Ներքին 1 տարի առաջ - 11:22 17-09-2025

Գարեգին Երկրորդը Վատիկանում հանդիպել է կարդինալների հետ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 15-ին և 16-ին Վատիկան պաշտոնական այցի ընթացքում հանդիպումներ ունեցավ Վատիկանի մի շարք կառույցների պատասխանատու կարդինալների հետ։

Վեհափառ Հայրապետը հանդիպեց Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ։ Զրույցի ընթացքում, ի շարս այլ հարցերի, անդրադարձ կատարվեց աշխարհի տարբեր կողմերում ծավալվող հակամարտություններին, ինչպես նաև մեր տարածաշրջանում զարգացումներին։ Կայուն և երկարատև խաղաղության վերականգնման համար կարևորվեցին միջազգային հանրության, այդ թվում և քույր Եկեղեցիների կողմից ներդրվող ջանքերը։ Վեհափառ Հայրապետը հանդիպմանը առանձնակիորեն բարձրաձայնեց նաև հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանության, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության անխաթար պահպանման և Ադրբեջանում անազատության մեջ պահվող ռազմագերիների ու պետական այրերի ազատ արձակման խնդիրները։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Սուրբ Աթոռի Արևելյան Կաթոլիկ եկեղեցիների բաժին, ուր հանդիպում ունեցավ կառույցի նախագահ կարդինալ Կլաուդիո Գուջերոտիի հետ։ Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց կարդինալին հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու նկատմամբ ջերմ վերաբերմունքի և օգտաշատ ծառայությանց համար։

Այս ընթացքում Վեհափառ Հայրապետը հանդիպեց նաև Քրիստոնեական միության խթանման բաժնի նախագահ կարդինալ Կուրտ Քոխին, Մշակույթի և կրթության բաժնի նախագահ կարդինալ Ժոզե Տոլենտինոյին և Սուրբ Աթոռի՝ պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերին։ Կառույցների ղեկավարների հետ քննարկվեցին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու գործակցության առավել ընդլայնման հարցեր, հայ ժողովրդի կյանքը հուզող հիմնախնդիրներ, քրիստոնյա աշխարհի առջև ծառացած մարտահրավերներ, քրիստոնեական արժեքների և ժառանգության պահպանման հրամայականներ։

Սեպտեմբերի 16-ի երեկոյան Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը վերադարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
10:01 Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
11:02 Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան