Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 11:55 24-07-2025

Վեհարանի վրա ցանկացած ոտնձգություն կնշանակի սրբապղծություն և Աստծո դեմ ելք. Տեր Վրթանես

Բյուրականի հոգևոր սպասավոր Տեր Վրթանես Բաղալյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին և պետական իշխանությունների ղեկավար մարմիններին.

«Վերջին օրերին հասարակական դաշտում հնչում են մտահոգիչ հայտարարություններ և տեղեկություններ, թե հնարավոր է Հայաստանի Հանրապետության իշխանությունները վարչապետի լիազորությունների չարաշահման արդյունքում ձեռնարկեն ուժային ներխուժում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վեհարանի տարածք։

Այս հայտարարությունը նպատակ ունի կանխել նմանատիպ անօրինական և սրբապիղծ քայլը, հիշեցնելով դրա՝ սահմանադրական և միջազգային իրավական հետևանքները, ինչպես նաև դրա ծանր հոգևոր-բարոյական պատասխանատվությունը։

Նիկոլ Փաշինյան, վերջինիս կամակատարներ և առիթից օգտվել փորձող հակաեկեղեցական խմբավորումներ․

Վեհարանը ոչ միայն վարչական շենք է, այլ՝ Սուրբ Էջմիածնի սիրտը, մեր ժողովրդի հավատի ու հոգևոր ինքնության դարավոր օջախը։ Վեհարանի վրա ցանկացած ոտնձգություն, առավել ևս՝ ապօրինի ուժով ներխուժում, կնշանակի ոչ միայն իրավական հանցագործություն, այլև սրբապղծություն և Աստծո դեմ ելք։

Սահմանադրական հիմքեր

Հոդված 41 – «Յուրաքանչյուր ոք ունի խղճի և կրոնի ազատություն»։

Հոդված 17 – «Մարդու արժանապատվությունը անհպատակ է»։

Հոդված 8.1 – «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ որպես ազգային եկեղեցի, ունի բացառիկ առաքելություն հայ ժողովրդի հոգևոր կյանքի զարգացման գործում»։

Հոդված 78 – «Իշխանության բոլոր մարմինները պարտավոր են գործել Սահմանադրությանը համապատասխան»։

Վեհարանի վրա ուժային ներխուժումը կդառնա սահմանադրական կարգի խախտում և հանցավոր գործողություն, որի համար սահմանված է քրեական պատասխանատվություն։

Միջազգային իրավական հիմքեր

Հայաստանը միջազգային պայմանագրերով պարտավոր է հարգել կրոնական ազատությունը և պաշտպանի սրբավայրերը․

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա, Հոդված 9 – երաշխավորում է կրոնի ազատությունը։

Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիր, Հոդված 18 – պաշտպանում է կրոնական վայրերի անձեռնմխելիությունը։

ՄԱԿ-ի Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին հռչակագիր, Հոդված 6 – պետությունները պարտավոր են պաշտպանել կրոնական հաստատությունների իրավունքները և անվտանգությունը։

Նման գործողությունը կարող է հանգեցնել միջազգային դատական գործընթացների և դատապարտիչ որոշումների՝ վնասելով ՀՀ հեղինակությունը։

Աստված ասում է.

«Մի՛ դիպչեք Իմ օծյալներին և Իմ մարգարեներին չարություն մի՛ արեք» (Սաղմոս 104․15)։

Կոչ եմ անում՝

Հրաժարվել ցանկացած քայլից, որ կարող է պառակտել հայ ժողովրդին և թուլացնել նրա հոգևոր հիմքերը։

Հիշել, որ իշխանությունը երկրային է և ժամանակավոր, մինչդեռ Եկեղեցին և հավատքը՝ հավիտենական։

Հարգել ինչպես ՀՀ Սահմանադրությունը, այնպես էլ միջազգային պայմանագրերը և ձեռնպահ մնալ Եկեղեցու գործերին ապօրինի միջամտելուց։

Եթե այս կոչը անտեսվի և իրականացվի հարձակում Վեհարանի վրա, ապա դա ոչ միայն օրենքի առջև հանցանք է լինելու, այլև պատմության ու հավիտենության առջև անջնջելի խարան։

Ձեր անունը հիշատակվելու է ոչ թե շինարարների, այլ՝ քանդողների շարքում։

Աղոթում ենք, որ Տերը լուսավորի ձեր սրտերը և առաջնորդի դեպի արդարություն ու սրբության գիտակցում՝ հանուն մեր ժողովրդի միասնության և սրբությունների պահպանման։ Ապօրինի ներխուժման հետևանքների համար պատասխանատվությունը կընկնի ներխուժման հիմնական համակարգող Նիկոլ Փաշինյանի, ուժային կառույցների ղեկավարների, աշխատակիցների ու բոլոր հանցակիցների վրա»։

Ամենից շատ դիտված

22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
21:26 «Նուբարաշեն» ՔԿՀ-ն ենթակա է փակման, սա նորություն չէ մեզ համար. Գալյան
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը

Ձեզ գուցե հետաքրքրի