«Հրապարակ» օրաթերթը գրում է. Սամվել Ալեքսանյանին ձեռնոց նետած Նարեկ Նալբանդյանի անվան հետ կապվող «8 8» սուպերմարկետները տարածվում են։ Օրերս Կապանում եւ Գորիսում են մասնաճյուղեր բացվել։ Սակայն դա անում են ուրիշների կայացած բիզնեսի հաշվին։ Պատմեցին, որ Կապանում երկար տարիներ գործող «Պրեստիժ» խանութների տիրոջը հուլիսին հարկային մեծ տուգանքների տակ են գցել, որով դրդել են վաճառել բիզնեսը։ Այդ տուգանքի մասին «Կապան քաղաք» ֆեյսբուքյան էջն էր գրել՝ ահազանգելով նման զարգացումների մասին։
Գրել էին, որ Գորիսի «Շանե» սուպերմարկետը դադարեցնում է գործունեությունը, նույն տեղում շուտով կբացվի «8 8»-ի մասնաճյուղը։ «Այս ամենը պատահական չէ․ Կապանում արդեն ընթանում է նույն սցենարով զարգացում։ 2 խոշոր սուպերմարկետների նկատմամբ, որոնք պատկանում են մեկ սեփականատիրոջ, 100 միլիոնավոր դրամների տուգանքներ են նշանակվել։ Դրանից հետո սեփականատերը կանչվել է «զրույցի»։ Ի՞նչ են ասում՝ գուշակել պետք չէ։ Վերջում կրկին նույն պատկերը՝ նոր բրենդ հին տեղում, իշխանական շնչով։ Այնպես որ, սիրելի կապանցիներ, մինչեւ տարեվերջ սպասեք իշխանական բրենդին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ իրավապահների տեսադաշտում այս պահին հայտնվել են Վարչական դատարանի մի քանի դատավորներ, եւ չի բացառվում, որ առաջիկայում նոր բացահայտումներ, անգամ՝ ձերբակալություններ լինեն։
ArmLur.am-ը արդեն տեղեկացրել էր, որ Վարչական դատարանի դատավորների աշխատասենյակներում օգոստոսի 29-ին իրականացված խուզարկությունների դեպքով կան արդեն կալանավորվածներ։ Մասնավորապես կալանավորվել է երկու անձ, որոնցից մեկը փաստաբան Արմեն Օհանյանն է։
Ըստ մեր աղբյուրների՝ նախաքննական մարմինը կալանավորել է միջնորդին եւ կաշառք ստացողի օժանդակողին։ Դատավորների վերաբերյալ քննչական գործողությունները դեռ շարունակվում են, իսկ գործը, մեր տեղեկություններով, հետաքրքիր զարգացումներ կունենա։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հուլիսին շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից ազատված Հակոբ Սիմիդյանը ՔՊ վարչության ընտրություններից հաշված օրեր առաջ ՔՊ վարչության անդամի թեկնածությունից ինքնաբացարկ է ներկայացրել։
Մեր տեղեկություններով՝ նա չի հաղթահարում Նիկոլ Փաշինյանից նեղվածությունը եւ որոշել է իր վերաբերմունքն այսպես արտահայտել։
Գրել էինք, որ Սիմիդյանի հրաժարականը թեպետ վաղուց հասունացած քայլ էր, քանի որ նրա աշխատանքից կառավարությունում բոլորն էին դժգոհ, սակայն վերջին կաթիլը դարձել է այն, որ Գորիսում իշխող ուժի քաղաքական ժողովին նա հանդգնել էր հակաճառել Փաշինյանին, դեմ խոսել վարչության ընտրությունների քարոզչական որոշ կարգերի մասին, ինչն էլ, ասում են, Փաշինյանը չի հանդուրժել եւ երկու օր անց ազատել է նրան։
Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իրավապահ համակարգում ունեցած վստահելի աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացմամբ դատավոր Ժենյա Մելիքսեթյանը, ամենայն հավանականությամբ, ուժի մեջ կթողնի բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշումը։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերի 8-ին նախատեսված է Սամվել Կարապետյանի բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով:
Սակայն իրավաբանների պնդմամբ, պատճառը ոչ թե այն է, որ Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթը կուռ եւ հիմնավոր է, այլ այն, որ ակնհայտորեն կա քաղաքական հրահանգ, որն արդեն ստացել է դատական համակարգը՝ ֆեյսբուքյան համապատասխան ուղերձներով ու ցուցումներով։
«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ իր իրազեկ աղբյուրներից տեղեկացավ, որ նախկինում գործավար, այսօր դատավոր Ժենյա Մելիքսեթյանի ամուսինը պետական համակարգի ծառայող է, ինչը դատարանին դնում է հատկապես զգայուն դիրքում։ Այլ կերպ ասած՝ դատարանից այլ որոշում ակնկալել գրեթե անիրատեսական է, երբ գործ ունենք իշխանության կողմից ուղարկված «քաղաքական ՍՄՍ»-ի հետ։