Armlur.am-ը բաց նամակ է հրապարկաել․
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
ՊԱՏՃԵՆԸ` ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԻՆ
ՀՀ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻՆ
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՌՈՄԱՆՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԴԻՄՈՒՄ
Մեծարգո՛ պարոն վարչապետ,
Սույնով Ձեզ իրազեկում եմ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում տիրող բարքերի, խտրականության, կամայական դրսևորումների մասին, որոնք կարող են պարունակել նաև կոռուպցիոն ռիսկեր, ուստի հայցում եմ Ձեր անմիջական միջամտությունը և խնդրում բարձրաձայնվող խնդիրների մասին իրազեկել պատկան մարմիններին`համապատասխան ուսումնասիրություններ անցկացնելու նպատակով՝ բարձրացվող խնդիրներին լուծում տալու համար։
Ցավալիորեն պետք է փաստել, որ բուհում կատարվող գործողություններն ուղղակի հակասության մեջ են 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության արդյունքում որդեգրված արժեքների հետ` ակնկալելով, որ այլևս չպետք է լինեն արտոնյալներ, որոնք իրենց ապօրինությունների համար պատասխան չեն տալիս։
Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում շարունակվում են աղաղակող խախտումներն ու կամայականությունները, որոնք խաթարում են համալսարանի ակադեմիական ազատությունը և կրթական բնականոն ընթացքը, որն իր հերթին բացասաբար է անդրադառնում համալսարանի արդյունավետ գործունեության վրա:
Համալսարանի Ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Դոնարա Ղազարյանը պրոռեկտորի պաշտոնին նշանակվելուց անմիջապես հետո վերազանցում է իր պարտականությունները՝ ընդլայնելով ապօրինի գործողությունների շարքը: Մասնավորապես, Դ. Ղազարյանը, անցնելով իր պաշտոնեական լիազորությունների սահմանը, նույն համալսարանիբազմաթիվ աշխատակիցներից պահանջել և շարունակում է պահանջել կանխիկ գումար, իսկկանխիկ գումար չունենալու դեպքում` ID բանկի «Իդրամ» հավելվածով փոխանցում, իր իսկ ծանոթ՝հիշյալ բանկի աշխատակից ոմն Էլենի միջոցովհամալսարանի աշխատակիցների անունովձևակերպում է “Rocket Line” վարկային գիծ` խոստանալով մարել, սակայն մարումը կատարում էմասամբ։ Օրինակ` նույն համալսարանի աշխատակից Լ․ Վ․-ից վերցված գումարից 300 ԱՄՆ դոլար պակաս է վերադարձրել` պնդելով` «Ես գումարը վերադարձրել եմ, դու չես հիշում»: Նույն Լ. Վ․ի “Rocket Line” վարկային գծի մարումներից ամենամսյա վճարը պրոռեկտոր Դոնարա Ղազարյանը կրկին մարում է մասամբ:
Նույն վարկային գիծը պրոռեկտոր Դ.Ղազարյանը ձևակերպել է համալսարանիՌոմանական լեզուների ամբիոնի դասախոս Մ․ Ղազարյանի և այլոց անուններով:
Հատկանշական է, որ այն աշխատակիցները, որոնք հետ էին խնդրում կամ պահանջում պարտքը, կարճ ժամանակ անց զրկվում էին աշխատանքից`տարբեր հանիրավի պատճառներով, մասնավորապես` նախկին աշխատակից գլխավոր հաշվապահ Շուշանիկ Ներսիսյանը Դ․ Ղազարյանի հետ հերթական վեճից հետո պահանջեց վերջինից վերադարձնել պարտքը, որը կազմում էր բավականին մեծ գումար։ Արդյունքում Դ. Ղազարյանը Ներսիսյանից պահանջեց գրել ազատման դիմում։ Հիշյալ գումարի վերադարձը, ինչպես նաև գումարի մասին վեճերը տեղի էին ունենում համալսարանի ռեկտոր Դ․ Գյուրջինյանի և մի շարք աշխատակիցների, մասնավորապես` Լ․ Վ․-ի և այլոց ներկայությամբ։
Ցավով պետք է նշեմ, որ ԲՊՀ ռեկտոր Դ․ Գյուրրջինյանը քաջատեղյակ է պրոռեկտոր Դ․ Ղազարյանի այդ գործարքների մասին և ակնհայտ կոծկում է Դ․ Ղազարյանի գործունեությունը։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ս.թ. ապրիլ ամսից սկսած պրոռեկտոր Դ. Ղազարյանը ստիպում է Ուսումնական բաժնի պետ Լ. Վ․-ին աշխատանքից ազատվել` հարկադրելով գրել ազատման դիմում (Լ. Վ․-ի աշխատանքային պայմանագիրն անժամկետ է), ահաբեկելով, որ չգրելու պարագայում «…կազատենք նկատողություններով»։
Վերոբերյալից զատ հայտնում եմ, որ Դ. Ղազարյանը ապօրինի գործունեություն է ծավալում նաև ուսումնական գործընթացում` անվերջ փոփոխություններ կատարելով բոլոր գործող ուսումնական պլաններում, մասնավորապես` 2022, 2023, 2024 թվականներին ԲՊՀ ընդունված ուսանողներն ընդունվել են բուհ մեկ ուսումնական պլանով: Դ. Ղազարյանն ուսումնական պլանը շարունակաբար ենթարկում է փոփոխության`առանց հիմնավոր պատճառի. ուսումնական պլանում հանում կամ ավելացնում է բազմաթիվ առարկաներ` խախտելով ուսանողի հետ կնքված պայմանագրի պայմանները: Հավելեմ, Դ․ Ղազարյանը ուսպլանների վերանայման քողի ներքո ավելացնում կամ հանում է մասնագիտական առարկաները դասավանդող դասախոսներին`պայմանավորված իր իսկ վերաբերմունքով։ Ցավալիորեն, բոլոր ուսումնական պլաններից հանվել կամ զգալի կրճատվել են մասնագիտական դասընթացները։
Տեղեկացնում եմ նաև, որ պրոռեկտոր Դ․ Ղազարյանի նախաձեռնությամբ որոշում էր կայացվել անցկացնել ուսանողների մնացորդային գիտելիքների ստուգում` ի հեճուկս գործող գնահատման կարգի։ Ամբիոններին հանձնարարվել էր նյութեր պատրաստել քննության համար, որոնք պետք է պահվեին Դ․ Ղազարյանի չհրկիզվող պահարանում, որպեսզի դասախոսները ծանոթ չլինեն նյութերին, իսկ այդ քննության գնահատականը պետք է կազմեր ուսանողի վերջնական գնահատակնի 50-ից 60 տոկոսը։ Տեղեկանալով այդ մասին` ուսանողները բողոքի ձայն բարձրացրին, սկսեցին ստորագրահավաք, որին մասնակցեց ուսանողության գրեթե 90 տոկոսը։ Ուսանողներին լռեցնելու նպատակով գումարվեց նիստ` բուհի և ուսանողների մասնակցությամբ։ Նիստին ելույթ ունեցան երկու պրոռեկտորներ՝ Դ․ Ղազարյանը և Գ․ Հակոբյանը։ Նիստի ընթացքում պրոռեկտորներն իրենց որոշումը փոխեցին`հայտարարելով, որ քննությունը ոչ թե ուսանողների գիտելիքների ստուգում է, այլ, մեջբերում եմ` «… հետապնդում է ապիկար և տգետ դասախոսների բացահայտման նպատակ», ինչով հերթական անգամ նվաստացվեց մեծավաստակ պրոֆեսորադասախոսական անձնակազմի դիրքը ուսանողների շրջանում` հիասթափության և հուսահատության հերթական չափաբաժինը մատուցելով վաստակաշատ դասախոսական կազմին։
Նշեմ նաև, որ Դ. Ղազարյանը քանիցս խախտել և շարունակում է խախտել պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքային իրավունքները, ստիպել և շարունակում է ստիպել ամբիոնների վարիչներին կազմել դասախոսի տարեկան բեռնվածության պլան` միավորելով նույն խմբում բակալավրի և մագիստրատուրայի տարբեր կուրսերի ուսանողներին: Այսպիսով, դասախոսը դասավանդում է 2, 3 կամ 4 խմբերում և ստանում աշխատավարձ մեկ խմբում պարապելու համար…Հավելեմ, որ դասախոսի բեռնվածության պլանում միավորված են անգամ առկա և հեռակա համակարգի խմբեր` սույնով խախտելով նաև ուսանողի իրավունքները, անտեսելով ուսանողի զարմանքն ու զայրույթը, թե ինչու, լինելով մագիստրատուրայի ուսանող, դասն անցկացնում են բակալավրի առաջին և երկրորդ կուրսեցիների հետ: Օրինակ` «Ռուս գրականություն» առարկան մեկ դասաժամին միավորվում են «Միջմշակութային հաղորդակցություն» բակալավրիատի 3-րդ կուրսի, «Լեզվաբանություն» բակալավրիատի 5–րդ կուրսի, «Մանկավարժություն» բակալավրիատի 5–րդ կուրսի և «Միջմշակութային հաղորդակցություն» մագիստրատուրայի 2–րդ կուրսի հեռակա ուսուցման համակարգի ուսանողները:
Բուհի ներկայիս ղեկավարությունը՝ ռեկտոր Գյուրջինյանը և պրոռեկտորներ Դ․ Ղազարյանը և Գ․ Հակոբյանը, բարձրաձայն ներկայացնելով «տնավարության» դեմ պայքարը, հենց իրենք են «տնավարություն» թույլ տալիս․ Գյուրջինյանի եղբայրը ղեկավարում է բուհի ենթակայությամբ գործող հանրակացարանը, ռեկտորի դուստր Աշխեն Գյուրջինյանն անմիջապես անցավ աշխատանքի բուհի միջազգային բաժնում`զբաղեցնելով գլխավոր մասնագետի հաստիքը`համատեղությամբ դասախոսելով նույն բուհում։ Աշխեն Գյուրջինյանի ընկերուհիները նույն բուհում նշանակվեցին աշխատանքի ղեկավար պաշտոններում։ Տնավարության շարքից են նաև գործուղումները՝ դասախոսության և փորձի փոխանակման ծրագրերով արտերկրներ են մեկնում միաժամանակ ռեկտորն ու դուստրը, նաև պրոռեկտոր Ղազարյանն իր դստեր հետ։
Ընդգծեմ, որ անգամ պարգևավճարները բուհիաշխատակիցները ստանում կամ չեն ստանում կամայական․ այսինքն` «ռեկտոր-պրոռեկտորներ միավորումը» որոշում է` ով և ինչքան գումարի է արժանի։
Ռեկտորն ունի «սև» և «սպիտակ» ցուցակներ․ «սև» ցուցակում հայտնված աշխատակիցներն ընդանրապես զրկվում են պարգևավճարներից։
Ցավալիորեն, պրոռեկտոր Գ․ Հակոբյանն անգամ հետևում է Ֆեյսբուք սոցիալական ցանցում աշխատակիցների ակտիվությանը` տգիտություն համարելով ուսանողների գրառումները հավանելը կամ «սրտիկելը»` դրա համար պահանջելով բացատրություն։ Մասնավորապես, բուհի ուսումնական բաժնի պետ Լ․ Վ․-ից պահանջել է բացատրություն «Ֆեյսբուք քնֆեշն» էջում ուսանողների դրական գրառմանը հավանելու համար` հայտնելով իր վրդովմունքն առ այն, թե ինչպես կարելի է «սրտիկել» այդ տկարամիտների գրառումը։ Իսկ այդ «տկարամիտները» նոր կյանք մտնող բուհի ուսանողներն են: Բուհն իր գործունեությունը ծավալում է`չունենալով ռազմավարական ծրագիր, որը բուհի Հոգաբարձուների խորհուրդը չհաստատեց` տալով երկու շաբաթ ժամանակ ծրագրի վերանայմանհամար: Ցավալիորեն, ծրագիրը ցայսօր վերանայված չէ, քանզի պրոռեկտոր Դ․ Ղազարյանը դա «այդքան էլ չի կարևորում»։
Համալսարանում ստեղծվել է մի անառողջ միջավայր, որտեղ կարող են հանիրավի ստիպել ազատվել զբաղեցրած պաշտոններից:
Մեծարգո՛ պարոն վարչապետ,
Լինելով ժողովրդավարական երկիր Հայաստանի Հանրապետության մի մասնիկ` սույն դիմումովհայտնում եմ իմ խորը մտահոգությունն ուանհանգստությունը` բարձրաձայնելով այս աղաղակող անիրավությունների և բուհի շահերից չբխող շահադիտական, անձնական այլ շահագրգռվածություն հետապնդողգործողությունների մասին:
Հիշյալով պայմանավորված` խնդրում եմ Ձեր միջամտությունը՝ վերջ դնելու Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում տիրող կամայականություններին, որոնց հետևանքով ավելի քան 2 տարի է, ինչ համալսարանում տիրում է անառողջ և վախի մթնոլորտ, որը խաթարում է համալսարանի բնականոն և արդյունավետ գործունեությունը:
Նամակը անստորագիր է՝ հասկանալի պատճռներով, ինչով պայմանավորած ArmLur.am-ը դիմեց Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորին, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։
Սոնա Գրիգորյան