Սպորտ 58 րոպե առաջ - 22:39 28-09-2026

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Չեռնոգորիայից կրած պարտության պատասխանատվությունը համարում է իրենը։

«Ես դժգոհ եմ մրցավարների աշխատանքից: Այս խաղի համար ունեինք Ա ու Բ պլաններ: Առաջին կեսում գործեցինք Ա պլանով, իսկ երկրորդ կեսում` Բ պլանով: Շատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար: Ներողություն եմ խնդրում երկրպագուներից ու այս պարտության պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Վստահ եմ, որ այս թիմն ապագա ունի, տղաները շատ նվիրված են հավաքականին: Ֆուտբոլիստների նվիրվածությունը մեզ լավ ապագա է խոստանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մելիքյանը:

Նրա խոսքով` այժմ հավաքականը ֆուտբոլիստների պակաս ունի, քանի որ մի խումբ ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն:

Խոսելով Չանչարևիչի մասին` Մելիքյանն ընդգծեց, որ նա նվիրված ու հավասարակշռված ֆուտբոլիստ է:

Մարզիչն ընդգծեց, որ Կիպրոսի դեմ առաջիկա խաղում Հայաստանի հավաքականը պետք է գործի նույն կերպ, ինչ այս խաղում:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի ընտրական փուլի երկրորդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հյուրընկալեց Չեռնոգորիայի ընտրանուն՝ զիջելով 2:3 հաշվով:

Ազգերի լիգայի երրորդ տուրի հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 2-ին` արտագնա խաղում մրցելով Կիպրոսի հետ: