Կեսգիշերին կրկին հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում։ Հսկայական թունավոր ծխի սյունը երևում է մի քանի տասնյակ կիլոմետրից։ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ»–ի գրեթե բոլոր ջրցան մեքենաները աշխատել են, միացել են նաև հրշեջ–փրկարարները: Հրդեհի մեծ մասը մարված է, միայն տեսանելի ծուխն է մնացել։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նուբարաշենի աղբավայրը նորից այրվում է։ Ձեր կարծիքով՝ ո՞վ է պատասխանատու»։
Հարցվածների մի մասը նշեց, որ պատասխանատուն քաղաքապետարան է, որոշներն էլ ասացին, որ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի կանխելու համար։
«Բա ես ինչ մեղավոր եմ դրա մեջ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ գուցե դիտավորյալ են անում։ «Պետությունը, երևի ռեալ չեն անում ինչ-որ պետք ա, որ արվի կամ էլ դիտավորյալ են անում, մթնոլորտը կեղտոտելու համար։ Առանց դրա էլ մի մաքուր օդ չենք շնչում, դա էլ վրա դիր»,- նշեց նա։
Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ մեղավոր է կառավարությունը։ «Կոնկրետ էս դեպքում թաղապետարանը, իսկ ընդհանուր առմամբ կառավարությունը վաղուց պետք ա ինչ-որ միջոցներ ձեռնարկեր այդ աղբավայրը վերանար, որովհետև մենք ո՛չ էդքան տարածք ունենք, ո՛չ էլ մի երևելի էկոլոգիական վիճակ»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում․