Դեսպանի եղբայրը՝ թմրանյութի ու զենքի գործի կիզակետում, ԱԱԾ օպերացիա՝ Փարաքարում. Մամուլ

Հրապարակ օրաթերթը գրում է. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի մրցույթի տապալումից հետո հիվանդանոցի աշխատակազմում խուճապային տրամադրություններ են սկսվել։ Առանց այն էլ Նարեկ Զեյնալյանի՝ տնօրենի ԺՊ նշանակվելուց հետո մի քանի ամիս է՝ հիվանդանոցում անտերության վիճակ է: Զեյնալյանը չի թաքցրել, որ դեռ օդից կախված վիճակում է․ երբ լինի նշանակումը, այն ժամանակ էլ ընթացք կտա ԲԿ-ի խնդիրների լուծմանը՝ սարքավորումների, բժշկական ապարատների ձեռքբերում եւ այլն։ Փաստորեն, նա ի սկզբանե վստահ չի եղել, որ կնշանակվի, եւ կանխատեսել է, որ իրեն քցելու են, ուստի գնումների գործընթացին մոտ չի գնացել։ Մեզ ասացին նաեւ, որ իրականում հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանին ցածր է գնահատել բանավոր փուլում (մոտ 88,9 միավոր, անցողիկը 90-ն է)` ելնելով ոչ թե նրա պատասխաններից, այլ արտաքին տեսքից։ Բանն այն է, որ Նարեկ Զեյնալյանը քննության է գնացել ազատ ոճի հագուստով՝ ջինսով, վերնաշապիկի վերեւի կոճակները բաց, իսկ իր մրցակից Նարեկ Վանեսյանը եղել է կոստյում-շալվարով։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ ողջ օրը ԱԱԾ-ն Փարաքարում հավաքագրման գործընթացում է ներգրավված եղել։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր անվան շուրջ թմրանյութի, ապօրինի զենքի գործով օպերատիվ տվյալներ են ստացվել, որոնք եղել են բավականին ուշագրավ: Ըստ էության՝ փորձում են հասկանալ, թե ինչ կապ կա Նարեկ Մկրտչյանի եղբոր՝ Մկրտիչ Մկրտչյանի մեքենայում գտնվող անձի եւ նրա միջեւ։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ պարզվել է, որ Մկրտիչ Մկրտչյանի մեքենայից փախուստի դիմած անձը Փարաքարի բնակիչ Հրանտ Սարգսյանն է, որին երեկ՝ երեկոյան, ժամը 22:00-ի տվյալներով իրավապահները դեռ փնտրում Էին։ Իսկ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբայրը իրավապահներին պնդել է, որ հայտնաբերված զենքն ու թմրանյութը իրենը չեն, այլ իր մեքենայում գտնվող անձին են պատկանել։ Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայր Մկրտիչ Մկրտչյանը: ՀՀ քննչական կոմիտեից ArmLur.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), 393-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) եւ 396-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի)։ Մեկ անձ ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն

Հրապարակ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը ոչ միայն որոշել է Արցախի էջը փակել, այլեւ արցախցիների սոցիալական խնդիրները լուծելու ցանկություն չունի: Ամիսներ առաջ դադարեցվել էր սոցիալական աջակցության ծրագիրը՝ տասնյակ-հարյուրավոր արցախցիների, բառի բուն իմաստով, թողնելով փողոցում՝ զրկելով բնակարանի վարձը վճարելու գումարներից։ Մեզ պատմեցին, որ վերջին ամիսներին արցախցիները զանգվածաբար գնում են Ռուսաստան եւ կամավորագրվում ռուս-ուկրաինական պատերազմին մասնակցելու համար ձեւավորված կամավորական ջոկատներին, մասնավորապես՝ Արբատին, որտեղ պայմանագրային զինծառայողներին բավականին բարձր աշխատավարձեր են վճարում: Պատերազմի մասնակիցներին եւ նրանց ընտանիքների անդամներին նաեւ արագացված կարգով ՌԴ քաղաքացիություն են շնորհում։ Մինչդեռ պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու մասին պոռոտախոսող ՀՀ իշխանությունը կարող էր կռվելու ունակ արցախցիների ներուժը հայկական բանակում օգտագործել։ Մեր տեղեկություններով՝ Հայաստանի որեւէ պետական մարմին նորմալ հաշվառում չի էլ անում, թե այս ընթացքում քանի արցախցի է մեկնել Հայաստանից, քանիսն է վերադարձել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում խորհրդարանական ընտրություններին դեռ 10 ամիս գրեթե կա, սակայն կամա թե ակամա, գաղտնի թե բացահայտ, տարբեր քաղաքական ուժեր ակտիվացել են, իսկ նրանց միացել են նախկին իշխանական, այժմ, կարծես թե, ընդդիմադիր գործիչները։ Խորհրդարանական ուժերն արդեն իսկ պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին, մարզային հանդիպումներ, այցեր են իրականացնում։ Իսկ ահա արտախորհրդարանական ուժերից պաշտոնապես քչերն են հայտարարել, որ առաջադրվելու են՝ որպես վարչապետի թեկնածու։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս ուժերին է միանում նաեւ Հայկ Մարությանը, որն այս անգամ կարծես ոչ թե ակտիվ ՔՊ-ական քարոզ է իրականացնելու, այլ ինքնառաջադրվելու է սեփական կուսակցությամբ։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Հայկ Մարությանը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Նոր ուժ» ռեֆորմիստների կուսակցությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին կուսակցությունից հաստատեցին, որ Մարությանն իսկապես պատրաստվում է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Բանն այն է, որ Մարությանը մե՛կ դարձավ քաղաքապետ ՔՊ-ի եւ հեղափոխության «ներքո», մե՛կ էլ դարձավ ընդդիմադիր՝ երբ հեռացրին պաշտոնից։ Այժմ Մարությանը կարծես թե կրկին իշխանականների կողմն է անցել եւ օրերս հայտարարությամբ էր հանդես եկել «Թրամփի ուղու» վերաբերյալ՝ Նիկոլ Փաշինյանին հաճոյանալու համար»։