copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:17 30-11-2022

Մենք շատ հարցերի պատասխան տեսնում ենք Հարությունյանի ընտրվելու հետ միայն․ Բրյուսովի համալսարանից՝ ռեկտորի ընտրության մասին

«Մրցույթը տեղի է ունենանալու դեկտեմբերի 9-ին ժամը 11-ին։ Կարգի համաձայն տեղի է ունենալու դռնփակ»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը՝ խոսելով բուհում տեղի ունեցող ռեկտորի ընտրության ժամանակացույցից։

Խոսելով առաջադրված թեկնածուներից՝ Ակոպյանը նշեց, որ կան երկու թեկնածու. «Ներկայիս ռեկտոր Կարինե Հարությունյանը, որին առաջադրել են բոլոր ստորաբաժանումներն անխտիր, չկա բուհի մի ստորաբաժանում, որ առաջադրած չլինի և Լեզվի կոմիտեի ղեկավար Դավիթ Գյուրջինյանը։ Բոլոր ստորաբաժանումները նիստ են արել և Հարությունյանին առաջարկել, որ ինքը մասնակցի, որովհետև մենք շատ հարցերի պատասխան տեսնում ենք իր ընտրվելու հետ միայն՝ կապված նաև վերջին մեկ ամսվա իրադարձություններից»,- ասաց Ակոպյանը։

Խոսելով Կարինե Հարությունյանի ռեկտորի պաշտոնում վերընտրվելու շանսերից՝ Ակոպյանն ասաց. «Կանխատեսումներ չեմ կարող անել, բայց վստահ եմ, որ հաղթելու ենք, բոլոր նախադրյալներն ունենք, որ մեր թեկնածուն հաղթի»։

«Օրենսդրության համաձայն՝ 25 տոկոսը Կառավարության ներկայացուցիչներն են զբաղեցնում, 25 տոկոսը լիազոր մարմնի, այսինքն՝ նախարարության ներկայացրած անձիք են, 25 տոկոսը պռոֆեսորադասախոսական կազմը և 25 տոկոսը ուսանողություն։ Ուսանողական խորհուրդը ամբողջությամբ պաշտպանում է տիկին Հարությունյանի թեկնացությունը»,- ավելացրեց Ակոպյանը։

Ակոպյանն ընդգծեց, որ Հարությունյանի ծրագիրն ուղղված է բուհի շահերին. «Ես տիկին Հարությունյանի ծրագրին լավ ծանոթ լինելով, նրա մոտեցումներին բուհի հետ կապված, կարծում եմ, որ հոգաբարձուների խորհուրդն ընտրելու է այդ ծրագիրը»,- ասաց Ակոպյանը։

Հարցին, թե Գյուրջինյանը ծրագիր ներկայացրե՞լ է, ծանո՞թ եք ծրագրին՝ Ակոպյանը պատասխանեց. «Բնականաբար ներկայացրել, է բայց քանի որ ես հոգաբարձուների խորհրդի անդամ չեմ, չունեմ այդ ծրագիրը»։

Հետաքրքրվեցինք Ակոպյանից, իսկ ի՞նչ արդյունք տվեց բուհերի միավորման դեմ Ձեր պայքարը՝ Ակոպյանը պատասխանեց․ «Վարչապետի հրամանով հանձնաժողով էր ստեղծվել, որը պետք է առաջարկեր ընդհանուր ճանապարհային քարտեզ, մենք առաջարկել ենք ընդհանուր ուղղություններ որոշել, մինչև նոյեմբերի 30-ը, հիմա չգիտեմ՝ ներկայացվել է, թե ոչ։ Պետք է ամբողջ ճանապարհային քարտեզը լինի, ինչ բուհեր են պետք, ոչ թե այնպես ինչպես նախկինում էր եղել, պատահական բուհեր էին ընտրել, որի պատասխանը չիմացանք՝ ինչու մեր երեքը, հիմա սպասում ենք, ակնկալում ենք, որ այդ որոշումը օբյեկտիվ կլինի, որից հետո էլ մենք մեր ասելիքը կասենք»։

Հիշեցնենք՝ Oragir.News-ն օրեր առաջ Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի պաշտոնում ընտրվելու շուրջ զրուցել էր Դավիթ Գյուրջինյանի հետ նյութին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։