Տոկիոյում աղբամանների բացակայության թեման շարունակվում է հանրային քննարկման թեմա մնալ։ Ենթադրվում է, որ Նիկոլ Փաշինյանն արդեն հանձնարարել է Տիգրան Ավինյանին մտածել, թե ինչպես անել, որ Երևանում էլ աղբամանները վերացնեն։
Պարզվում է, որ Տոկիոյում աղբամանների բացակայությունը մաքրասիրությունից, ու պատասխանատվությունից զատ՝ ունի նաև անվտանգային իրական նկատառում։
Բանն այն է, որ 20-րդ դարի վերջին Ճապոնիայում «Աում Սինրիկյո» կրոնական կազմակերպությունը լուրջ խնդիրներ էր ստեղծել հասարակության ու պետության համար։ Այս աղանդի կողմից Տոկիոյում քաղաքային բնակչության նկատմամբ կիրառվել են քիմիական ներգործուն միջոցներ, ինչի արդյունքում բազմաթիվ մարդիկ են թունավորվել, եղել են նաև տասնյակ զոհեր։ Ամենահայտնի հարձակումը եղել է 1995 թվականի մարտի 20-ին գազային գրոհը Տոկիոյի մետրոյում, երբ աղանդի անդամները թունավոր գազ ցրեցին Տոկիոյի գետնուղու հինգ շարժակազմերում: Այն ժամանակ զոհվեց 13 մարդ, ավելի քան 6,3 հազար մարդ թունավորվեց։ Հենց 1995-ի ահաբեկչությունից հետո են Տոկիոյի իշխանությունները որոշել վերացնել աղբամանները անվտանգության նկատառումներից ելնելով։
Մասնավորապես՝ Տոկիոյի բնակիչները վախեցած «Աում Սինրկիյոյի» քիմիական գրոհներից, պարբերաբար ահազանգում էին, որ այս կամ այն վայրից թունավոր հոտեր են գալիս, և ենթադրում, որ այդ հոտերը կարող էին նույնպես մահացու լինել։ Ասեկոսեներ էին պտտվում, որ ահաբեկիչները թունավոր, քիմիական նյութեր են լցնում քաղաքի աղբամանների մեջ, որոնցից կասկածելի, վատ հոտ է գալիս։ Եվ այդ ահազանգերի հիման վրա էլ Տոկիոյի իշխանություններն ընդունել են համապատասխան օրենքներ և փողոցներից վերացրել են աղբամանները։ Եթե Փաշինյանը ժամանակ ունենար ու մի քիչ էլ հետաքրքրվեր, ապա կպարզեր, որ Տոկիոյում բաց աղբավայր էլ չկա։ Ճիշտ է, դրանք փակվել են բանպահպանական նկատառումներից ելնելով, սակայն առկա է նաև անվտանգային բաղադրիչ, քանի որ բաց աղբավայրերից տարածվող գարշահոտը թունավոր է և վտանգավոր մարդկանց առողջության համար։ Օրինակ՝ Նուբարաշենի աղբավայրից այնպիսի գարշահոտ է տարածվում, որ ճապոնացիները կվախենան մոտենալ։ Նրանց, հավանաբար, կթվա, թե «Աում Սինրիկյոն» Նուբարաշենում մասնաճյուղ է բացել ու թունավոր գազ ցրում։
Երևանում ահաբեկչության ռիսկ չկա, բայց բազմաթիվ դժբախտ դեպքեր են լինում, որոնց արդյունքում մարդիկ են զոհվում, տուժում տասնյակ քաղաքացիներ։ Օրինակ՝ սեպտեմբերի 2-ին Երևանում Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա հատվածում ավտոմեքենա պայթեց, որի հետևանքով վիրավորվեց 2 հոգի։ Պայթել էր գազաբալոնը։
Երևանի իշխանությունները ի՞նչ հետևություններ են արել, մարդկանց անվտանգությունն ապահովելու համար ի՞նչ են մտադիր անել։
Սա առաջին դեպքը չէ, որ Հայաստանում ավտոմեքենայի գազաբալոն է պայթում և մարդիկ են տուժում։ Միթե՞ հնարավոր չէ այնպիսի կարգավորումներ կիրառել, որ ավտոմեքենաների գազաբալոնները, չպայթեն ու մարդիկ չտուժեն դրա հետևանքով։ Եթե իշխանությունները համարժեք հետևություն անեին նախորդ պայթյուններից, համապատասխան օրենքներ, որոշումներ, կարգավորումներ կիրառեին, ապա սեպտեմբերի 2-ին ավտոմեքենա չէր պայթի Երևանի կենտրոնում։ Այս պայթյունը հիմք է ենթադրելու, որ իշխանությունները քաղաքացիների հանդեպ հոգատար վերաբերմունք չունեն, նրանց անվտագության մասին քիչ են մտածում, քիչ բան են անում։
Հայաստանի և Ճապոնիայի իշխանություններն այս առումով՝ էապես տարբերվում են։ Տոկիոյում նույնիսկ քաղաքացիների ահազանգերն ահաբեկչության ռիսկի մասին բավարար եղան անվտանգային լուրջ միջոցառումներ իրականացնելու, տվյալ պարագայում՝ աղբամանները քաղաքից վերացնելու համար։ Առաջին հերթին՝ ժողովրդի հանդեպ հոգատար վերաբերմունքը պետք է ընդօրինակեն Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ավինյանը ճապոնական իշխանություններից, դժբախտ դեպքերից հետո անվտանգային իրական միջոցառումներ կիրառեն, ոչ թե փորձեն կապկել ճապոնացիներին ու մտածել, թե ինչպես Երևանում էլ վերացնեն աղբամանները։
Թաթուլ Մկրտչյան