Օրերս Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հիմնական դահլիճում, ժամը 19:00-ին, կայացել է Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետային ներկայացումը, իսկ նույն ժամանակահատվածում թատրոնի տանիքում կազմակերպվել էր երգիչ Էրիկ Կարապետյանի համերգը։
Oragir.News-ի տեղեկություններով՝ «Ռոմեո և Ջուլիետ» բալետային ներկայացումը կրճատվել է, որպեսզի այն ավելի շուտ ավարտվի և չխանգարի տանիքում ընթացող էստրադային համերգին։
Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ թատրոնի տնօրենի պաշտոնակատար և գեղարվեստական ղեկավար Կարեն Դուրգարյանից, սակայն վերջինիս հետ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց։
Անկախ տնօրինության լռությունից՝ մեր դժգոհող հանդիսատեսին և հանրությանը ցանկանում ենք իրազեկել, թե ով է կայացրել նման որոշում, ինչ հիմքով է կրճատվել դասական ներկայացումը և ինչու է թույլատրվել երկու տարբեր ձևաչափի միջոցառումներ անցկացնել միաժամանակ։
Այս պատմության մեջ հարցերից գլխավորը հետևյալն է. արդյոք «Ռոմեո և Ջուլիետ» բալետի տևողությունը փաստացի կրճատվել է՝ տանիքի համերգին հարմարեցվելու համար, ի՞նչ կոնկրետ հատվածներ են դուրս մնացել բեմադրությունից և ո՞վ է թույլ տվել նույն ժամին կազմակերպել միջոցառումներ, որոնց ժամանակացույցերը կարող էին փոխադարձաբար ազդել միմյանց վրա։
Եթե տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և բալետը չի կրճատվել, ապա թատրոնի ղեկավարությունը շատ պարզ հնարավորություն ունի հանրությանը բացատրելու իրավիճակը և հերքելու տարածված լուրերը։ Սակայն մի բան հստակ է՝ բարձր արվեստը չպետք է հարմարեցվի պատահականորեն ավելի բարձր ձայն ունեցող ժամանցային միջոցառմանը։
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը սովորական համերգային հարթակ չէ։ Այստեղ ներկայացվում են դասական ստեղծագործություններ, որոնց տևողությունը, կառուցվածքն ու դրամատուրգիան չեն կարող կամայականորեն փոփոխվել՝ հանուն կոմերցիոն շահի։
Հասմիկ Մովսիսյան