Ներքին Արտաքին Խոսք 9 ամիս առաջ - 17:30 08-08-2025

Փաշինյանը դեկորատիվ մանեկեն է, ով միշտ տարածք է զիջելու․ Հայկ Նահապետյան

Այսօր՝ օգոստոսի 8-ին՝ երևանի ժամանկով կեսգիշերին, Սպիտակ տանը կկայնա Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը։ Միջազգային մամուլը գրում է, որ Հայաստանը փաստացի հրաժարվել է դիմադրությունից՝ համաձայնելով Սյունիքով անցող ճանապարհի վերահսկողությունը հանձնել ամերիկյան կողմին։

Oragir.News-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը նշեց, որ Հայաստանը ոչ թե բանակցային սուբյեկտ է, այլ՝ օբյեկտ, որից տարածքներ են ստանում՝ Իրանի դեմ հնարավոր գործողությունների, «Մեծ Թուրան» նախագծի, ինչպես նաև Ռուսաստանի դիրքերի թուլացման համար։

«Նախ հարց տամ՝ Փաշինյանն ո՞ւմ է զիջելու՝ Ադրբեջանի՞ն, թե՞ Միացյալ Նահանգներին։ Հայաստանը՝ Փաշինյանի ներկայացմամբ, բանակցություններում սուբյեկտ չէ, այլ օբյեկտ։ Այդ օբյեկտից ստանում են տարածք, ինչը մարտահրավեր է առաջացնում, առաջին հերթին, Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Իրանի և Հայաստանի սահմանին այս կամ այն ձևով կարող է ներկայացված լինել ՆԱՏՕ-ն, որը սկզբունքորեն չի բացառում Իրանի դեմ ապագայում սպասվելիք ռազմական գործողություններին մասնակցությունը՝ Իսրայելի սանձազերծմամաբ։

Երկրորդ՝ այսպիսով՝ թուրքական աշխարհը ձեռք է բերում ցամաքային սահման մինչև Կենտրոնական Ասիայի երկրներ և Չինաստանի արևմտյան Սինծիան-Ույղուրական ինքնավար շրջան։ Երրորդ՝ Կենտրոնական Ասիայի հանրապետություններից գազը, նավթը և ընդերքի այլ հարստությունները կարող են Եվրոպա տեղափոխվել՝ շրջանցելով Ռուսաստանը և Չինաստանը։

Չորրորդ՝ սա մարտահրավեր է Ռուսաստանի համար՝ կենսական նշանակություն ունեցող Հյուսիս–հարավ ճանապարհին։

Հինգերորդ՝ «Մեծ Թուրան» նախագծի շահառուն Մեծ Բրիտանիայի փոխարեն դառնում ԱՄՆ-ն, ինչն ուժային նոր բալանս է ստեղծում Ռուսաստանի հարավում և անհրաժեշտության դեպքում հնարավորություն տալիս Երևան-Բաքու–Անկարա առանցքով ռազմական գործողություններ սկսել Ռուսաստանի դեմ։

Վերջապես այս նախագծի նպատակներից է նաև Հայաստանից ամբողջությամբ դուրս մղել Ռուսաստանի ազդեցությունը՝ թե՛ տնտեսական, թե՛ ռազմական առումով։ Այսպիսով՝ Հայաստանը միայն զիջումներ է անում, և եթե անգամ ֆորմալ առումով համարվում է սուբյեկտ, իրականում այն չկա։ Փաշինյանին՝ որպես դեկորատիվ մանեկեն, պարզապես կանգնեցնում են բանակցությունների սեղանի մոտ, և թղթի վրա ստորագրում է ինչ-որ բան, որի մասին իր կարծիքը ոչ ոք չի հարցնում»,- շեշտում է նա։

Ռազմական փորձագետի համոզմամբ՝ այս գործընթացում կարևոր բաղադրիչ է Ռուսաստանի դերակատարությունը և նրա ռազմավարական հաշվարկները.

«Ինչպես ասացի, այստեղ նաև խաղ է գնում հենց Ռուսաստանի դեմ՝ նպատակ ունենալով դուրս մղել նրան տարածաշրջանից։ Արդյոք Ռուսաստանը չի՞ հասկանում դա։ Իհարկե՛ հասկանում է, բայց պետք է նկատել, որ այս պահին նրա համար ռազմավարական առաջնահերթությունը հատուկ ռազմական գործողություններն են Ուկրաինայում, որտեղ Ռուսաստանը փաստացի, պատերազմում է 65 պետության դեմ։ Իր ուշադրությունը լիովին կենտրոնացած է այդ ճակատում հաղթանակ տանելու կամ դրա պատճառները վերացնելու վրա։ Ռուսաստանի համար շատ կարևոր է, որ իր մոտ 2-րդ կամ 3-րդ ճակատ չբացվի։ Այդպիսի ճակատներ կարող են բացվել շրջափակված Կալինինգրադի մարզում, Մոլդավայում գտնվող չճանաչված Պրիդնեստրովյան Հանրապետությունում, Հարավային Կովկասում և Միջին Ասիայի հանրապետություններում։

Ռուսաստանը սա հրաշալի հասկանում է, և եթե այս պահին որոշ տեղերում նրա վարքագիծը պասիվ է թվում, ապա դա թուլության նշան չէ, այլ՝ ժամանակ շահելու մարտավարություն։ Երբ Ուկրաինայում հասնի վերջնական հաղթանակի, Ռուսաստանը կվերադառնա կորցրած դիրքերին, այդ թվում՝ Արցախի հարցում»։

Նահապետյանի գնահատմամբ՝ Ռուսաստանը տեղյակ է Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ռազմատեխնիկական համագործակցության, ինչպես նաև Իրանի դեմ գործողություններում Ադրբեջանի ներգրավվածության մասին։ «Ռուսաստանը գիտի, որ Ադրբեջանը արտադրում է հրետանային արկեր Ուկրաինայի համար, որ Ուկրաինա ուղարկվող «հումանիտար օգնությունը» հիմնականում հասնում է զինվորներին, և որ Թուրքիան ամբողջովին ներգրավված է Ուկրաինայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունում։ Նա գիտի նաև, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանը իր տարածքը տրամադրել է Իսրայելի օդուժին։ Եվ երբ Ադրբեջանի քայլերը անցնում են որոշակի «կարմիր գծեր», Ռուսաստանը տալիս է համարժեք պատասխան։ Օրինակ՝ վերջերս Ուկրաինայում ոչնչացվեցին ադրբեջանական «SOCAR»-ի նավթավերամշակման գործարանները, ինչպես նաև գազատարը, որով ադրբեջանական գազ էր մատակարարվում։ Եթե առաջ դա չէր արվում, ապա միայն այն պատճառով, որ Ադրբեջանը դեռ չէր անցել այդ սահմանագծերը»։

Ռազմական փորձագետը ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունների քայլերը ևս կարող են Ռուսաստանի համար դառնալ արձագանքի պատճառ. «Մենք հաճախ հարցնում ենք՝ ինչու է Ռուսաստանը թույլ տալիս, որ ԱՄՆ-ն մտնի տարածաշրջան։ Հնարավոր է՝ դա մի տեսակ ծուղակ է։ Պետք է փորձենք ոչ միայն քննադատել Ռուսաստանի քայլերը, այլև հասկանալ դրանց նպատակները՝ արդյոք դրանք այս պահին կամ ապագայում կարող են սպասարկել մեր երկրի շահերը»։

Նա հիշեցրեց նաև Ռուսաստանի համար Հյուսիս-հարավ միջանցքի կարևորությունը, որը միավորում է ռուսական ապրանքների և էներգակիրների ճանապարհները Հնդկաստան, արաբական երկրներ և Աֆրիկա՝ շրջանցելով թուրքական նեղուցները. «Այժմ այդ միջանցքի համար խոչընդոտներից մեկը Հայաստանի տարածքով անցնող ճանապարհն է։ «Զանգեզուրի միջանցք» կոչվածը կարող է բերել ՆԱՏՕ-ի ներգրավմանը՝ տարբեր պատրվակներով, այդ թվում՝ մասնավոր ռազմական ընկերությունների միջոցով»։

Հայկ Նահապետյանը հավելեց, որ Ռուսաստանը Կովկասում երբեք չի զիջի իր դիրքերը։ «Պատմությունն ապացուցում է, որ Ռուսաստանը հեշտությամբ դուրս չի գալիս այստեղից։ Պատերազմում նահանջը պարտություն չէ, այլ ռազմավարական քայլ, որը հաճախ նախորդում է հակահարձակմանը։ Ինչպես տեսանք Ուկրաինայում, Ռուսաստանը կարող է նահանջել՝ ուժերը վերադասավորելու և հետագայում հաղթանակ տանելու համար»,- եզրափակեց նա։

Մերի Հակոբյան