copy image url
Ներքին Խոսք 2 ամիս առաջ - 19:32 02-09-2025

ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելով՝ զիջեցինք մեր իրավունքները և փոխարենը ոչինչ չստացանք․ քաղաքագետ

Ադրբեջանը վերջին տարիներին հետևողականորեն պնդում էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի։ Օրերս՝ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումից հետո, որի պայմանավորվածությունը կողմերը ձեռք էին բերել օգոստոսի 8-ին՝ Վաշինգոնում, ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշում կայացրեց՝ փակել ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրան կից կառույցները։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Վարդանյանը նշեց՝ Բաքվի նպատակը պարզ է․ ամբողջությամբ փակել Ղարաբաղի հարցը և խուսափել նոր գլխացավանքներից։

«Ադրբեջանի դիրքորոշումը պարզ է․ ուզում է, որ Ղարաբաղի թեման ընդհանրապես փակվի։ Իսկ թե ինչու Հայաստանի իշխանությունը գնաց այդ քայլին, արդեն բարդ է ասել։ Անձամբ ես դեմ էի, բայց չգիտեմ՝ Փաշինյանը ինչ հաշվարկներից ելնելով գնաց դրան։ Մանավանդ, որ նույնիսկ դրանից հետո խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել։ Իմ կարծիքով՝ Մինսկի խմբի փակումը սխալ քայլ էր»,- ասաց Վարդանյանը։

Քաղաքագետի շեշտում է, որ այդ ձևաչափը կարող էր պահվել օրակարգում՝ որպես ճնշման գործիք Ադրբեջանի նկատմամբ և նաև հետագայում արցախահայերի վերադարձի իրավունքը բարձրացնելու համար։

«Փաստորեն ստացվում է, որ մենք զիջեցինք մեր իրավունքները՝ առանց որևէ առարկայական բան ստանալու։ Կարող են լինել նրբերանգներ, որոնք մեզ տեսանելի չեն, բայց ընդհանուր առմամբ այդ որոշումը ճիշտ չէր»,- ընդգծեց նա։

Արմեն Վարդանյանի համոզմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն իրականում լիարժեք չէր գործում։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի գործողությունները ոչ միայն չէին նպաստում գործընթացին, այլև խաթարում էին այն․ «Ռուսաստանը ֆորմալ առումով համերաշխ էր մյուս համանախագահների հետ, բայց գործնականում մղում էր Ադրբեջանին քայլերի, որոնք կասկածի տակ էին դնում Մինսկի խմբի լեգիտիմությունը։ Բացի այդ՝ որպես միջնորդ երկիր, նա զենք էր վաճառում Ադրբեջանին։ Միայն 2010-16 թթ․ Ռուսաստանը շուրջ 5 միլիարդ դոլարի զինամթերք վաճառեց Բաքվին։ Այսինքն՝ իր միջնորդի գործառույթները չէր իրականացնում»։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ թեև Մինսկի խումբը դադարեցրել է գործունեությունը, դա չի նշանակում, որ Արցախի հարցը այլևս երբեք չի վերադառնա միջազգային օրակարգ։ «Արցախի հարցը կարող է կրկին առաջ գալ, բայց ոչ Մինսկի խմբի միջոցով։ Հնարավոր է՝ դա տեղի ունենա այլ ձևաչափով, արևմտյան երկրների ներգրավմամբ, առանց Ռուսաստանի։ Այդ դեպքում իրավունքի գերակայությունն ավելի մեծ դեր կունենա։ Բացի այդ, պետք է հարցը տարվի միջազգային դատարաններ։ Ես վստահ եմ, որ այնտեղ կհաստատվի, որ Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում և ցեղասպանություն՝ բոլոր հետևանքներով՝ հայրենազրկում, զանգվածային բռնի տեղահանում և այլն»,- ասաց նա։

Վարդանյանը հավելեց՝ միջազգային դատարանների վճիռները կարող են դառնալ այն հիմքը, որով ապագայում Արցախի հարցը կրկին կբերվի միջազգային օրակարգ։ Հիշեցնենք՝ ԵԱՀԿ Մինսկի խումբ ներկայացնում էր ԵԱՀԿ երկիր անդամների համանախագահների մի խումբ, որը գլխավորում է Արցախյան հակամարտության խնդրի խաղաղ լուծման գործընթացը։ Խմբի ձևավորման մասին որոշումը ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների նախարարների խորհուրդը 1992 թվականի մարտի 24-ին։ Անվանումը պայմանավորված է ենթադրյալ խաղաղ կոնֆերանսի անցկացման վայրով։ Սկզբնապես խումբը բաղկացած էր 9 երկրներից, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներից։ Մերի Հակոբյան