1996-ի նախագահական ընտրություններից հետո ասում էին, թե ՀՀ իշխանությունը լեգիտիմ չէ, քանի որ ընտրությունները կեղծվել են։ Հետագայւմ էլ ասում էին, թե երկիրը չի զարգանում, ներդրումներ չեն լինում, Արցախի հարցը, մի շարք այլ կարևոր, կենսական հարցեր չեն լուծվում, քանի որ ՀՀ իշխանություն լեգիտիմ չէ։ Ու ժողովուրդը սպասում էր, թե ե՞րբ ՀՀ-ում լեգիտիմ իշխանություն կձևավորվի։
Նիկոլ Փաշինյանը, սակայն, վերջին շրջանում լեգիտիմ բառը նոր իմաստով է կիրառում։
«Մենք հասկացանք, որ եթե ուզում ենք ապահովել մեր անվտանգությունը, պետք է հենվենք անառարկելի լեգիտիմության վրա։ Սա նշանակում է՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչել ՀՀ 29 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված տարածքի և սահմանների անդրդվելիությունը»,- սեպտեմբերի 15-ին հայտարարել է Փաշինյանը «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովում ունեցած ելույթում։։
Փաշինյանի այս խոսքը վերաբերում է ոչ թե իշխանության լեգիտիմությանը, այլ ինքնիշխանության լեգիտիմությանը։ Այսինքն՝ ակնարկվում է, թե մինչև 2022-ի հոկտեմբերի 6-ը ՀՀ ինքնիշխանությունը լեգիտիմ չէր։ Արդյո՞ք այդպես է, թե՞ լեգիտիմությունն այս դեպքում ևս վերաբերում է իշխանությանը։
Ռեալ քաղաքականության մեջ իշխանության և ինքնիշխանության լեգիտիմությունները իրարից հեռու չեն։ Այսինքն՝ եթե ՀՀ իշխանությունն աշխարհի կողմից ճանաչվում է լեգիտիմ, ապա ՀՀ ինքնիշխան իրավունքները նույնպես կասկածի տակ չեն դրվում։ Օրինակ՝ ազատ աշխարհի երկրները հանդիմանում են ՌԴ-ին Ուկրաինայի ինքնիշխան որոշ տարածքներ զավթելու փաստով։ Ի պատասխան՝ Պուտինն ասում է, թե Ուկրաինայում ձևավորվել էր ոչ լեգիտիմ իշխանություն, ուստի՝ Ուկրաինայի ինքնիշխանությունը լեգիտիմ չէր։
Քանի որ ՀՀ-ի դեմ ագրեսիայի շահառուներից էր նաև Մոսկվան, ապա ենթադրելի է, որ նույն հիմնավորումը կիրառվել է մեր պարագայում։ Եթե, ըստ Փաշինյանի՝ մինչև հոկտեմբերի 6-ը ՀՀ ինքնիշխանությունը լեգիտիմ չէր, նշանակում է՝ Փաշինյանի իշխանությունը նույնպես լեգիտիմ չէր։ Այս մասին 2025-ի հունիսի 19-ին ասել է նաև անձամբ Փաշինյանը, որ մինչև հոկտեմբերի 6-ը ինքը ֆորպոստի վարչապետ էր։
Ինչպե՞ս է ոչ լեգիտիմ Փաշինյանը 2022-ի հոկտեմբերի 6-ին՝ մեկ օրում, առանց ընտրությունների՝ դարձել լեգիտիմ։ Կամ ինչպե՞ս է ֆորպոստի վարչապետ Փաշինյանը մեկ օրում դարձել անկախ Հայաստանի վարչապետ։
Ի սեր ճշմարտության՝ հարկ է կրկնել, որ մինչև հոկտեմբերի 6-ը Փաշինյանը բարձրաձայն ու հպարտորեն պաշտպանում էր ՌԴ ազգային շահերը։ Այդ պատճառով նա ընկալվում էր որպես ռուսական ֆորպոստի վարչապետ, իսկ ՀՀ-ն՝ ռուսական ֆորպոստ, որի սահմաններն ու իրավունքները որոշում էր ՌԴ-ն։ 2022-ի սեպտեմբերի 15-ին, ՄԱԿ ԱԽ-ում Ռուսաստանի, Չինաստանի և մի շարք երկրների ներկայացուցիչները թափանցիկ ակնարկում էին, որ ՀՀ-ն ճանաչում են որպես ռուսական ազդեցության գոտի, ուստի՝ ՀՀ իրավունքները որոշում է ՌԴ-ն։
Ի վերջո՝ կեղծ է Փաշինյանի պնդումը, թե 2022-ի հոկտեմբերի 6-ից հետո ՀՀ ինքնիշխանությունը լեգիտիմ է դարձել, իսկ ՀՀ-ն անվտանգ։ ՀՀ ինքնիշխանությունը լեգիտիմ կլինի, երբ ՀՀ-ից դուրս կհրավիրենք ռուսական ռազմաբազան, կազգայնացնենք երկաթուղին, կիրականացնենք լյուստրացիա, դեսովետիզացում, ՀՀ-ն դուրս կգա ռուսական ազդեցության գոտուց և իրաես անկախ կդառնա։ Քանի դեռ այս քայլերը չեն արվել, ՀՀ անվտանգությունը պայմանավորված է ազատ աշխարհի երկրների՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի ողորմությամբ։ Այսինքն՝ ՀՀ անվտանգությունն այսօր ողորմելի վիճակում է։ Եվ եթե ԵՄ դիտորդներն այսօր դուրս գան ՀՀ սահմանից, իսկ Թրամփը երես թեքի Հայաստանից, ապա վաղը ռուս-թուրք-ադրբեջանական չբարեկամները կհարձակվեն, անտեսելով և՛ Ալմա Աթիի հռչակագիրը, և՛ նախաստորագրված խաղաղության պայմանագիրը։
Կարճ ասած՝ անվտանգությունը, դիմակայությունն ու ինքնիշխանության և իշխանության լեգիտիմությունը պայմանավորված են ՀՀ անկախության ամրացմանն ուղղված վերը նշված արմատական քայլերով, որոնց կատարման պարագայում աշխարհում ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել ՀՀ ինքնիշխանության լեգիտիմությունը, տարածքային ամբողջականությունը, հայ ժողովրդի իրավունքները։ Իսկ Ալմա Աթիի հռչակագիրն ու խաղաղության նախաստորագրված պայմանագիրը անվտանգության ու լեգիտիմության հետ որևէ կապ չունեն ու չեն էլ ունեցել։ Այս առումով՝ կարելի է ասել, որ Փաշինյանը դարձյալ ազնիվ չէ։
Թաթուլ Մկրտչյան