Միքայել Սրբազանին 2 տարվա ազատազրկման դատապարտման վճիռը հանրության մի մասի համար անսպասելի էր, շատերն անկեղծորեն հույս ունեին, որ դատարանը նրան ազատ կարձակեր։ Իսկ ոմանց այն հիշեցրել է խորհրդային բռնազավթման տարիներին հոգևորականների հանդեպ բռնաճնշումները։
Եկեղեցին պաշտպանվելու ի՞նչ ռազմավարություն կարող է ընտրել, որ Միքայել Սրբազանն ազատ արձակվի։ Հարցի պատասխանը փնտրենք Սրբազանի նամակում։
«Սիրելիներ,
Այս չարիքի իշխանությունը՝ բաղկացած միջակություններից և բացարձակ ոչնչություններից և իրենց սպասարկող ողորմելի կամակատարներից, իր ավարտին հասցրեց հերթական անբարոյական սցենարը՝ իմ ապօրինի և շինծու դատապարտումով, ինչը անհամեմատելի է մեր հայրենի Արցախի կորստյան, հազարավոր զոհերի և անհետ կորածների ու գերիների առկայության հետ։
Սա կմնա այս չիշխանության ամոթն ու խայտառակությունը, թեև որքան թքես անամոթի երեսին, իր համար անձրև է թվալու։ Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչև այսօր»,- գրված է Միքայել Սրբազանի՝ հոկտեմբերի 4-ին հրապարակված նամակում։
Միքայել Սրբազանի՝ «Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչև այսօր» խոսքը հիմք է ենթադրելու, որ առաջիկայում կարևոր բան է փոխվելու։ Եկեղեցու, պաշտպանների, Բագրատ և Միքայել Սրբազաններին ազատ արձակելու ջատագովների ռազմավարությունը կարող է վերանայվել։
Օրեր առաջ Բագրատ Սրբազանը կարևոր հարց էր ուղղել ԱԳՆ-ին ռուսական հետքի վերաբերյալ։ Սա ՔՊ-ական իշխանությունների հաղթաթուղթն է։ Ռուսական հետքի առկայությամբ է Փաշինյանը հիմնավորում անարդարությունն ու ապօրինությունը։ Նույն հիմնավորումն է նաև Միքայել Սրբազանին ազատազրկելու պարագայում։ Ազատ աշխարհում ԽՍՀՄ-ին ասում էին Չարիքի կայսրություն։ ԽՍՀՄ-ի իներցիայով շարժվող ՌԴ-ն այսօր ընկալվում է որպես հակաքաղաքակրթական բևեռ։ Ուստի՝ ռուսական գործակալին հալածելն արդարացված է։ Միքայել Սրբազանը, հավանաբար, ակնարկում է, որ Փաշինյանը ռուսական գործակալ է, այդ պատճառով նրան անվանում է «չարիքի իշխանություն», այսինքն՝ ռուսական իշխանություն։ Արդյո՞ք Մոսկվայի վերաբերյալ եկեղեցու դիրքորոշումը փոխվելու է։
ԽՍՀՄ-ի նկատմամբ եկեղեցին հայտնել է դիրքորոշում 2017-ի ապրիլի 6-ին, երբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` Նահատակ հոգևորականաց հուշապատի առջև, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան կարգ համայնավար բռնապետության զոհ դարձած հոգևորականների համար: Արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ապրիլի 6-ը՝ Երանաշնորհ Տ.Տ. Խորեն Ա. Մուրադբեկյան Ամենայն Հայոց Հայրապետի նահատակության օրը, հռչակեց համայնավարական բռնապետության տարիներին հալածանքների ու աքսորի ենթարկված և նահատակված հոգևորականների հիշատակի օր:
Եկեղեցու այս դիրքորոշումը բացառիկ չէ։ Նույնպիսի դիրքում են ռուսական օկուպացիայից ազատագրված, մեր երբեմնի բախտակից երկրների եկեղեցիները։
Այսօր հավատացյալ համայնքում ողջամիտ կասկած կա, որ Մոսկվան Միքայել Սրբազանին հալածելու հարցում աջակցում է Փաշինյանին։ Այսինքն՝ ինչպես դավաճանեց հայ ժողովրդին և անցավ թուրք-ադրբեջանցիների կողմը, նույնպես դավաճանեց հայ եկեղեցուն, անցնելով Փաշինյանի կողմը։ Հանրային քննարկումներում կարծիք է հնչում, թե եթե եկեղեցին անցյալ տարիներին Ապրիլի 6-ի կապակցությամբ հրապարակային մեծ միջոցառումներ կազմակերպեր․ ապա այսօր հոգևորականների դեմ հալածանքներ չէին լինի։
Այս առումով՝ ենթադրելի է, որ եկեղեցին կարող է հետ բերել բաց թողածը, միջոցառումներ կազմակերպել խորհրդային բռնազավթման տարիներին եկեղեցու և հոգևորականների դեմ բռնաճնշումների թեմայով, հրավիրել միջազգային կառույցների, պետությունների ներկայացուցիչների, հրապարակավ ու հասցեական հատուցում պահանջել ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանից՝ Հայաստանի վանքերն ավերելու, պղծելու, եկեղեցու հարստությունը յուրացնելու, Խորեն Ա. Մուրադբեկյան Ամենայն Հայոց Հայրապետին սպանելու, հարյուրավոր հոգևորականների, հազարավոր հավատացյալների բռնաճնշումների ենթարկելու համար։ Այսպիսով՝ ոչ միայն կհիմնազրկվեն բամբասանքները ռուսական հետքի մասին, այլև վերաբերմունք կարտահայտվի Մոսկվայի դավաճանության նկատմամբ։ Չի բացառվում, որ միջազգային ճնշումների ներքո Բագրատ ու Միքայել սրբազաններն ազատ կարձակվեն։ Իսկ Փաշինյանը կզրկվի հաղթաթղթից, կպատռվի նրա դիմակը, նա կպարտվի ընտրություններում ու կվերածվի ռուսամետ ընդդիմություն։
Թաթուլ Մկրտչյան