Երևան +15°
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 16:25 22-07-2022

Ամեն օր այս կառավարությունը սուտ կխոսի ժողովուրդին ու հայության առաջ․ Փափազյանը հերքում է վարչապետի աշխատակազմի հայտարարությունը

Կորյուն Սիմոնյան

Լրագրող

Oragir.news-ի երեկվա հրապարակումից հետո վարչապետի աշխատակազմը որոշել է վերջապես «պարզաբանել», թե ինչ հիմքով են արգե փլել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, դաշնակցական Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան։ Վարչապետի աշխատակազմի պարզաբանման համաձայն՝ պատճառը այն է, որ Փափազյանը իբր կազմակերպել է Ֆրանսիայում Փաշինյանի ավտոշարասյան վրա հարձակում․

«Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման, և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում: Այդ մասին վկայող տվյալներ հրապարակվել են տարբեր լրատվամիջոցների կողմից, իսկ տեսանյութերն առկա են նաև համացանցում: Ոչ միայն Ձեր կողմից նշված անձի, այլև հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունը որևէ վերապահում չունի խաղաղ ակցիաների որևէ մասնակցի նկատմամբ: Իսկ հարձակումների կազմակերպիչների և մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն՝ օրենքով սահմանված կարգով արգելվել է»,- հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Oragir.news-ը կրկին կապվեց Փափազյանի հետ։ Մեզ հետ զրույցում նա ասաց, որ ինքը այդ ցույցը չի կազմակերպել և ներկա էլ չի եղել դրան։ Այլ կերպ ասած՝ դա հերթական սուտն է։ Հետաքրքիր է, որ ավելի վաղ ԱԱԾ-ն հայտարարել էր, թե չեն կարող պարզաբանել պատճառների մասին, քանի որ դա Փափազյանի անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ է պարունակում։

«Մի քանի օր առաջ ԱԱԾ-ն հայտարարած էր, որ չէր կրնա փոխանցել պատճառի մասին տեղեկությունը, որովհետև կվերաբերեր իմ անձնական կյանքին, և այսօր վարչապետի գրասենյակը կհայտարարե, որ արգելած են իմ մուտքը, որովհետև ես կազմակերպած եմ և ներկա էի այդ ցույցին, որը տեղի ունեցավ հունիսի 1-ին։ Կհասկանանք, որ վարչապետի գրասենյակի կողմից տրված այս պարզաբանումը կապ չունի իմ անձնական կյանքի հետ։ Այսինքն՝ ամեն օր այս կառավարությունը սուտ կխոսի ժողովուրդին ու հայության առաջ։ Ես պաշտոնապես կհայտարարիմ, որ կապ չունիմ, չեմ կազմակերպած այդ ցույցը և ներկա չէի այդ ցույցին։ Եթե իրենք փաստեր ունին, թող ներկայացնեն իրենց փաստերը, թող փաստերը հրամցնեն ժողովուրդին, բայց չունին, որովհետև ես ներկա չէի այդ ցույցին։ Ուրեմն չեն գիդեր, թե ինչպես մեջեն ելնեն, հավանաբար վաղը-մյուս օր մեկ այլ պատճառ մը պիտի ներկայացնեն, և այդպես պիտի շարունակվի։ Իրենք պատրվակներ կփնտրեն, իրենց ասածները սուտ են ու սխալ են, և իրենք պարտավոր են այսօր փաստերը ներկայացնել»,- մեզ հետ զրույցում ասաց Փափազյանը։

Հարցրինք՝ լինելով Ֆրանսիայի քաղաքացի՝ պատրաստվո՞ւմ է օգտվել այդ երկրի պաշտպանությունից, հնարավո՞ր է, որ ընդդեմ Հայաստանի կառավարության՝ իրավական պրոցեսներ սկսվեն։

«Ես, անշուշտ, առօրյա կապի մեջ եմ Ֆրանսիայի կառավարության հետ։ Ֆրանսիայի կառավարությունը 2 անգամ դիմեց Հայաստանի արտաքին գործոց նախարարությանը, որպեսզի պատճառները փոխանցվին, 2 անգամն էլ արտաքին գործոց նախարարության գրասենյակը հայտարարեց, որ տեղեկություններ չունեն փոխանցելիք։ Ուրեմն Ֆրանսիա պիտի շարունակի իր գործունեությունը, պիտի փաստերը ներկայացնեն։ Չի կրնար Հայաստանի վարչապետի գրասենյակը այդպիսի տեղեկություններ փոխանցել՝ առանց փաստերը կցելու։ Ես կպահանջեմ, որ փաստերը ներկայացնեն հանրությանը։ Հետո ես բոլոր կանոնավոր միջոցներուն պիտի դիմեմ, որպեսզի պաշտպանվիմ և վերականգնվիմ իմ իրավունքիս մեջ վերադառնալ հայրենիք։ Հայաստանը բոլոր հայության հայրենիքն է, իմ հայրենիքս է։ Ես չեմ ընդունիր, որ ինձ արգելեն մտնիլ հայրենիք, ուրեմն բոլոր իրավական քայլերը պիտի անեմ ես, որպեսզի կարողանամ մտնել երկիր»,- պատասխանեց սփյուռքահայ գործիչը։

Փափազյանին հարցրինք նաև ՝ անցած տարվա հունիսի 1-ից հետո քանի՞ անգամ է եկել Հայաստան, իր մուտքը ինչո՞ւ է միայն 1 տարի անց արգելվում, և արդյոք սա չի նշանակում, որ սա իշխանությունների կողմից թուրք-ադրեբջանական ղեկավարությանը հաճոյանալու հերթական դրսևորում է, կամ արվել է հենց նրանց պահանջով։

«Առնվազն 4 անգամ եկել եմ Հայաստան, և որևէ հարց չեղավ։ Ես փաստ չունիմ, բայց կրնանք ենթադրել։ Ես կհիշեմ 10 օր առաջ Չավուշօղլուի հայտարարությունները, երբ որ ինքը կըսեր, որ հայ-թուրքական հարաբերություններու պրոցեսին մեջ սփյուռքը կխանգարի։ Ես միշտ այդ պրոցեսին եղել եմ դեմ։ 2009-ի հոկտեմբերի 2-ին Կոմիտասի արձանի առջև կազմակերպեցինք ցույց, որ Սերժ Սարգսյանը եկավ Փարիզ՝ ժողովուրդին հրամցնելու համար, թե հայ-թուրքական արձանագրությունները լավ էին։ Ես առաջին գծի վրա էի այդ ժամանակ, և շարունակեցի այս տարիներուն ընթացքին բացատրել, որ Թուրքիան նախապայմաններ պիտի դնե, և մենք պիտի մերժենք այդ նախապայմանները, հետո, որ Հայաստանը պատրաստ չէ այսօր, պիտի նախապատրաստվի, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները վտանգ մը չըլլան երկրի համար։ Հայաստանի կառավարությունը կհայտարարեր, որ Թուրքիան առանց նախապայմանի կգնա բանակցություններու, այսօր հստակ է, տեղեկացանք, չէ՞, որ Թուրքիան կներկայացնե նախապայմաններ, ուրեմն ճիշտ է, որ թուրքական գործոնի համար ես պրոբլեմ եմ, թուրքական կառավարության համար արգելք եմ, հիմա արդեն Հայաստանի կառավարության համար արգելք եմ և Ադրբեջանի կառավարության համար արգելք եմ։ Մինչև հիմա իմ մուտքը արգելված էր Ադրբեջան ու Թուրքիա, հիմա՝ Հայաստան ալ։ Այսինքն՝ այսօր Թուրքիան, Ադրբեջանն ու Հայաստանը նույն շահերը կապահովեն, դժբախտաբար։ Ժողովուրդը պետք է հասկանա, որ ապահով ձեռքերու մեջ չէ այս կառավարության հետ, որ այս կառավարությունը չպաշտպաներ ժողովուրդին, և այս կառավարության առաջիկա քայլերը շատ վտանգավոր են Հայաստանի համար։ Հստակ թող ըլլա, թող գիտնա ժողովուրդը, և եթե այս կացության հետ կրնա հարմարվիլ, ուրեմն իր պրոբլեմն է»։