Պարտվողի համար պարզ երկընտրանք կա՝ հաշտվե՞լ պարտության հետ, թե՞ նախապատրաստվել հաղթանակի։ Երկրորդ տարբերակն ընտրողներին որակում են ռևանշիստ։
Օրեր առաջ Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը գերմանական Berliner Zeitung թերթին տված հարցազրույցում նշել է, թե «կարևոր է ծայրաստիճան զգոն լինել հայկական հանրության մեջ ռևանշիզմի նոր ալիքի նկատմամբ»:
Ի՞նչ հետևություն կարելի է անել չբարեկամ երկրի պաշտոնյայի այս հայտարարությունից։
Նախ նկատենք, որ ռևանշը վկայում է հոգեբանական առողջության, կամքի, վճռականության, հաղթելու, իրավունքն, արժանապատվությունը վերականգնելու մտադրության մասին։ Այսինքն՝ նորմալ է, երբ պարտվածն ուզում է կրկին մրցել և հաղթանակի հասնել։
Ադրբեջանական պաշտոնյան այս արտահայտությամբ ակնարկում է, թե Հայաստանը պարտվել է, հայ ժողովուրդը նույնպես պարտված է։ Սակայն Բաքվում վախենում են հայկական ռևանշից։ Ավելին՝ ամենաշատը վախենում են հայկական ռևանշից։ Հասկանում են, որ դա հնարավոր է, ռեալ է։ Հետևաբար՝ քանի դեռ Ադրբեջանը Հայաստանի չբարեկամ պետություն է, զավթել է ՀՀ ինքնիշխան տարածքի որոշակի հատվածներ, ծաղրում է ՀՀ վարչապետին, լկտի նախապայմաններ է առաջ քաշում, ապա կարելի է խաղալ նրանց այդ վախի վրա։
Հայաստանում, իրոք կան մարդիկ, որոնք ձգտում են ռևանշի։ Բազմաթիվ մարդիկ իրոք ուզում են, որ ՀՀ ինքնիշխան տարածքից զավթված հատվածները՝ Արծվաշենը և մյուս հատվածները կրկին ամբողջությամբ ու լիարժեք ՀՀ ինքնիշխանության, ՀՀ քաղաքացիների տնօրինության ներքո լինեն։ Այդ ցանկությունն օրինական է, իրավական հիմքեր ունի, սակայն Նիկոլ Փաշինյանն այս թեման քնեցրել է, կապել սահմանազատման գործընթացի հետ, որը ներկայումս քնեցված է։
Շատերը երազում են, որ Արցախը մի օր նորից ազատ կլինի կամ Հայաստանի մաս կդառնա, այնտեղ ազատորեն կապրեն հայերը և այլն։ Այստեղ չափազանցված որևէ ցանկություն չկա։ Արցախը 3 հազար տարի եղել է հայկական ու կարող է այսուհետև լինել հայկական։ Եթե նախկիններն ու Նիկոլ Փաշինյանը ճիշտ քաղաքականություն վարեին, ապա Արցախը երբեք ադրբեջանական չէր դառնա։ Հետևաբար՝ եթե քաղաքական համայնքում գիտացկեն ռեալությունն ու ուղղեն սխալները, ապա հնարավոր է, որ Արցախն ազատագրվի, արցախցիները վերադառնան Արցախ։ Արցախի ազատության ջատագովներ կան քաղաքական համայնքում, մտավորականների, զինվորականների, հոգևորականների շրջանում։ ՀՀ-ում ապրող 100 հազար արցախցիներ այնտեղ տուն են թողել, հարստություն, բնականաբար՝ երազում են Արցախը կրկին ազատ տեսնել, վերադառնալ և ազատորեն ապրել իրենց բնօրրանում։
Այսինքն՝ ակնհայտ է, որ հայկական ռևանշի հիմքում ՀՀ-ի, հայ մարդկանց խախտված իրավունքների վերականգնումն է։
Ռևանշի դեմ են հանդես գալիս ՔՊ-ականները։ Նրանք կարծիքով՝ եթե խոսենք ՀՀ-ից զավթված տարածքների վերադարձից կամ Արցախ հայերի վերադարձի մասին, ապա այդ խոսույթը կարող է որակվել ռևանշիզմ ու խոչընդոտել խաղաղության գործընթացին։ Սա անհիմն ենթադրություն է։ Ավելին՝ ռևանշի մտադրությունները կարող են վախեցնել Բաքվին ու ստիպել վերջինիս անհապաղ ստորագրելու խաղաղության բանակցություները։ Բաքուն ձգտում է ձգձգձել խաղաղության ստորագրումը որքան կարող է երկար։ Ռևանշի ալիքն է, որ ստիպելու է նրան խելոք ստորագրել։ Մասնավորապես՝ Ֆրանսիայից գնած մի քանի միավոր զենքն ավելի է նպաստել խաղաղության գործընթացին, քան Նիկոլ Փաշինյանի կրավորական կեցվածքը։
Պատկերավոր ասած՝ եթե ՀՀ-ում իրոք ռևանշի ալիք բարձրանա, ապա այդ կնպաստի խաղաղության գործընթացին, Բաքուն կվախենա, որ Արցախը կրկին հայկական կարող է դառնալ, Արծվաշենը, ՀՀ մյուս ինքնիշխան տարածքները կրկին կվերադառնան հայերի տնօրինության տակ։ Այս ռեալ վախը կարող է սթափեցնել Ալիևին, զսպել նրա ամբարտավանությունը, ստիպել նրան օր առաջ ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, օր առաջ հետ վերադարձնել ՀՀ-ից զավթված տարածքները, ապահովել Արցախ հայերի ազատ ու անվտանգ վերադարձը և այլն։
Կարճ ասած՝ խաղաղության բանալին ռևանշի ալիքն է։ Երբ այն իրոք բարձրանա, հաջորդ օրը խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
Թաթուլ Մկրտչյան