Oragir.News-ը ներկայացնում է փետրվարի 23-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հաշտեցումը դժվարին գործ է՝ հաշվի առնելով Բաքվում դեռևս պահվող 19 հայ կալանավորվածների, անհետ կորած անձանց ճակատագրերի և բռնի անհետացման դեպքերի պարզաբանման անհրաժեշտությունը, ինչպես նաև աղավաղված պատմական նարատիվները։ «Այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է վճռականորեն հանձնառու մնալ այս ուղու հետագա իրականացմանը՝ հասկանալով, որ խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը կխթանի հակամարտության հետևանքները լուծելու ավելի բարենպաստ միջավայր», - ասել է նա։ Արարատ Միզոյանի խոսքով՝ անցյալ տարի Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովը «ոչ միայն խաղաղություն հաստատեց երկու երկրների միջև, այլև հարթեց առևտրի, կապի և մարդկանց միջև շփումների ճանապարհը»: «Կառավարությունների միջև համաձայնագրերից առաջ անցնելու համար մենք նաև մեր հասարակությունների, այդ թվում՝ տուժած բնակչության միջև իրական երկխոսության և վստահության սերմեր ենք ցանում: Չնայած հակամարտության ցավոտ մարդասիրական հետևանքները դեռևս չեն լուծվել, և հեռավոր ու մոտ անցյալի վերքերը շարունակվում են, մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին», - նշել է պաշտոնյան։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը շինծու դատավճիռներով դատապարտել է հիմնականում ցմահ, իսկ նախկին նախագահներ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման։
«Սրբազան պայքար» անունով շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի տնային կալանքը վերացվեց։ Ընդհանուր իրավասության առաջին ատյանը դատարանը Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ Շարբաթյանի նկատմամբ կիրառեց վարչական հսկողություն խափանման միջոց։ Շարբաթյանը պետք է շաբաթական երկու անգամ ներկայանա ու հաշվառվի պրոբացիայի ծառայությունում։ Նրան արգելված է լքել բնակության վայրն առանց վարույթի իրականացման մարմնի թույլտվության։ Նա չպետք է այցելի մարդաշատ կամ զվարճանքի վայրեր, երեկոյան 23։00-ից մինչև առավոտյան 8-ը պետք է լինի իր բնակության հասցեում։ Վարչական հսկողությունը կիրառվելու է առանց էլեկտրոնային հսկողության։ Իսկ խափանման միջոց 3 միլիոն գրավը և բացակայելու արգելքը մնում են անփոփոխ։ Դատարանը նրան չարգելեց նաև մասնակցել պատարագների։ Նշենք, որ պաշտպանական կողմի միջնորդությանը չառարկեց նաև հանրային մեղադրողը՝ հաշվի առնելով Շարբաթյանի առողջական խնդիրները, մասնավորապես` իշեմիկ հիվանդությունը և ինտենսիվ միջամտությունների կարիքը։ «Սրբազան պայքարի» գործով անցնող Կարո Օկումուշյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարաձգվեց 3 ամիս ժամկետով։ Նշենք, որ Կարո Օկումուշյանը եղել է «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի ընտանիքի վարորդը։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Շարժման մասնակիցներն ու նրան պաշտպաններն այս մեղադրանքը չեն ընդունում՝ պնդելով, որ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է, իսկ Բագրատ Սրբազանին վերագրվող ձայնագրությունը մոնտաժված է։
Երևանի մետրոյի գոյություն չունեցող «Աջափնյակ» կայարանի մոտ բիզնես կենտրոն կամ այլ շինություն է նախատեսվում կառուցել։ Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին ասաց «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Անետա Բաբայանը։ Նա տեղեկացրեց, որ կայարանին հարակից տարածքում քաղաքաշինական ներդրումային ծրագիր իրականացնելու երկփուլ մրցույթ է կայացել։ «Դիմել է 7 միջազգային կազմակերպություն, որից 2-ն են որակավորվել։ Արդեն պետք է ամբողջական առաջարկներ ներկայացնեն, վերջնաժամկետը մարտի 3-ն է։ Դրանից հետո կլինի պայմանագրերի կնքում, և ակնկալվում է, որ հունիսի կեսերից աշխատանքները կմեկնարկեն»,- ասաց Բաբայանը։ Նա հայտնեց, որ առաջարկվելու են որոշակի շառավղով տեղային լուծումներ, ինչպես քաղաքաշինական բովանդակությամբ, այնպես էլ ներդրումային ծրագրի մշակում։ Դրանով ներդրումային փաթեթ հնարավոր կլինի ձևավորել համապատասխան հաշվարկներով, վերլուծություններով, հողի արժեքով ու ներդրումային մոդելով։ Տիգրան Ավինյանն էլ նշեց՝ փաստորեն ստանալու են որոշակի էսքիզային առաջարկ ու տեխնիկատնտեսական հիմնավորում։ Նրա խոսքով` ստացվում է, որ կայարանի հարակից տարածքում բիզնես տրամաբանությամբ շահավետ մի կառույց է լինելու, որը որոշակիորեն կմեղմի այն ծախսերը, որոնք կատարվելու են կայարանի կառուցման համար։
Մանրամասները՝ տեսանյութում: