Միտք Ներքին 7 ամիս առաջ - 09:00 15-10-2025

Սուտ է. Կառավարությունը գործնականում չի կարևորում կրթությունը

Դատարկախոսության մրցույթներ ՀՀ-ում չեն կազմակերպվում։ Դրանք կարող են դրական արդյունք տալ։ Մարդիկ կարող են լիաթոք ծիծաղել։ Իսկ պատասխանատու պաշտոնյաները զերծ կմնան դատարկախոսությունից, որ ծաղրի առարկա չդառնան։

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 14-ին, ելույթ ունենալով «Սիլիկոնային սարեր 2025» տեխնոլոգիական գագաթնաժողովի բացմանն, ասել է. «Իհարկե, փողը շատ կարևոր է, բայց ես էլի ուզում եմ անդրադառնանք հարցին: Իսկ ի՞նչ է հարկավոր փող ունենալու համար: Կառավարությունն այս հարցին էլ ունի երեք պատասխան. Առաջինը՝ կրթություն, երկրորդը՝ կրթություն, երրորդը՝ կրթություն: Իհարկե, դեմ չեմ, գուցե եղել են ժամանակներ, որ այս հարցին կարելի էր ուրիշ երեք պատասխան տալ, օրինակ՝ նավթ, գազ, ոսկի: Բայց հիմա նույնիսկ փող ունենալ-չունենալու հարցը, աշխատանք ունենալ-չունենալու հարցը, բարեկեցություն ունենալ-չունենալու հարցը, մեր ընկալմամբ, ունի երեք պատասխան. առաջինը՝ կրթություն, երկրորդը՝ կրթություն, երրորդը՝ կրթություն: Ընդհանրապես, երբ շատ է խոսվում նաև աշխատանքի շուկայում մրցունակության, բարեկեցության մասին, համոզված եմ՝ նկատել եք, որ մենք այդ բոլոր հարցերին այս նույն պատասխանն ենք տալիս»։

Ոմանց կարող է թվալ, թե Փաշինյանի այս ասածը դատարկախոսություն է։ Ոմանք էլ սա կարող են որակել սուտ, քանի որ Կառավարությունը գործնականում չի կարևորում կրթությունը։ Այս ենթադրության հիմքերը շատ են։ Դպրոցներում առաջադիմության մակարդակը շատ ցածր է։ Բարձրագույն կրթության որակը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, շուկայի պահանջներին։ Որակյալ կրթություն ստացածների մի մասն աշխատանք չի կարողանում գտնել՝ ԽԾԲ պատերին բախվելու, աշխատատեղերի սղության պատճառով։ Աշխատավարձն այնքան ցածր է, որ կրթված մարդը ստիպված այլ գործով է զբաղվում ընտանիքի բարեկեցությունն ապահովելու համար։ Եթե Կառավարությունը առաջնահերթություն համարեր կրթությունը, ապա այսպիսի անմխիթար պատկեր չէր լինի։

Երեխան, երիտասարդը տեսնում են, որ թերի կրթություն ունեցող ՔՊ-ականը բարձր պաշտոն է ստանում։ Բազմաթիվ անկիրթ միլիոնատերեր, բարձր վարձատրվող աշխատողներ, հանրային բարձր դիրք ունեցողներ կան երկրում։ Կրթված մարդու հաջողության պատմություններ չկան, որոնք կդառնան օրինակ ու նորմ։ Աշխատաշուկայի կառավարման գործիքներ չկան։ Զբաղվածության կենտրոններն օպտիմալացվել են, միացվել սոցապ բաժիններին։ Սկսնակներին աշխատանքի ընդունման սուբսիդիաները սահմանափակ են։ Կարիերայի աճի նորմեր չկան։ 30 տարվա մասնագիտական ստաժ ունեցող բազմաթիվ աշխատողներ շատ ցածր են վարձատրվում ու շարքային պաշտոն զբաղեցնում։ Բազմաթիվ կրթված մարդիկ լքում են հայրենիքը մասնագիտությամբ աշխատանք չգնելու պատճառով։

Քաղաքական կրթությանն ընդհանրապես ուշադրություն չի դարձվում։ Բազմաթիվ քաղաքական գործիչներ հայտարարում են, որ քաղաքականությամբ չեն զբաղվում։ ՏԻՄ ղեկավարների մեծ մասը անկուսակցական, ապաքաղաքական անձինք են։ Նորաթուխ որոշ կուսակցություններ թյուրիմացաբար կարծում են, թե նախարարը, համայնքապետը, նույնիսկ վարչապետը կարող են քաղաքական գործիչ չլինել։ ՔՊ-ական պաշտոնյաների կրթությունը պատշաճ չի կազմակերպվում, ինչի վկայությունն են կոռուպցիոն սկանդալներն ու ապապետական խոսույթը։ Այս պատկերը ևս վկայում է, որ Փաշինյանը կրթությունն առաջին, երկրորդ, երրորդ տեղերում չի դնում։

Կարճ ասած՝ «կրթություն» բառը երեք անգամ կրկնելով, այն առաջնահերթություն չի կարող դառնալ, երբ պետությունը կառավարում են ապաշնորհ, ժողովրդի մի մասի հանդեպ ատելությամբ լցված, ապաքաղաքական մարդիկ՝ ֆորպոստի վարչապետի գլխավորությամբ։ Իսկ վերջին ցավալի պարտություններն ու կորուստները հիմք են տալիս ենթադրելու, որ պետության առաջընթացի, անվտանգության, բարեկեցության, հարատևության ապահովման, ինչպես նաև կրթության ու կրթված մարդկանց դերը բարձրացնելու անհրաժեշտ երեք նախապայմաններն են՝ առաջինը՝ ազգային գիտակցությամբ առաջնորդվող իշխանություն, երկրորդը՝ ազգային գիտակցությամբ առաջնորդվող իշխանություն, երրորդը՝ ազգային գիտակցությամբ առաջնորդվող իշխանություն։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված