Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է սեպտեմբերի 8-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Գործարար և բարերար Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը չի բավարարել նրա պաշտպանների բողոքը։ Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը տեղեկացրեց, որ դատարանը նաև մերժել է գլխավոր դատախազության բողոքը` փողերի լվացման հիմնավոր կասկածը հաստատելու հետ կապված։ Որոշումը հրապարակվել է գրավոր ընթացակարգով: Սամվել Կարապետյանը կալանավորվել էր դեռևս հուլիսի 18-ին՝ 2 ամսով։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։ Օգոստոսի 15–ին ավելի քան 12 ժամ տևած դատական լսումներից հետո Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։
Այսօր շարունակվել է «Մարտի 1»-ի վերաբացված գործով դատավարությունը։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ մեղադրական եզրակացությունը քաղաքական փաստաթուղթ է, որ չի գրվել իրավաբանների կողմից, այն գրվել է քաղաքական սենյակներում և դրանում կան անհեթեթություններ։ Ռոբերտ Քոչարյանը հակադարձեց դեռ անցած տարի վերսկսված դատավարության ժամանակ դատախազության միջնորդությանը, որով վերջինս դատարանին առաջարկել է փոփոխել «Մարտի 1»-ի գործով իրեն առաջադրված մեղադրանքն ու իրեն ու իր նախկին ենթականերին ներկայացնել նոր` պաշտոնական լիազորություններն անցնելու մեղադրանք: «Երկու շարժառիթ կա այս մեղադրականում. ամեն գնով պահել ցանկալի իշխանությունը և երկրորդ` այն փոխանցել Սերժ Սարգսյանին․ ինձ քննիչն էլ չպատասխանեց` ինչն է ցանկալի իշխանական համակարգ, նույնիսկ դիմել եմ արհեստական բանականությանը», -հայտարարեց երկրորդ նախագահը, որը 2018-ին մեղադրվում էր սահմանադրական կարգը տապալելու հոդվածով: Այս հոդվածը Սահմանադրական դատարանը 2021-ին ճանաչել է հակասահմանադրական, ինչից հետո գործը քննող առաջին ատյանի դատարանը արդարացրել էր պաշտոնաթող նախագահին, բայց վճռաբեկը բեկանեց այն ու ուղարկեց հետ առաջին ատյան` նոր քննության: «Ես չգիտեմ` 7 տարի իրավապահ համակարգն ի՞նչ է ուզում ինձանից», - հավելեց Քոչարյանը: Դատախազությունը, սակայն, շարունակում է պնդել` Քոչարյանի արդարացման որոշումն ուժի մեջ չի մտել, բեկանվել է, իսկ դա նշանակում է` դատավարությունը ավարտված չէ, իրենք էլ պարտավոր են նոր մեղադրանք ներկայացնել:
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում առաջիկա օրերին Հայաստանում նախատեսվում է հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Թուրքական NTV հեռուստաալիքն էլ հայտնում է, որ հանդիպումը նախատեսված է այս շաբաթվա սկզբին։ Ըստ լրատվամիջոցի՝ դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունների, Սերդար Քըլըչի գլխավորած պատվիրակությունը, Հայաստան կժամանի «Ալիջանի» սահմանային անցակետով: «Հանդիպումը կարող է ներառել Թուրքիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները կարգավորելու որոշումների կայացում և նախկինում համաձայնեցված որոշումների իրականացում»,- նշում է լրատվամիջոցը։ Հայ և թուրք բանագնացները դեռ 2022-ի հուլիսին Վիեննայում՝ չորրորդ հանդիպման ժամանակ պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Հայկականի կողմը վերակառուցել է Մարգարայի անցակետը՝ ծախսելով շուրջ 1 մլրդ դրամ, սակայն մինչ օրս պարզ չէ, թե երբ իրականություն կդառնա այդ պայմանավորվածությունը։
«Հայաստանը ես եմ» քաղաքացիական նախաձեռնությունը կմասնակցի 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին իր այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։ «Մենք նախատեսում ենք գործակցել բոլորի հետ, որոնք մեզ գաղափարապես մոտ են, որոնց նպատակն է այս իշխանությանը հեռացնել», - ասաց Սարգսյանը։ Նրա խոսքով` իրենց թիկունքին ոչ ոք կանգնած չէ` ո՛չ Հայաստանում, ո՛չ երկրի սահմաններից դուրս։ Սարգսյանը խոստացավ, որ օրակարգի և մասնակցության ձևաչափի մասին կհայտնի լրացուցիչ։ Նախաձեռնությունը, հիմնադրի խոսքով, հիմնված է ռացիոնալության, տեխնոկրատական մոտեցման, խնդիրների համակարգային վերլուծության և արդյունավետ լուծումների որոնման սկզբունքների վրա։ Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսի 7-ին։
Մանրամասները՝ տեսանյութում: