Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 21:15 14-08-2025

Փաշինյանի հարցազրույցը, Կարապետյանի կալանքը կերկարաձգվի՞, Բագրատ Սրբազանի նամակը․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է օգոստոսի 14-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ։

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ամերիկյան FoxNews-ին՝ նշելով, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագիրը տարածաշրջանային ու միջազգային մակարդակի նշանակություն ունի. դրա կարևորությունը դուրս է երկկողմ շրջանակից։ «Երբ դրանք կյանքի կոչվեն, Իրանը, օրինակ, հնարավորություն կունենա Պարսից ծոցից երկաթուղով հասնել մինչև Սև ծով, իսկ Ռուսաստանն ու Իրանը հնարավորություն կունենան ունենալ երկաթուղային կապ միմյանց միջև»,- ասել է Փաշինյանը։ Նրա գնահատմամբ` համաձայնագիրը կյանքի կոչվելու դեպքում միայն Հայաստանը, Ադրբեջանը և ԱՄՆ–ն չէ, որ տնտեսական օգուտ կունենան, այլև կշահեն Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով` երկաթուղային կապը տարածաշրջանի համար աննախադեպ կլինի։ «Իրականում նման կապն աննախադեպ կլինի, քանի որ Հարավային Կովկասից ներկայում չկա երկաթուղային կապ, որը կմիացնի Իրանն ու Ռուսաստանը»,-ավելացրել է Փաշինյանը։ Փաշինյանը նշել է, որ համաձայնագիրը կարևոր է նաև միջազգային կայունության և անվտանգության տեսանկյունից։ Վարչապետը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին է հիշեցրել ու վերահաստատել, որ ՀՀ–ն չի ցանկանում տարաձայնություններ հրահրել, այլ նպատակը կայունությունն ու խաղաղությունն է։

Հակակոռուպցիոն դատարանում քննվում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Սամվել Կարապետյանի աջակիցները հավաքվել են դատարանի բակում։ Կարապետյանի պաշտպանության խորհուրդն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ չնայած այն հանգամանքին, որ Սամվել Կարապետյանի ձերբակալումը և բնակարանի խուզարկությունը վերաքննիչ դատարանի կողմից ճանաչվել է են ապօրինի, բարերարը դեռևս գտնվում է ապօրինի կալանքի տակ։ Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը, դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ դատավորը այնքան համարձակություն կունենա, որ դեմ կգնա քաղաքական ճնշումներին։ Հստակեցնող հարցին՝ քաղաքական ճշումնե՞ր են բանեցվում դատարանի վրա, որ կալանքն, այնուամենայնիվ, երկարացվի, Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «Վստահ եմ՝ ճնշումներ կան դատարանի վրա»։ Նարեկ Կարապետյան նաև նշեց, որ ընտրական ձևաչափով բացառում է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ համագործացությունը։ «Հիմնականում դիտարկելու ենք երիտասարդ ուժերի հետ համագործակցությունը, իսկ քաղաքական դաշտի հին խաղացողների հետ մենք չունենք ծրագիր՝ ունենալ կոալիցիոն ինչ-որ պայմանավորվածություններ»,- նշել է նա:

ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունն ու իրենց կուսակցությունը Արցախի բնակիչների կոլեկտիվ վերադարձի օրակարգ չունի։ Նա բռնազավթված Արցախի տարածքը Ադրբեջան է անվանել՝ հայտարարելով, որ եթե կլինեն անհատներ, որ կկարծեն կամ կուզեն վերադառնալ Ադրբեջան՝ բնականաբար առանձին կերպով կարող են փորձել, սակայն իրենք արցախցիների վերադարձն Ադրբեջան իրատեսական չեն համարում։ «Որովհետև չկան որևէ միջազգային մեխանզիմներ, չկան որևէ երաշխքիներ։ Նման խոստում տվողները պետք է ազնվորեն ասեն, որ դա կարող է տեղի ունենալ միայն Ադրբեջանի դրոշի ներքո։ Եթե անգամ վերադառնան, վերադառնալու են որպես Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ։ Հայաստանի Հանրապետությունը առանց այն էլ իրեն չափից դուրս շատ հարվածի տակ է դրել Լեռնային Ղարաբաղի ողջ բանակցային գործընթացում։ Եվ դրա պատճառով է եղել նաև, որ մենք վերջում հասել ենք այնտեղ, որ մեր սուվերեն տարածքն է հարձակման ենթարկվել։ Մենք այլևս ոչ մեզ էինք կարողանում պաշտպանել, ոչ առավել ևս՝ Լեռնային Ղարաբաղին: Քանի մենք ենք իշխանության ՀՀ-ն ԼՂ-ի բնակիչների վերադարձի նպատակ չի հետապնդելու»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։