրեց բյուջեի քննարկման համար Ազգային ժողով եկած Նիկոլ Փաշինյանին, ով վերցրեց նոութբուքն ու հեռախոսը և դուրս եկավ նիստերի դահլիճից: Խորհրդարանի նիստը մեկնարկեց մոտ 15 րոպե անց: Լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը ստեղծված իրավիճակի համար ընդդիմությանը մեղադրեց՝ պնդելով, թե վերջին 5 տարիների ընթացքում իշխող ՔՊ խմբակցությունը մենակ է ապահովում ԱԺ ամբողջ աշխատանքը, ընդդիմադիրները գրեթե նիստերին չեն գալիս։ «Ընդամենը տասը րոպե ուշացում է եղել, որոշ պատգամավորներ՝ չորսը, նորածին բալիկ ունեն, բնական է, որ կարող են ուշանալ», - ասաց նա։ Դիտարկմանը, թե ըստ տեսանյութերի՝ Փաշինյանը զայրացել էր, Սիմոնյանը հաստատեց՝ նշելով. «Ջղայնանում էր, որ չենք կարողացել այս պահին քվորում ապահովել»: Երեկ էլ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը ընդմիջվել էր, քանի որ Անդրանիկ Քոչարյանը, ով պիտի զեկույց ներկայացներ, այդ պահին դահլիճում չէր: Ալեն Սիմոնյանը 20 րոպե ընդմիջում էր հայտարարել, ինչը հարուցել էր դահլիճում գտնվող Նիկոլ Փաշինյանի դժգոհությունը։ Տեսանյութերից մեկում երևում էր, որ դահլիճ շտապած Անդրանիկ Քոչարյանը մոտենում է Փաշինյանին, թերևս փորձում բացատրել ուշացումը, բայց նա լքում է դահլիճն ու նրա ելույթի ժամանակ չի վերադառնում:
Առավոտյան դիմակավորված ուժայինները ներխուժել են «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալել նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ են արվել, առգրավվել է ամբողջ տեխնիկան։ Սամսոնյանի և Սաղաթելյանի հարցաքննությունն արդեն ավարտվել է, նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Սամսոնյանի և Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել Ալեն Սիմոնյանի հաղորդմամբ․ ըստ այդմ փոդքասթի համահեղինակներն նոյեմբերի 10-ի թողարկման ժամանակ իրեն ուղղված վիրավորական արտահայտություններ և սպառնալիք են հնչեցրել։ Ալեն Սիմոնյանը չի զղջում, որ դատի է տվել Սամսոնյանին և Սաղաթելյանին ու 6500 դոլար փոխհատուցում վճարել։ «Երբ սկսում են քննարկել որևիցե մեկի սեռական կյանքը, այդ ամենի մեջ էմոցիայից, վիրավորանքից ու զրպարտությունից զատ կա նաև քրեական բաղադրիչ, երբ սպառնում են։ Խոսքը դրա մասին է»,– մանրամասնեց Սիմոնյան՝ վստահեցնելով, որ օրենքով պատժվելու են բոլորը, ովքեր խուլիգանություն կանեն, սպառնալիքներ կհնչեցնեն։ Վերջինս բոլորին կոչ է արել` եթե ենթարկվում են նման սպառնալիքների, անպայման դիմել իրավապահներին։ «Ես չէի կարող չդիմել իրավապահներին, ես դիմել եմ ու լավ եմ արել, բա ի՞նչ պետք է անեի»,– եզրափակեց նա։ Ավելի ուշ նաև հայտնի դարձավ, որ ձերբակալվել է «Անտիֆեյք»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը՝ «Արդարադատությունը խոչընդոտելու» կասկածով։
Քննչական կոմիտեում հարցաքննվել են Արագածոտնի թեմի հոգևորականներ տեր Եղիշե քահանա Բարսեղյանն ու տեր Մուշե քահանա Վահանյանը, նրանք հրավիրվել են որպես վկաներ ՔԿ-ում քննվող նոր քրեական վարույթի շրջանակում։ Այս մասին հայտնեց տեր Մուշեի պաշտպան Արմինե Ֆանյանը։ «Այսօր հոգևորականներին վերաբերվել են ընդգծված հարգանքով։ Հարցաքննության են կանչել խտրականության և հավաքներին մասնակցելուն պարտադրելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում»,- նշեց Ֆանյանը։ Նա հավելեց՝ մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ ծանուցված է նախաքննության գաղտնիությունը պահպանելու պարտականության մասին։ Իր տեղեկություններով՝ այսօր միայն հարցաքննվել են տեր Մուշեն և տեր Եղիշեն, սակայն մոտ 1 տասնյակի հասնող հոգևորականներ են ծանուցված, այդ թվում` Արագածոտնի թեմից տեր Վրթանես քահանա Բաղալյանը, տեր Զորայր քահանա Կարապետյանը և ուրիշներ։ Ինչ վերաբերում է հոգևորականների տրամադրվածությանը, պաշտպանը նշեց՝ մարտական են։
Մանրամասները՝ տեսանյութում: