Հայաստանի ու նրա ղեկավարի համար նվաստացուցիչ բան է տեղի ունեցել սեպտեմբերի 25-ին ԱՄՆ-ում։ Սպիտակ տանը Թրամփ-Էրդողան հանդիպման ժամանակ լրագրողը փորձել է հարց ուղղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման, ստորագրված փաստաթղթերի, ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ։
- Որոշ ժամանակ առաջ Դուք հանդիպել եք Ալիևի և Փաշինյանի հետ,- ասել է լրագրողը, հետաքրքվելով, թե Թրամփը կարո՞ղ է այդ թեմայով նոր բան փոխանցել։
- Որտե՞ղ, ո՞ւմ հետ,- հարցրել է Թրամփը։
Լրագրողը կրկնել է Փաշինյանի և Ալիևի անունները։
- Ոչինչ չեմ կարող ասել այդ մասին,- կտրուկ պատասխանել է Թրամփը։
Լրագրողի հարցը տեղին էր, քանի որ Թրամփ-Էրդողանը հանդիպման ժամանակ, ենթադրելի է, որ քննարկվել են նաև հայ-թուրքական, հայ-ադրբեջանական կարգավորման, սահմանների բացման, ճանապարհների գործարկման, «Թրամփի ուղի» անունն ստացած նախագծի վերաբերյալ հարցեր։
Այս համատեքստում Թրամփի վերաբերմունքը ոչ միայն տարօրինակ է, այլև վիրավորական: Թրամփը հրապարակավ նվաստացրեց Փաշինյանին, ձևացնելով, թե տեղը չի բերում։ Իսկ գուցե պատճառն այն է, որ ստորագրված բաները դեռ մնում են թղթի վրա՞։ Ի՞նչ պետք է անեին Փաշինյանն ու Ալիևը, որ դեռ չեն անում։
ՔՊ-ական իշխանությունը շատ բարձր են գնահատում օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերը, ասելով, որ խաղաղություն է հաստատվել։ Ալիևը նույնպես ամեն առիթով ընդգծում է օգոստոսի 8-ի ձեռքբերման մասին։ Այդ մասին նա խոսել է նաև ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանում ունեցած ելույթում։ Թրամփը ևս մի քանի անգամ հարցազրույցներում ու միջազգային հանդիպումներում հիշել է այդ մասին, այն ներկայացրել որպես իր անձնական մեծ ձեռքբերումը։
Այս ամենից հետո լրագրողի հարցին նման արձագանքը հիմք է տալիս ենթադրելու, որ Թրամփը ոչ թե շփոթմամբ էր սխալ արտասանում Հայաստանի ու Ադրբեջանի անուններն, այլ այստեղ լուրջ ակնարկ կա։
Ենթադրվում է, որ Թրամփն այնքան դժգոհ է Փաշինյանից ու Ալիևից, որ նույնիսկ չի ուզում նրանց հետ ձեռքբերվածի մասին խոսել։ Դժգոհության ենթադրյալ պատճառն այն է, որ Հայաաստանն ու Ադրբեջանը չեն կատարում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները, չեն արդարացնում ԱՄՆ-ի ակնկալիքները, կասկած են առաջացնում, որ Երևանն ու Բաքուն Մոսկվայի ճնշման տակ փորձելու են վիժեցնել ստորագրված հռչակագիրը, չբացել «Թրամփի ուղին», չստորագրել խաղաղության պայմանագիրը, կյանքի չկոչել գործակցության հուշագրերը և այլն։ Չնայած՝ ԱՄՆ-ն արդեն ՀՀ-ին է փոխանցել 145 միլիոն դոլար, սակայն ակնկալվող առաջընթաց չկա։ Բաքուն նախապայման է դնում Հայաստանի առաջ, պահանջելով փոխել Սահմանադրությունը, չի կատարում Թրամփի խնդրանքն ու չի ազատում հայ գերիներին։ Փաշինյանը հակաքաղաքակրթական երկրների հետ է մերձենում, Շանհայի կազմակերպությանն անդամակցելու հայտ է ներկայացնում, մասնակցում ՌԴ ատոմային շաբաթին, ոչինչ չի անում ՀՀ-ում ռուսական ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ։
Այսինքն՝ ողջամիտ կասկած կա, որ Թրամփն այս թեմայով նոր բան չունի ասելու ոչ թե օբյեկտիվ, այլ Հայաստանի ու Ադրբեջանի ապակառուցողականության, անգործության պատճառով։ Թերևս այս է պատճառը, որ Թրամփը Հայաստանի անունը խառնում է, իսկ Փաշինյանին չի ճանաչում ու հրապարակավ նվաստացնում։
Միով բանիվ՝ Թրամփի կտրուկ պատասխանը, Փաշինյանին չճանաչելը ոչ միայն նվաստացուցիչ է, այլև մտավախություն է առաջացնում։ Օգոստոսի 8-ին ձեռք բերվածը գուցե վերջին շանսն էր Հայաստանի համար՝ խաղաղության հասնելու, անկախությունն ամրացնելու, ժողովրդավարությունը խորացնելու, ռուսական ազդեցությունից վերջապես ազատվելու, տնտեսության զարգացման ու առաջընթացի դուռ բացելու համար։ Ուստի՝ Փաշինյանը պետք է արագացնի օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերը կյանքի կոչելը, իսկ սահմանադրության հանրաքվեն նշանակի հնարավորինս շուտ՝ այս տարի, առաջիկա կիրակի։ Հակառակ պարագայում՝ աշխարհում կկարծեն, թե Թրամփը դատարկախոս է, նրա միջնորդությունը՝ զրո, իսկ Հայաստանը կզրկվի անվտանգային աջակցությունից, որը տրամադրում են ազատ աշխարհի երկրները, ԱՄՆ, ԵՄ-ն և այլք։
Թաթուլ Մկրտչյան