Ռոբերտ Քոչարյանն այսօր՝ հոկտեմբերի 7-ին հրավիրված ասուլիսում ակնարկեց, որ ՀՀ-ում կարող է հեղափոխություն լինել։
Անդրադառնալով Մոլդովայի ընտրություններում գործող իշխանությունների վերընտրման հարցում արտաքին ուժերի ակնհայտ ու մեծածավալ աջակությանն ու զուգահեռելով ՀՀ-ում 2026-ի ընտրություններում արտաքին ենթադրյալ աջակցությանը, Քոչարյանը աներկբա հայտարարություն արեց.
«Այո, պետք է պատրաստ լինենք նաև նման կարգի գործողությունների։ Կարծում եմ՝ փորձելու են ինչ-որ չափով, ինչ խորությամբ՝ չեմ կարող ասել։ Բայց ամենից լավ երաշխիքը, որ դրա չափը լինելու է փոքր, հետևյալն է. ՔՊ-ն պետք է հասկանա, որ նման կարգի գործողությունները բերելու են հեղափոխության։ Այդ հեղափոխության վտանգը եթե երկրում կախված լինի, ոչ մեկը չի համարձակվելու որևէ խախտումներ անել։ Ձայների գողությունը բերելու է հեղափոխության։ Սա էլ պետք է հասկանա իշխանությունը։ Ուրեմն՝ պետք է լինի այնքան թեժ պայքար, որ այդ սպառնալիքը ստիպի իշխանությանը չափի մեջ լինել իշխանական ռեսուրսը կիրառելու գործում»։
ՀՀ-ում ընտրությունների պատմության մեջ առաջին անգամ ձայների գողությունն ու արտաքին միջամտությունը դրվեցին նույն հարթության վրա։ Այսինքն՝ տարբերություն չկա, թե ինչպես են կեղծվում ընտրությունները՝ ընտրակաշառքով, թվեր նկարելով, թե արտաքին ռեսուրսներ կիրառելով։ Առաջին անգամ ընդգծվեց, որ արտաքին միջամտությունն այնքան անհանդուրժելի է, որ հեղափոխություն կլինի։ Եվ հեղափոխության վտանգը հետ կպահի արտաքին ուժերին ու ձայնագողերին։
Եթե արտաքին ուժերը չվախենան Ռոբերտ Քոչարյանի զգուշացումից ու աջակցեն Փաշինյանին, ապա ո՞վ կարող է հեղափոխություն անել, ու ի՞նչ կփոխվի ՀՀ-ում։
Անցյալ տարիներին մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել ՀՀ ընտրություններում Մոսկվայի ներգրավվածության, , թեկնածուներից մեկին կամ մի քանիսին ռեսուրսներով աջակցելու մասին։ 2021-ի ընտրարշավի ժամանակ Քոչարյանը ներկայացվում էր որպես Պուտինի ընկեր։ Սակայն ռուսական աջակցությունը հանցագործություն, ընտրակեղծիք, ձայնագողություն չի որակվել։
Ասուլիսի վերջում Ռոբերտ Քոչարյանը հիշեց, որ 1998-ին Մոսկվան աջակցում էր մրցակցին՝ Կարեն Դեմիրճյանին, հնարավոր բոլոր ռեսուրսներով։ Այս փաստով նույնպես որևէ իրավական գործընթաց չի կազմակերպվել։ Սակայն, հիմա, կարծես՝ բան է փոխվել։ Քոչարյանը սկզբունքային անհանդուրժողականություն է ցուցաբերում ենթադրյալ արտաքին աջակցության վերաբերյալ։
Ռոբերտ Քոչարյանը կանխատեսեց, որ իր ղեկավարած քաղաքական միավորումից զատ՝ խորհրդարանում հայտնվելու շանս ունի նաև Սամվել Կարապետյանի առաջորդությամբ ուժը, քանի որ այս երկուսն, ըստ սոցիոլոգիական հարցումների, ամենամեծ ժողովրդականությունն են վայելում։ Ուստի՝ եթե Մոսկվան աջակցի Փաշինյանին, ինչպես 2021-ին, 2018-ին, ապա Ռոբերտ Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը դավաճանված կզգա՞ն, հեղափոխություն կանե՞ն։ Եվ եթե Մոսկվան նրանց դավաճանի, ապա չի բացառվում, որ նրանք հեղափոխության արդյունքում դուրս կբերեն Հայաստանը ռուսական ազդեցության գոտուց, կամրացնեն ՀՀ անկախությունն ու ժողովրդավարությունը, կարագացնեն ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։
Հեղափոխությունը կանխելու համար ԱԺ պատգամավորներն առաջիկայում, հավանաբար, հանդես կգան օրենսդրական նախաձեռնություններով, առաջարկելով քրեականացնել ընտրություններում արտաքին ուժերի միջամտությունը, դրանից օգտվելը։ Այն կորակվի ընտրակեղծիք, ձայնագողություն։ Մասնավորապես՝ եթե փաստերով ապացուցեն, որ Մոսկվան Փաշինյանին ռեսուրսներ է տրամադրում, ՔՊ-ն Մոսկվայի հետ կասկածելի կապեր ունի, ապա դա հիմք կլինի իրավական գործընթաց սկսելու։ Այսպիսով՝ կարող են դիմակազերծել ու մրցակցությունից դուրս մղել Փաշինյանին։ Այս նախաձեռնությամբ կարող են իրապես երաշխավորել արդար ընտրությունների անցկացումը։
Կարճ ասած՝ 2025-ի հոկտեմբերի 7-ին լուրջ առաջընթաց արձանագրվեց, երբ ընտրություններին արտաքին միջամտությունն ու ձայնագողությունը հավասարվեցին։ Եթե այս առաջընթացը զարգացնող լինի, ու բացառվի արտաքին միջամտությունը, ապա ՀՀ-ում իսկապես ազատ, արդար ընտրություններ կլինեն։
Թաթուլ Մկրտչյան