Ուղիղ եթեր
Միտք Ներքին 8 ամիս առաջ - 09:00 17-09-2025

Աննա Հակոբյանի խոստովանությունը վստահություն չի ներշնչում 

Խոստովանությունը ուժեղացնում է մարդուն, ազատում գաղտնիքի ծանրությունից, իր նկատմամբ վստահություն ներշնչում։ Օգոստինոս Երանելու «Խոստովանությունը» մարդկությանը հայտնի ամենաընդարձակն ու ամբողջականն է։ Քաղաքական գործչները ևս պարբերաբար անկեղծանում են, խոստովանում, որի արդյունքում ուժեղանում են և շահում ընտրողի վստահությունն ու սերը։

«Պետք է խոստովանեմ, որ, եթե չլիներ «Կրթվելը նորաձև է» շարժումը, ես երբեք ժամանակ չէի տրամադրի ինձ, չէի լրացնի այն բացը, որը միշտ զգացել եմ։ Վաղ ամուսնություն, երեխաներ, ամուսին, ամուսնու շատ կարևոր ճանապարհ՝ լի հազարումի բարդություններով. այս ամենը թույլ չեն տվել ինձ զբաղվել ինձ համար այնքան հաճելի զբաղմունքով՝ կրթվելով։ Բայց, ահա, ունենք «Կրթվելը նորաձև է» շարժումը, որը բոլորիս տալիս է ծանրակշիռ հիմնավորում կրթվելը մեր բոլոր պարտականությունների մեջ ամենակարևոր պարտականությունը համարելու համար։ Այս գրառմամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել «Կրթվելը նորաձև է» շարժման 11 հազար 258 անդամներին։ Եթե դուք չհավատայիք գաղափարին, այն չէր վերածվի հզոր շարժման և չէր տարածվի մեր երկրով մեկ»,- սեպտեմբերի 16-ին գրել է Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը։

Ի՞նչ բաց է լրացրել Փաշինյանի տիկինը։ Ինչո՞ւ շարժման որևէ արդյունք չի ներկայացվում, բացի մասնակիցների քանակից։

Իհարկե, ողջունելի է, որ Փաշինյանի տիկինը գիրք է կարդում։ Սակայն այս խոստովանությունում ճշմարտությունն ամբողջական չէ։ Անկեղծ կլիներ, եթե ասեր, որ կրթվում է դիրքի բերումով։ Օրինակ՝ անգլերեն է սովորում, որ արտերկրյա հանդիպումների կամ օտարերկրացիներին ընդունելու ժամանակ զրուցակիցների հետ ազատորեն անգլերեն խոսի։ Իսկ եթե Փաշինյանի տիկինը գիրք է կարդում, որ այդ գրքի հիմքով բանախոսություն պատրաստի «Կրթվելը նորաձև է» շարժման մասնակիցներին ներկայացնելու համար, ապա կարող էր ուղիղ ասել այդ մասին։

Բոլորը գիտեն, որ «Կրթվելը նորաձև է»-ն ՔՊ-ի քարոզարշավն է, մարդկանց են հավաքագրում։ Եվ այն առաջնահերթություն է, քանի որ 2026-ի ԱԺ ընտրություններում պարտության պարագայում ՔՊ-ն, ենթադրաբար, դառնալու է կառուցողական ընդդիմություն։ Թեկուզ ՔՊ-ականների մի մասը վաղուց հաշտվել է 2026-ից հետո ընդդիմություն դառնալու հեռանկարի հետ, սակայն Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ի մի մասը դեռ հույս ունեն, որ նախկինների աջակցությամբ կկրկնեն 2021-ի հաջողությունը։ Եթե Փաշինյանի տիկինն ուղիղ ասեր, թե ռեալ ի՞նչ նպատակ ունի «Կրթվելը նորաձև է» արշավն, ապա ավելի մեծ վստահության կարժանանար։

Նախապես կանխատեսվում էր, որ սեպտեմբերի կեսերից քաղաքական համայնքն ակտիվորեն ներքաշվելու է նախընտրական պատրաստությունների մեջ։ Այս օրերին ակտիվացել են ընդդիմադիր ուժերը, որոնք ռեսուրսների համախմբման աշխատանքներ են կազմակերպում։ Օրինաչափորեն՝ պետք է ակտիվանա նաև ՔՊ-ի «Կրթվելը նորաձև է» քարոզարշավը։ Օգոստոսի 8-ից հետո ժողովրդին ասելու շատ բան ունի Նիկոլ Փաշինյանը։ Իսկ սեպտեմբերի 15-ին «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովի ժամանակ էլ ակնարկվեց, որ օգոստոսի 8-ի ձեռքբերումները սոցիալիզացնելու կարիք կա։ Այս խնդիրը լուծելու հարթակներից մեկն էլ «Կրթվելը նորաձև է» շարժման քողի տակ կազմակերպվող նախընտրական հանդիպումներն են։

Այսպիսով՝ եթե «Կրթվելը նորաձև է» շարժման առաջիկա հանդիպումներում Փաշինյանն ու նրա կինը նույն բաներն են ասելու, ինչ ասում էին մինչև օգոստոսի 8-ը, ապա ենթադրելի է, որ Փաշինյանի տիկինը կա՛մ ոչ մի բան էլ չի կարդացել, կա՛մ կարդացել ու ոչ մի բան էլ չի հասկացել, կա՛մ Փաշինյանն ու նրա տիկինը հաշտվել են 2026-ին պարտության հետ, իսկ մինչ այդ ամեն ինչ անելու են, որ օգոստոսի 8-ին ստորագրված հուշագրերը հնարավորինս ուշ կյանքի կոչվեն։

Կարճ ասած՝ Աննա Հակոբյանի խոստովանությունը վստահություն չի ներշնչում և շատ հարցեր է առաջացնում։ Այն վստահություն կներշնչեր, եթե ասեր, որ «Կրթվելը նորաձև է» արշավի նպատակը Փաշինյանի վերընտրվելն է։ Արշավի մասնակիցների քանակն ընդգծելիս նույնպես կարող էր ասել, որ նրանք ՔՊ-ի ռեալ ընտրողներն են։ Այսինքն՝ ՔՊ-ն այսօրվա դրությամբ 11 հազար 258 ռեալ ընտրող ունի։ Սա փոքր թիվ չէ, սակայն բավարար չէ ընտրություններում հաղթելու համար։ Ու եթե ժողովուրդն առաջիկա ամիսներին անտարբերություն ցուցաբերի Աննա Հակոբյանի խոստովանություններին, ապա ՔՊ-ն 2026-ին կպարտվի։

Թաթուլ Մկրտչյան