Ներքին 1 տարի առաջ - 12:19 28-08-2025

Ժաննա Անդրեասյանը հետևել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ, որտեղ ընթացքի մեջ է հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլը։ Այն ներառում է Հավերժության տաճարի թեք մույթերի և վարչական մասնաշենքի տանիքի վերանորոգումը։

Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը, հուշահամալիրի հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավար, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի նախագծի համահեղինակ Սաշուր Քալաշյանը, ինչպես նաև շինարարությունն իրականացնող կապալառու կազմակերպության պատասխանատուները ներկայացրել են աշխատանքների ընթացքը։

Նշվել է, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման ընթացքում և՛ թանգարանը, և՛ հուշահամալիրը բաց են լինելու այցելուների և պաշտոնական պատվիրակությունների համար: Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, այցելուների հոսքին չխոչընդոտելու նպատակով մույթերը հերթով են հիմնանորոգվում. այժմ ընթանում են առաջին երեք մույթերի վերականգնման աշխատանքները:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է աշխատանքների որակյալ և ժամանակին իրականացումը՝ ընդգծելով հուշահամալիրի խորհրդանշական նշանակությունը Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Նա հորդորել է առավելագույն ջանքեր գործադրել, որպեսզի պահպանվեն սահմանված ժամկետները և ապահովվի համալիրի ամբողջական վերականգնումը՝ ամենաբարձր մակարդակով: Նախարարին զեկուցվել է, որ աշխատանքների արդյունքում կլուծվի տասնամյակներ շարունակ գոյություն ունեցող ջրահեռացման խնդիրը։ Վերջինիս պատճառով մույթերի քարերը քայքայվում էին, առաջացել էր քարաթափման վտանգ, իսկ վարչական ու թանգարանի մասնաշենքերում տարիներ շարունակ գրանցվում էր անձրևաջրերի ներհոսք։ Միաժամանակ նշվել է, որ իրականացվող աշխատանքները որևէ կերպ չեն փոխելու հուշահամալիրի արտաքին տեսքը։

Մասնագիտական խնդիրներին արդյունավետ լուծումներ տալու նպատակով ԿԳՄՍ նախարարն առաջարկել է ըստ անհրաժեշտության ներգրավել նաև մասնագիտական առաջատար կառույցների ներուժը՝ ստանալով նրանց կարծիքն ու դիտարկումները: Ժաննա Անդրեասյանին են ներկայացվել նաև սալաքարերի և անկյունաքարերի նմուշները, որոնք ջրամեկուսացման աշխատանքների ավարտից հետո ամրացվելու են մույթերի թիկնամասերին։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի երկփուլ հիմնանորոգումը մեկնարկել է դեռ 2024 թվականի վերջին: Առաջին փուլով իրականացվել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հարակից կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի բարելավման աշխատանքները, որի շրջանակում Եղևնիների պուրակում գործարկվել է ոռոգման կաթիլային համակարգ։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից