Ուղիղ եթեր
Ներքին Միտք 10 ամիս առաջ - 18:56 22-09-2025

Բանակը «լուռ կառուցում» ենք արտահայտությունը քարոզչություն է՝ ուղղված «դատարկ գլուխներին». Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Կա այսպիսի մի մտայնություն, թե՝ «լուռ ենք կառուցում բանակը», կամ վերակառուցում, ով ինչպես կուզի:

Հարգելիներս, 21-րդ դարում հնարավոր չէ «լուռ բանակ» կառուցել: Տեխնոլոգիական դարաշրջանն ամենուր աչք է ու ականջ, բառի ուղիղ եւ պատկերավոր իմաստներով:

Ով ուզում է՝ կարող է թերեւս «լուռ հետեւել», բայց լուռ կառուցելը դա քարոզչական հեքիաթ է, որը մատուցվում է պարզապես տպավորություն ստեղծելու համար:

Երբ սա ասում է իշխանությունը, ապա հասկանում ես, որ պետք է զբաղվի քարոզչությամբ: Երբ «լուռ կառուցելու» մասին խոսում են իբրեւ անկախ փորձագետներ, քաղաքագետներ կամ ռազմագետներ, դա արդեն նշանակում է կամ լինել անգետ, կամ անգետի տեղ դնել հասարակությանը:

Կրկնեմ, հնարավոր չէ «լուռ», ասել է թե ծածուկ՝ չուզող աչքից, թշնամու աչքից ծածուկ բանակ կառուցել կամ վերակառուցել, գործնականում հնարավոր չէ: Դա ռազմական գաղտնիքի սահմանափակ ծավալի հարց չէ, որ հնարավոր է պահել ու պահպանել, թեեւ Հայաստանի պարագայում նույնիսկ դա է մեծ հարց:

Հետեւաբար, հարգելիներ, դադարեք հիմարի տեղ դնել հանրությանը:

Իսկ, եթե ասելով լուռ, նկատի ունեք հակառակորդին չգրգռելը կամ չհրահրելը, ոչ թե նրանից ինչ որ բան ծածուկ անելը, ապա այս պարագայում պատկերը ուրեմն շատ ավելի վատ է: Որովհետեւ ստացվում է, որ հակառակորդը այն աստիճան ազդեցություն ու վերադասություն ունի Հայաստանի հանդեպ, որ Հայաստանը նույնիսկ համարձակություն չունի բաց խոսել իր պաշտպանական համակարգի վերականգնման մասին, իր պաշտպանական լիարժեք համակարգի իրավունքի մասին:

Բոլոր դեպքերում ակնառու է, որ բանակը «լուռ կառուցում» ենք արտահայտությունը գերազանցապես քարոզչություն է, ուղղված դատարկություն կամ անարդյունավետություն ծածկելուն, եւ կամ՝ ուղղված «դատարկ գլուխներին», ներեցեք:

Ընդ որում, հակառակը բացարձակապես չի նշանակում կամ չպետք է նշանակի ամենօրյա ռեժիմով պաթոս բանակի մասին, ուռահայրենասիրական դատարկախոսություն: Բոլորովին: Մի ծայրահեղությունը քննադատելը, չի նշանակում ուղղակի, թե անուղղակի խրախուսել մեկ այլ ծայրահեղություն:

Բայց, հնարավոր չէ կառուցել բանակ, պաշտպանական համակարգ, առանց դրա վերաբերյալ հանրային լայն խոսույթ ծավալելու, որովհետեւ զինված ուժերը այդուհանդերձ հանրության օրգանիզմի մաս են, եւ անհնար է աշխատանք՝ առանց այդ օրգանականության:

Այլապես, դրա մասին հիշում են, երբ միայն հարկ է լինում արդարացնել բանակում ոչ կանոնադրական հարաբերությունները, ասելով, թե բանակը հասարակության հայելին է եւ բոլոր խնդիրները գալիս են հասարակությունից:

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի

Ձեզ գուցե հետաքրքրի