Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 20:44 17-11-2025

ՔՊ-ն Վաղարշապատում հաղթեց, Նիկոլ Փաշինյանը ոգևորվել է, Կարապետյանի կալանքը կերկարաձգվի՞․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է նոյեմբերի 17-ի լուրերը՝ Քնարիկ Սահակյանի մեկնաբանությամբ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վաղարշապատ խոշորացված համայնքում նախօրեին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները՝ բոլոր 47 ընտրատեղամասերից։ Ամենաշատ թվով ձայները ստացել է «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 15298 քվե, որը ձայների 48.5 %-ն է։ Երկրորդ տեղում «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքն է, որը ստացել է 10051 քվե կամ ձայների 31.9 %-ը։ Անցողիկ շեմը հաղթահարել է նաև նորաստեղծ «Մայր Հայաստան» կուսակցությունը, որը ստացել է ձայների 5․4%-ը։ Ընտրություններին մասնակցող մնացած 5 ուժերը անցողիկ շեմը չեն հաղթահարել, չնայած դրանցից մի քանիսը բավականին մոտ են եղել դրան։ Նոր գումարման ավագանիում ՔՊ-ն կունենա 19 մանդատ, «Հաղթանակ»-ը՝ 12, «Մայր Հայաստան»-ը՝ 2։ Սա նշանակում է, որ ՔՊ–ի թեկնածու Արգիշտի Մեխակյանը միանձնյա համայնքապետ կդառան՝ առանց որևէ ուժի հետ կոալիցիա կազմելու։ Նախնական արդյունքներով բուն Վաղարշապատ քաղաքում Արգիշտի Մեխակյանը և նրա գլխավոր մրցակցի՝ Սևակ Խաչատրյանի ստացած ձայների տարբերությունը չնչին է, այն ավելի մեծ է եղել Խոյում, որտեղ առաջատարը ՔՊ-ական թեկնածուն էր։ Վաղարշապատ համայնքը խոշորացվեց ընտրություններից ամիսներ առաջ, և համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց Արգիշտի Մեխակյանը: Դեռ այն ժամանակ ընդդիմադիրները պնդում էին, որ այդ խոշորացումն արվել է, որպեսզի ՔՊ-ն Մեխակյանին առաջադրի համայնքի ղեկավարի պաշտոնի համար՝ օգտագործելով նրա՝ Խոյում ունեցած հեղինակությունը:

Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է ՔՊ-ական թեկնածու Արգիշտի Մեխակյանին՝ ընդգծելով, որ ընտրողները վստահություն են հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և դրա քաղաքական ռազմավարությանը։ «Շնորհավորում եմ Արգիշտի Մեխակյանին Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավար ընտրվելու առիթով և վաղարշապատցիներին՝ համեստ, բայց որպես կառավարիչ իր աշխատանքի արդյունավետությունը ապացուցած Մեխակյանին ընտրելու առիթով»,– գրել է նա։ Փաշինյանն այնքան է ոգևորվել ՔՊ-ի այս հաղթանակից, որ եզրակացրել է, թե Վաղարշապատի բնակչությունը սրանով աջակցություն է հայտնում իր հակեկեղեցական արշավին։ Ըստ նրա՝ այս ընտրությամբ քաղաքացիները «լիցք են տվել» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Վեհափառից այսպես կոչված ազատելու գործընթացին»։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նաև Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ այս արդյունքը որակելով որպես «2026 թվականի համապետական ընտրությունների հնչուն նախերգանք»։ «Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հաղթելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում»,– պնդել է կառավարության ղեկավարը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) իր այսօրվա՝ նոյեմբերի 17–ի, նիստում որոշում կայացրեց չեղյալ հայտարարել ՀԷՑ–ի՝ «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։ Որոշմանը կողմ է քվեարկել հանձնաժողովի 4 անդամ, դեմ՝ 1։ Դեմ քվեարկողը ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ նախկին անդամ Արա Նռանյանն է, ով այս պաշտոնում ընտրվել է խորհրդարանական ընդդիմության քվոտայով։ Նշենք, որ այսօր արդեն երրորդ օրն էր, որ ՀԾԿՀ–ն շարունակում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էլեկտրաէներգիայի բաշխման արտոնագիրը չեղյալ համարելու օրակարգով իր նիստը։ «Տաշիր» ընկերությունների խումբը պատկանում է Սամվել Կարապետյանին, ով ձերբակալվել է Հայաստանում պետական ​​հեղաշրջման կոչ անելու մեղադրանքով։ Կարապետյանը և նրա կողմնակիցները հերքում են այդ մեղադրանքները՝ իշխանությունների գործողությունները որակելով որպես հետապնդում և Հայ Առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի մաս։ Դեռ Նոյեմբերի 11-ին ՀԷՑ-ի վերահսկիչ կոմիտեն այս որոշումն անվանել էր ընկերության բռնի զավթում՝ զգուշացնելով, որ դրա համար վճարելու է հանրությունը։ Իշխանությունները, իրենց հերթին, քննարկում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ապագայի երկու սցենար՝ ազգայնացում և մասնավորեցում՝ ընկերության կառավարմանը կառավարության մասնակցությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան