Իշխանությունները հավաստիացնում են, թե ամենօրյա աշխատանք են տանում գերիների ազատ արձակման հարցում, սակայն շոշափելի արդյունք չկա։ Փոխարենը կան միջազգային ջանքեր այդ ուղղությամբ։ Սեպտեմբերի 19-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից աջակցվող փոփոխությունը՝ «2026թ․ պետդեպարտամենտի լիազորությունների մասին օրինագծում», որը պարտադրում է պետդեպարտամենտին ապահովել հայ ռազմագերիների ազատ արձակումը, պաշտպանել Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը, աջակցել Արցախի տեղահանված հայերի վերադարձի իրավունքի իրացմանը։
Այսպիսով՝ այս հարցերը կդառնան ԱՄՆ օրակարգ 2026-ին։ Բայց ԱՄՆ-ն կարո՞ղ է առաջընթաց արձանագրել այս հարցերում։
Ընդդիմախոսները կարծիք են հայտնում, որ եթե Նիկոլ Փաշինյանն ապաշնորհ չլիներ, ապա օգոստոսի 8-ին կարող էր լուծել նաև գերիների ազատ արձակման հարցը։ Նույնպես հայերի Արցախ վերադարձի հարցում Հայաստանը կարող է ստանալ ԱՄՆ աջակցությունը, եթե ՔՊ-ական իշխանությունները համարժեք դիրքորոշում որդեգրեն։
Չնայած՝ Թրամփի կողմից Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հասցեին շռայլած հաճոյախոսություններին, ՔՊ-ական իշխանությունները շարունակում են աշխարհին ներկայանալ ոչ թե որպես անկախ, ինքնիշխան պետություն, այլ ռուսական ազդեցության գոտի։ Արևմուտքն այդ թվում ԱՄՆ-ն տարբեր առիթներով հայտնել են իրանց աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը, սակայն ՔՊ-ական իշխանություններն անկախության ամրացման, ռուսական ազդեցությունից ազատվելու ուղղությամբ լուրջ քայլ չեն անում։
Սեպտեմբերի 20-ին ՔՊ 7-րդ համաժողովում Նիկոլ Փաշինյանը երկարատև ելույթում և դրա հաջորդած ճեպազրույցում նույնիսկ չակնարկեց, որ առաջիկայում անկախության ուղղությամբ քայլեր են արվելու։ Այս համատեքստում է տեղավորվում նաև այն, որ նախագահ Թրամփն արդեն երրորդ անգամ է Հայաստանի փոխարեն ասում Ալբանիա։ Այսպիսով, հավանաբար՝ ակնարկում է, որ Հայաստանը պետք է քայլեր անի հակաքաղաքակրթական ազդեցությունից ազատվելու և իրապես անկախ Հայաստան դառնալու ուղղությամբ։
Օրեր առաջ ԱՄՆ միջնորդությամբ Բելառուսում ազատ արձակվեցին 52 քաղբանտարկյալ։ Եթե Լուկաշենկոյի նման բռնապետն է կատարում ԱՄՆ խնդրանքը, ապա ենթադրելի է, որ Ալիևը ևս ԱՄՆ-ի նման խնդրանքը չի մերժի։ Անհրաժեշտ է պարզապես աշխարհին ապացուցել, որ ՀՀ իշխանություններն իրապես անկախության ջատագով են, չեն գերադասում ռուսական շահերը, ձգտում են ազատ աշխարհի հետ համահունչ լինել և ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել։ Այս հարցում մեծ ջանք է գործադրել Ֆրանսիայի նախագահը, սակայն ՀՀ իշխանությունը ևս պետք է համարժեք քայլեր անի, որ ցրվեն Հայաստանի անկախության վերաբերյալ կասկածներն աշխարհում։
Իշխանությունների ամենօրյա ռեժիմով աշխատանքը գերիների վերդարձի հարցում արդյունավետ կլիներ, եթե այս ընթացքում անկախության ամրացման և ռուսական կապանքներից ազատվելու ուղությամբ մեկ քայլ անեին, օրինակ՝ հայտարարեին, որ ՀՀ-ն սկսում է ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց։ Այսօրինակ նախաձեռնությունը կմոտեցներ գերիների ազատման օրը, քանի որ ՀՀ-ն կարող էր ընկալվել ԱՄՆ-ի հուսալի դաշնակից, և ԱՄՆ-ի իշխանությունների համար հիմք կլիներ Ալիևից պահանջելու հայ գերիների ազատ արձակումը։ ԱՄՆ-ն նույն հիմքով կարող է արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման հարցն առաջ մղել, քանի որ վստահ կլինի, որ ՀՀ իշխանություններն առաջնորդվում են ազգային շահերով, ոչ թե սպասարկում են ռուսական հետաքրքրությունները։
Պարզ ասած՝ գերիների ազատ արձակման և Արցախ հայերի վերադարձի հարցում ամերիկյան աջակցությունը հնարավոր է։ Եվ այդ հարցերն առաջ մղելու համար ՔՊ-ական իշխանությունը ոչ թե պետք է խոսի Իրական Հայաստանի մասին, այլ անկախության և ժողովրդավարության ուղղությամբ ռեալ առաջընթաց արձանագրի։
Թաթուլ Մկրտչյան