Խոսք Ներքին 9 ամիս առաջ - 14:00 28-08-2025

ՀՀ-ում ամենաթողություն է. ուղեվարձը վճարած քաղաքացուն տուգանած հսկիչները պետք է ազատվեն աշխատանքից

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

«Գիտեք, երբ էս համակարգը, որն իրենք մտցնում էին, պետք է նաև հաշվի առնեին, որ այսպիսի վտանգներ կան։ Եվ շատ կներեք, ավելի լավ է՝ 10 հոգու համար, ովքեր առանց տոմսի են երթևեկում, որևէ պատասխանատվություն չլինի, քան 1 քաղաքացու նկատմամբ նման դեպք լինի»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով նախօրեին հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին, երբ հսկիչները վճարում կատարած քաղաքացուն անհիմն տուգանել էին և նրան հանրային պարսավանքի ենթարկել։


/Ռուբեն Մելիքյան, իրավապաշտպան/

Հիշեցնենք՝ նախօրեին հանրային տրանսպորտում հսկիչները տուգանել էին մի կնոջ, ով վճարել էր ուղերվարձը։ Հսկիչներից մեկը վերցնելով կնոջ բանկային քարտը՝ հպել է վալիդատորին և երբ դրական ազդանշան է հնչել պնդել, որ վճարումը միայն այդ պահին է կատարվել, ինչից հետո նա տուգանելու մասին արձանագրություն է կազմել։ Միջադեպից անմիջապես հետո կինը գնացել է բանկ և քաղվածք վերցրել, որը հաստատել է կնոջ խոսքերը. 10 րոպե տարբերությամբ քարտից 2 վճարում է գանձվել։ Մտահոգիչ է նաև, որ ողջ պրոցեսը տեսանկարահանվել է, չնայած այն բանին, որ անհիմն տուգանվող քաղաքացին դեմ է եղել դրան։

Ռուբեն Մելիքյանի համոզմամբ՝ այս միջադեպի համար հսկիչները պետք է ամենախստագույն ձևով պատասխանատվության ենթարկվեն։ «Ես կարծում եմ, որ ամենախստագույն պատիժը պետք է լինի, այսինքն՝ առնվազն կարգապահական պատասխանատվության՝ աշխատանքից ազատվելու հարց պիտի լինի։ Էդ մարդիկ, ուղղակի, ես չեմ պատկերացնում, որ շարունակեն աշխատել էսպիսի անփույթ վերաբերմունքի պայմաններում։ Մնացածն էս պահին կդժվարանամ ասել, բայց կնոջը նաև պետք է փոխհատուցում տալ, դա նույնպես շատ կարևոր է, որովհետև էդպիսի ապրումներ, էդպիսի վիճակ, ուղղակի սա խայտառակություն է»,- ասաց նա՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ ոչ նյութական վնասի հատուցման խնդիրն առաջին հերթին հենց այն հանգամանքից է ի հայտ գալիս, որ անձին ենթարկել են հանրային պարսավանքի՝ այն դեպքում, երբ պարսավանքի ենթակա են հենց իրենք։

Իրավապաշտպան, սահմանադրագետ Գոհար Մելոյանն էլ նկատում է, որ այս վարչարարությունը վերջերս կատարված օրենսդրական փոփոխության արդյունքում է իրականացվում, և այն առչվում է, լայնազանգված մարդկանց հետ, ճշգրիտ վարչական պատասխանատվության ենթարկելու պատասխանատվությունը գտնվում է վարչարարի դաշտում։ «Այսինքն՝ այն նորաստեղծ մարմինների, որոնք ստուգումներ են իրականացնում հանրային տրանսպորտում, ու էս իրավիճակում, երբ քաղաքացին կանխարգելիչ տեղեկատվություն է տրամադրում առ այն, որ ինքը կատարել է վճարումը ու դրանից հետո, նրա նկատմամբ կայացվում է ակտ, բնականաբար, սա էդ կայացված ակտի անվավերության հիմք է։ Ինքը, ինչպես դուք ներկայացրեցիք, էդ քաղվածքով բանկի, բնականաբար, ներկայացման արդյունքում անվավեր է համարվելու իր նկատմամբ կայացված վարչական ակտը։ Սակայն այստեղ խնդիրն ավելի ընդհանրական է. երբ օրենք են ընդունում՝ ներգործելու, սահմանափակելու քաղաքացիների իրավունքները, այդ թվում՝ տուգանքի տեսքով, ըստ էության, նյութական պատասխանատվություն է նախատեսելու և նոր տեսակ՝ վարչական ներգործություն կատարելու, պետք է կամայականության արգելքը վարչակալի, համաչափությանն արգելքն իր ներգործության, հենց օրինաստեղծը և գործադիրը ապահովեն։ Դա քաղաքացիների տիրույթում չէ, և դա հենց վարչական վարույթի հետ կապված մեր օրենսդրության տրամաբանությունից ու սահմանված սկզբունքներից էլ է բխում»,- շեշտում է Մելոյանը։


/Գոհար Մելոյան, իրավապաշտպան, սահմանադրագետ/

Վերջինիս խոսքով՝ սա շատ մտահոգիչ միջադեպ է, քանի որ այժմ միայն այս դեպքի մասին է բարձրաձայնվել, սակայն նման դեպքերը կարող են բազմաթիվ լինել. «Ես ինքս պրակտիկայում շատ եմ առաջ առնչվում. նույն վերցնենք ավտոտրանսպորտային միջոցների հետ կապված ՃՏՊ տուգանքները։ Մարդիկ շատ հաճախ ոչ իրավաչափ կերպով ենթարկվելով պատասխանատվության՝ ավելորդ քաշքշուկից խուսափելու համար այլևս չեն բողոքարկում, այլ գլուխը կախ գնում, վճարում են էդ տուգանքը։ Սա իրավական պետության ոչ հարիր մեխանիզմ է, և սա սրա արդյունքում մարդկանց հիմնարար իրավունքները ոտնահարվում են։ Ես կարծում եմ՝ նախ ողջունելի է, որ քաղաքացին հետևողականություն է դրսևորել, և մտահոգիչ է, որ վարչարարը էս իրավիճակում քաղաքացիների նկատմամբ ոչ իրավաչափ ներգործություն է փորձում իրականացնել»։

Oragir.News-ի հարցին՝ խնդրահարույց չէ՞, երբ հսկիչները քաղաքացու կամքին հակառակ ողջ գործընթացը տեսանկարահանում են և նրան հանրային պարսավանքի ենթարկում՝ Գոհար Մելոյանը պատասխանեց, որ սա մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի ոտնահարում է, որովհետև գուցե տվյալ քաղաքացին օգտվում էր ազատ տեղաշարժվելու իր իրավունքից և չէր ցանկանում տվյալ վայրում ֆիքսվել։ «Տվյալ վարչարարը՝ նորաստեղծ մարմինը, իրեն թույլ է տալիս մարդու մասին անձնական տվյալ հրապարակել։ Դե մեր երկրում՝ հատկապես վերջին շրջանում, անձնական տվյալների պաշտպանության հետ կապված լրջագույն խնդիրներ ունենք, ու ըստ էության պետական մարմինները առաջին դեպքը չէ, որ իրենց ամենաթողության միջավայր են ձևավորում և կոպտորեն խախտում են մարդկանց անձնական տվյալների պաշտպանության շրջանակները։ Բնականաբար, խնդրահարույց է, ու պետք է էդ լիազորությունների շրջանակը հստակ բացել, օրենքով նայել։ Ես ինքս չեմ ուսումնասիրել, բայց պետք է պարզել՝ արդյոք ինքն օրենքով նմանաբնույթ հնարավորություն ստացե՞լ է՝ մարդկանց էդ պրոցեսը ֆիքսելու։ Ես ենթադրում եմ, որ ինչ-որ ֆիքսման պրոցես կա՝ փաստական հանգամանքներ հավաքելու, բայց համոզված եմ, եթե որ նմանաբնույթ տեսանյութերը հանրայնացնելու որևէ իրավունք իրավասու մարմինը՝ էս դեպքում, էդ տրանսպորտային միջոցների հսկիչները չունեն»,- նշում է նա։

Գոհար Մելոյանը հավելեց նաև, որ իրավական պետության շրջանակներում ու հենց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի պրակտիկայում հանրային պարսավանքի ինստիտուտը առավել կերպով հակառակ դեպքում է օգտագործվում, երբ քաղաքացիներն են տեսանյութեր հրապարակում՝ պաշտոնատար անձանց վարքագծի հետ կապված՝ փորձելով կանխարգելել ոչ իրավաչափ վարքագիծը։ Նրա խոսքով՝ քաղաքացու իրավունքները ավելի լայն կերպով են պաշտպանվում, քան պետական մարմիններինն ու պաշտոնատար անձանցը։

«Երբ անձը ստանձնում է որևէ պաշտոն, նա, այդ պաշտոնը ստանձնելով, ընդունում է նաև իր նկատմամբ ավելի լայն քննադատության հնարավորությունը, իսկ մարդը՝ մասնավոր անձը, քաղաքացին ավելի լայն շրջանակով է պաշտպանված իր իրավունքների ոտնահարումից և իր նկատմամբ, առավել ևս պետական մարմինների ներգործությունից, որովհետև՝ ի տարբերություն հասարակ քաղաքացու, ով կարող է անել այն ամենը, ինչ օրենքով արգելված չէ, պետական մարմինները կարող են կատարել միայն այն գործողությունները, որոնց իրենց լիազորել է Սահմանադրությունը կամ օրենքը»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան




Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ