Ուղիղ եթեր
Ներքին Միտք 9 ամիս առաջ - 21:30 20-08-2025

Ի՞նչ սխալներ կամ լավ բաներ կանի նախարար Արսեն Թորոսյանը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը օգոստոսի 20-ին պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին: Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ Թորոսյանն առաջիկայում կնշանակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։

Հարցումները ցույց են տալիս, որ ՔՊ-ական այս գործիչը, թիմակիցների համեմատ՝ ցածր վարկանիշ ունի։ Պատգամավոր աշխատելու շրջանում նա գրառումներով, հարցազրույցներով խիզախորեն պաշտպանել է ՔՊ-ի հակաժողովրդական, ապապետական քայլերն ու դիրքորոշումը։ Միաժամանակ՝ նա հաճախ հանդես է եկել որպես անկախության ջատագով, քննադատել ընդդիմադիր գործընկերներին ռուսամետության, ռուսական շահեր սպասարկելու համար։

Ի՞նչ կանի Արսեն Թորոսյանը որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Այս առումով կան լավատեսական և հոռետեսական վարկածներ։

ՔՊ-ական իշխանությունը աչքի է ընկնում պոպուլիզմով ու մանիպուլյացիաներով։ Չնայած՝ հարցումները ցույց են տալիս, որ մարդկանց մեծ մասը լավ չեն ապրում, սոցիալական բազմաթիվ խնդիրներ կան, սակայն Փաշինյանն անվերջ գլուխ է գովում, թե գործազրկությունը նվազում է, աշխատատեղերը շատանում են, աշխատավարձերը բարձրանում են, ընդհանուր բարեկեցությունն աճում է և այլն։ Գործադուլները նույնպես վկայում են, որ սոցիալական չլուծված խնդիրներ կան, բայց կառավարությունը ոչ թե բավարարում է գործադուլավորների պահանջներն, այլ դաժանաբար պատժում նրանց։ Արցախից մոտ 100 հազար բռնի տեղահանվածների խնդիրները նույնպես համարժեք լուծումներ են պահանջում։ Այս ամենը հաշվի առնելով, ենթադրելի է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի սեղանին ծանր խնդիրներ են դրվելու։

Նա պատգամավոր եղած ժամանակ արցախցիների խնդիրները չի պաշտպանել, չի աջակցել նրանց։ Սակայն չի բացառվում, որ որպես նախարար, առանձնակի ուշադրություն կդարձնի արցախցիներին, կառաջարկի նոր սոցիալական ծրագրեր և արտոնություններ նրանց համար։ Այսինքն՝ նրա շնորհիվ արցախցիները կսիրեն Նիկոլ Փաշինյանին ու առաջիկա ընտրություններում ՔՊ կընտրեն։

Հաշվի առնելով, թե ինչ ոգևորությամբ էր պատգամավոր Արսեն Թորոսյանը խոսում ՀՀ անկախության կարևորության մասին, ենթադրելի է, որ նախարար դառնալով, նա ուշադրություն կդարձնի անկախականներին։ Ասում են, թե նախարար Թորոսյանը անկախության պայքարի մասնակիցներին, ԱՄԿ անդամներին, 1988-1991-ին անկախության համար պայքարում նշանակալի ավանդ ունեցածներին մեծարելու միջոցառումներ է կազմակերպելու, նրանց համար սոցիալական ծրագրեր է իրականացնելու, խորհրդանշական թոշակներ է սահմանելու և այլն։

ՀՀ-ն, որպես ԵՄ անդմակցելու ուղին ընտրած երկիր, պետք է կրճատի աղքատության ու գործազրկության ցուցանիշները։ Չնայած՝ ՔՊ-ի ապաշնորհ կառավարումը տեսնողները հույս էլ չունեն, որ էապես կրճատվեն աղքատությունն ու գործազրկությունը, սակայն, ասում են, թե Արսեն Թորոսյանը այնպիսի հնարքներ է կիրառելու, որ աղքատության ու գործազրկության թվերը անբացատրելի կերպով կնվազեն։ Ասում են նաև, թե նա հանդես է գալու 2026-ին թոշակները մի քանի հազար դրամով ավելացնելու նախաձեռնությամբ։ Այս ամենի արդյունքում բազմաթիվ վատ բաներ արած Արսեն Թորոսյանը գուցե կռեաբլիտացվի։

Կա նաև հոռետեսական վարկած, թե Արսեն Թորոսյանն աղետալի քաղաքականություն է վարելու, ինչի արդյունքում աճելու են աղքատությունը, գործազրկությունը, գործադուլները, սոցիալական բունտերը։ Հաշվի առնելով այն, որ արցախցիները, պատերազմի մասնակիցներն ու զոհվածների հարազատները վատ կարծիքի են Արսեն Թորոսյանի մասին, ենթադրելի է, որ վերջինս նրանց առնչվող սոցիալական ծրագրերը չարամտորեն կկրճատի։ Իսկ հաշվի առնելով այն, որ անպատասխանատվությունը սովորական բան է ՔՊ-ում, ապա հավանական է, որ նախարար Թորոսյանը կմոռանա անկախության մասին իր մեծ-մեծ խոսքերը, և անկախության պայքարի նվիրյալները կմնան անտեսված, արհամարհված։ Այսպես կապացուցի, որ ինքը ֆորպոստի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համախոհն է։

Կարճ ասած՝ Արսեն Թորոսյանին նախարար նշանակելը ռիսկային է։ Եվ այդ հաշվի առնելով, չի բացառվում, որ նրան թոշակի կուղարկեն։ Այսպիսով՝ գուցե մի քիչ կպակասեն ՔՊ-ին չընտրողները։

Թաթուլ Մկրտչյան