Ներքին 7 ամիս առաջ - 17:15 13-10-2025

Մանկական տաղավարում ծխախոտի տեսքով կոնֆետներ են վաճառվում․ ՍԱՏՄ-ն անելիք չունի

Երևանի մի շարք խանութներում և սուպերմարկետներում վաճառվում են կոնֆետներ և մաստակներ, որոնք արտաքնապես շատ նման են ծխախոտի տուփերի։ Թեև առաջին հայացքից դրանք պարզապես քաղցրավենիք են, իրականում դրանք մեծապես խախտում են երեխաների պաշտպանության և հանրային առողջության պահպանման սկզբունքները։

Ծխախոտի արտադրանքը Հայաստանում փակ ցուցադրության ռեժիմում է՝ համաձայն «Ծխախոտային արտադրանքի օգտագործման սահմանափակման մասին» օրենքի, որի նպատակն էր՝ սահմանափակել դրա հասանելիությունը և գովազդային ազդեցությունը, հատկապես դեռահասների շրջանում։ Սակայն այժմ սուպերմարկետներում բաց ու տեսանելի տեղերում երեխաներին ներկայացվում են մաստակներ և կոնֆետներ, որոնք հիշեցնում են ծխախոտի փաթեթավորում՝ նման գույներով, լոգոյով և անգամ անվանումներով։



Սա յուրատեսակ շուկայավարում է, որը դեռահասների ուշադրությունը սևեռում է ծխախոտի վրա։ Այս ապրանքները տեղադրված են հենց մանկական ապրանքների կողքին, և այսպիսով՝ ձևավորում է ծխախոտի տուփի նկատմամբ «դրական» ասոցիացիա։ Այսպիսի կոնֆետն ու մաստակը սպառող երեխան սովորում է նման տուփը ձեռքին պահելու, «բացելու» և օգտագործելու շարժումները՝ ձևավորելով երևակայական կապ ծխախոտի օգտագործման հետ։

Oragir.News-ը փորձեց այս մասին պարզաբանում ստանալ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից: Պատասխանելով մեր հարցմանը՝ տեսչական մարմնից փոխանցեցին, որ տուփերի կամ փաթեթավորման դիզայնի հետ կապված վերահսկողությունը ՍԱՏՄ-ի գործառույթների մեջ ներառված չէ։

«Տեսեք, եթե զուտ ծխախոտի տեսքով կոնֆետներ կամ ծամոն են վաճառում, այդտեղ մենք գործառույթ չունենք։ Բայց եթե այդ կոնֆետների տուփի վրա հայերեն որևիցե մի բան գրված չկա, դա արդեն մակնշման խախտում է, դա վերահսկում ենք։ Եթե վաճառվում է, իրացման ցանց է մտել, ապա ներկրման ժամանակ անպայման փորձաքննությունները անցած են, այսինքն՝ հավաստագիր ունեն։ Իսկ եթե տեղում են արտադրվում, ապա պետք է փորձաքննություն անցնեն, նոր իրացման ցանց մտնեն՝ Մաքսային միության որոշման պահանջներով»,- ասաց մեր զրուցակիցը։

Եթե հանրային քաղաքականության մակարդակով ընդունվել է որոշում՝ ծխախոտը խանութներում փակ պահելու մասին, ապա տրամաբանական հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող է բաց ու տեսանելի վաճառքի հանվել մի ապրանք, որի տեսքը բացահայտ նմանակում է հենց այդ արգելված արտադրանքին։

«Ներողություն, կարող է ծխախոտի տուփի նման չլինի, ես չգիտեմ ինչի՞ նման լինի։ Մենք գործառույթ չունենք, փաթեթավորման հետ կապված։ Ամեն դեպքում՝ ես հասկանում եմ ինչի մասին է, կարող եմ տեղեկացնել նաև, որ տվյալ կոնֆետների վերաբերյալ վերահսկողությունը ընթացքի մեջ է, քանի որ արդեն իսկ խախտումների հիմքեր կան՝ ապրանքի վրա հայերեն մակնշում չկա»։

Նկատենք, որ թեև նման արտադրանքների առկայությունը խանութներում չի հանդիսանում օրենքի խախտում, բայց այն անուղղակիորեն վնասում է տարիներ շարունակ կառուցված հակածխախոտային քաղաքականության հիմքերը։ Խնդիրը միայն կոնֆետի քաղցր կամ անվնաս լինելը չէ։ Հարցն այն է՝ ի՞նչ է այդ կոնֆետը «ասում» երեխային։ Երբ մանկության շրջանը լցվում է ծխախոտ հիշեցնող գունագեղ մաստակներով ու կոնֆետներով, մեծանում է մի սերունդ, որի մոտ ծխախոտի պատկերը վանող, վախեցնող կամ անընդունելի չէ։