Ներքին Միտք 1 ժամ առաջ - 18:00 14-09-2026

Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Աղմկահարույց հայտարարություն է արել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։ Օրեր առաջ Factor TV-ի հետ զրույցում, անդրադառնալով վարչապետի այն ակնարկին, որ գազի թանկացման դեպքում Հայաստանը ևս կարող է թանկացնել որոշ բաներ, Գաբրիելյանը հաստատել է, որ դա կարող է վերաբերել ռազմաբազայի վարձավճարի բարձրացմանը. «Ինչո՞ւ ոչ։ Այո՛։ Իմ անձնական տեսակետը նաև դա է»։

Ինչո՞ւ է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահն ակնարկում, թե ռուսական ռազմաբազայի վարձավճարը կարող են բարձրացնել։

Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանում մինչև 2012-ը ռուսական ռազմական ներկայություն կար Գաբալայի ռադիոլոկացիոն կայանում։ 2002 թվականին կնքված 10-ամյա պայմանագրով Ռուսաստանը Գաբալայում ռազմական ներկայություն ունենալու համար Ադրբեջանին վճարում էր տարեկան 7 միլիոն դոլար։ Էլեկտրաէներգիայի և այլ ծառայությունների հետ միասին ընդհանուր գումարը կազմում էր տարեկան մոտ 22 միլիոն դոլար։ 2012-ին պայմանագրի երկարաձգման բանակցությունների ժամանակ Ադրբեջանը կտրուկ բարձրացրեց գինը՝ պահանջելով տարեկան 300 միլիոն դոլար։ Այդ բանակցությունների արդյունքում ՌԴ-ն լքեց Գաբալան, ռուս զինծառայողներն Ադրբեջանից դուրս եկան։

ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի տեղակայման մասին պայմանագիրը, որի հայերեն տարբերակը պաշտոնական աղբյուրներում հրապարակված չէ, ստորագրվել է 1995-ի մարտի 16-ին։ Ի տարբերություն Գաբալայի՝ Ռուսաստանը Հայաստանին չի վճարում իր ռազմաբազայի համար։ ՔՊ պատգամավորն այս մասին չգիտի՞։

Եթե ՌԴ-ն չի վճարում վարձավճար, ապա Վիլեն Գաբրիելյանն ի՞նչն է թանկացնելու։ ՀՀ-ն է հոգում ռազմաբազայի բոլոր ծախսերը, տարեկան մոտավորապես 50-100 մլն դոլար է վճարում ռուսական ռազմակայանի ներկայությունն ապահովելու համար։ Հանրային խոսույթում կարծիք է շրջանառվում, թե ՔՊ-ական պատգամավորը գուցե նկատի ունի, որ եթե ռուսական կողմը թանկացնի գազը, ապա Հայաստանն ավելի գումար կվճարի ռազմաբազայի ծախսերի համար։

Սա տրամաբանական է։ Եթե ռուսական գազը թանկանա, ապա ենթադրաբար՝ կթանկանան նաև հոսանքը, ջուրը, այլ ծառայությունները։ Հայաստանն ավելի շատ փող կվճարի ռազմաբազայի ծախսած գազի ու մյուս ծառայությունների դիմաց։ Եվ կստացվի, որ եթե ռուսական գազը թանկանա, ապա Հայաստանն ավելի շատ կվճարի բազայի ծախսերը ծածկելու համար։ Այս առումով՝ Վիլեն Գաբրիելյանի դատողությունը տրամաբանական է, եթե այն վերաբերում է Հայաստանի կողմից արվող ծախսերի բարձրացմանը։

Իսկ եթե ՔՊ-ականը նկատի ունի, որ Հայաստանն Ադրբեջանի օրինակով կարող է ՌԴ-ից մեծ վարձավճար պահանջել բազայի համար, ապա ի՞նչն է խանգարում Վիլեն Գաբրիելյանին այդ մասին փաթեթ պատրաստել ու բերել ԱԺ օրակարգ։ Նախորդ գումարման ԱԺ-ում նա մի քանի նախագծեր է բերել ԱԺ օրակարգ և անցկացրել։ Եվ եթե նա իսկապես կարծում է, որ Հայաստանը կարող է Մոսկվայից փող ուզել ռազմաբազայի համար, ապա ոչ միայն կարող է ուղիղ ձևակերպել այդ պահանջը, որ տարընթերցում չլինի, այլև իր խոսքը դարձնել գործ, կազմել համապատասխան նախագծեր, ներկայացնել հանրային քննարկմանը, դարձնել օրակարգի հարց։

Սակայն բանն այն, էր այս թեման արդեն ժամանակավրեպ է։ ՌԴ նախագահ Պուտինի՝ ռուսական բազան ՀՀ-ից դուրս բերելու պատրաստակամության մասին հայտարարությունն ուղիղ պատասխան էր Փաշինյանի ակնարկին, թե գազի թանկացման դեպքում Հայաստանը ևս կարող է թանկացնել որոշ բաներ։ Այսպիսով՝ Կրեմլի բնակիչը պարզ ակնարկեց, որ եթե Նիկոլ Փաշինյանը բազայի համար փող է ուզում, ապա ՌԴ-ն հենց վաղն էլ պատրաստ է հանել բազան, քանի որ մեկ դրամ էլ չի պատրաստվում վճարել ՀՀ-ում ռազմաբազա ունենալու համար։

Պուտինի այս պարզ ակնարկից հետո ռազմաբազայի վարձավճարը բարձրացնելու թեման ոչ միայն անիմաստ է դառնում, այլև պարունակում է ծուղակ։ Նիկոլ Փաշինյանը և բազմաթիվ ՔՊ-ականներ, այդ թվում Վիլեն Գաբրիելյանը, հանդես են գալիս որպես անկախության և ժողովրդավարության ջատագովներ, հանդիմանում խորհրդարանական ընդդիմադիր գործընկերներին ռուսամետության, ռուսական շահեր սպասարկելու մեջ։ Ուստի համարժեք կլիներ, որ նրանք ոչ թե խոսեին բազայի համար վարձ ուզելու մասին, այլ ԱԺ օրակարգ բերեին ՀՀ-ից ռուսական զորքերի դուրս հրավիրման հարցը։

Կարճ ասած՝ Վիլեն Գաբրիելյանը կարող է պատմության մեջ մտնել ռուսական ռազմաբազան դուրս հրավիրելու մասին նախագիծն ԱԺ բերելով։ Իսկ գոյություն չունեցող վարձավճարը բարձրացնելու մասին նրա կարծիքը հիմք է տալիս ենթադրելու, որ ՔՊ-ն կամազուրկ և ռուսամետ ուժ է, որը ոչ թե անկախություն է ուզում, այլ փող է ուզում ՀՀ ինքնիշխան իրավունքները չճանաչող, ՀՀ-ում հիբրիդային պատերազմ վարող երկրի ռազմակայանը հայրենիքում պահելու համար։


Թաթուլ Մկրտչյան