Ներքին Տեսանյութ 46 րոպե առաջ - 22:52 28-09-2026

Ախուրյան համայնքում ասֆալտապատումը կիսատ է մնացել

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Ախուրյան համայնքի մի շարք բնակավայրերում ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները դեռևս ամբողջությամբ ավարտված չեն։

Oragir.News-ը Կառնուտ գյուղում արձանագրել է, որ թե՛ գյուղի գլխավոր, թե՛ գյուղամիջյան ճանապարհները ոչ ամբողջությամբ են ասֆալտապատված․ որոշ հատվածներ բարեկարգված են, սակայն ճանապարհների մի մասը շարունակում է մնալ չկարգավորված վիճակում։

Կառնուտում ճանապարհային ենթակառուցվածքի խնդիրը հատկապես նկատելի է գյուղամիջյան հատվածներում, որտեղ ասֆալտապատումը միատարր չէ, և բարեկարգված հատվածներին հաջորդում են չասֆալտապատ կամ թերի նորոգված ճանապարհներ։ Միաժամանակ, Ախուրյանի շրջանի որոշ գյուղերում ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները մեկ անգամով չեն ավարտվել։

Օրինակ՝ Ջրառատում որոշ հատվածներում ստիպված են եղել ասֆալտապատումն իրականացնել կրկնակի։ Իսկ Ջաջուռավանում ճանապարհի ասֆալտն արդեն բառի բուն իմաստով հալվել է՝ հարցականի տակ դնելով կատարված աշխատանքների որակն ու երկարակեցությունը։

Ուշագրավ է, որ Ախուրյանի համայնքապետ Զավեն Մանուկյանը Oragir.News-ին տված հարցազրույցում անդրադառնալով համայնքի զարգացման առաջնահերթություններին՝ նշել էր, որ իրենց համար առաջնահերթություն է ասֆալտապատումը, իսկ ենթակառուցվածքների նորոգումը կարևոր նշանակություն ունի։

Փաստացի, սակայն, համայնքի տարբեր բնակավայրերում ճանապարհային խնդիրները դեռ ամբողջությամբ լուծված չեն։ Կառնուտի դեպքում տեղում արձանագրված պատկերն առնվազն ցույց է տալիս, որ ասֆալտապատման աշխատանքները գյուղի ամբողջ ճանապարհային ցանցը չեն ընդգրկել։

Տեսանյութ։

Անահիտ Չալիկյան