Ներքին Խոսք 1 տարի առաջ - 13:28 21-07-2025

Փաշինյանն ունակ չէ Ալիևից որևէ բան պահանջել․ նա հպարտորեն կրում է կապիտուլյանտի կոչումը

««Զանգեզուրի միջանցքի» Ադրբեջանի տարածքում չի լինի որևէ օտարերկրյա օպերատոր կամ որևէ այլ արտաքին վերահսկողություն։ Անհրաժեշտ է անարգել մուտք Ադրբեջանի մեկ մասից մյուսը»,- հայտարարել է Ալիևը բռնազավթված արցախում կազմակերպված մեդիա ֆորումի ժամանակ։ «Ադրբեջանի քաղաքացիները չպետք է բախվեն հայ սահմանապահների հետ, քանի որ հակառակ դեպքում նրանց անվտանգությունը կվտանգվի»,- նշել է նա։

Oragir.News-ը քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանից փորձեց հասկանալ, արդյոք սա երկկողմ պայմանավորվածություններում փոխադարձության սկզբունքի խախտո՞ւմ է, թե՞ ոչ։

Քաղաքագետի կարծիքով՝ ներկայիս հայ-ադրբեջանական հարաբերություններում փոխադարձության կամ օրինականության մասին խոսելն ուղղակի անիրական է։

Նրա խոսքով, Հայաստանի Հանրապետությունը այս պահին գտնվում է միակողմանի և համապարփակ կապիտուլյացիայի դրության մեջ՝ բոլոր մակարդակներում և բոլոր հարցերում։ Սա, ըստ նրա, ոչ միայն փաստացի իրավիճակն է, այլև իշխանության՝ մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից հռչակագրված քաղաքականություն։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հատկապես 2020 թ․ նոյեմբերի 9-ից հետո, երբեք որևէ մտադրություն չի ունեցել հարգել Հայաստանի ինքնիշխանությունը։ Ավելին՝ Ալիևը և նրա քաղաքական գործընկեր Թուրքիան բացահայտ վարում են հայոց պետականության հնարավորինս արագ կազմալուծման և վերացման հստակ, համակարգված և հետևողական քաղաքականություն»,- նշում է քաղաքագետը։

Քաղաքագետը մերժում է այն պատկերացումը, թե միակողմանի զիջումներով հնարավոր է հասնել որևէ կայուն խաղաղության։

«Անհիմն է հույս ունենալը, թե ամենաազգադավ զիջումներով հնարավոր է Ադրբեջանից կորզել խաղաղություն։ Դա ոչ թե քաղաքական հեռատեսություն է, այլ իրականության չճանաչման վկայություն, միևնույն ժամանակ՝ հակապետական պահվածքի դրսևորում իշխող ուժի կողմից»,- ընդգծում է նա։

Ըստ նրա, սա ոչ միայն Հայաստանի անվտանգության խնդիրն է, այլև ազգային արժանապատվության բացակայության։ Նա արձանագրում է, որ իշխանությունը պատրաստ է շարունակել զիջումները՝ ցանկացած ձևով բավարարելով Բաքվից ստացվող ուղիղ կամ անուղղակի հրահանգները։

«Երբ տեսնում ենք, թե ինչպես է նույն քաղաքական կուրսը տարածվում Հայաստանի տարբեր ինստիտուտների վրա, այդ թվում՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավով, պարզ է դառնում, որ խոսքը ոչ թե ռեակցիայի կամ ներքաղաքական դրվագների մասին է, այլ՝ համակարգային նպատակային քաղաքականության, որի վերջնական նպատակակետը Հայաստանի պետականության վերացումն է»,-ասում է նա։

Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը նույնպիսի պահանջ չի ներկայացնում Ադրբեջանին, Քանանյանը պատասխանեց․

«Հայաստանը չի էլ փորձում պահանջ ներկայացնել Ադրբեջանին։ Նիկոլ Փաշինյանը, ցավոք, ո՛չ ունակ է, ո՛չ էլ մտադիր որևէ անգամ ամենապարզ, միջազգային իրավունքի տրամաբանությունից բխող պահանջով՝ դիմել Բաքվին։ Նա հպարտորեն որդեգրել է կապիտուլյանտ քաղաքական ուղղություն, դա ներկայացնելով խաղաղության կեղծ օրակարգով»,- նշում է քաղաքագետը։

Նա նաև հավելում է, որ ներկայիս իշխանությունը ոչ միայն պատրաստ է գնալու մինչև վերջ, այլև իր քաղաքական գոյության ապահովման համար պարբերաբար ահաբեկում է հասարակությանը՝ «նախկինների վերադարձով» և «պատերազմի սպառնալիքով»։

«Վստահաբար կարելի է ասել, որ եթե վաղը լինեն արտահերթ ընտրություններ, ապա Փաշինյանը կրկին նույն զինանոցով հանդես կգա՝ ներկայացնելով իրեն որպես խաղաղության միակ երաշխավոր՝ համոզելով, թե եթե ինքը չլինի, Ալիևը կհարձակվի։ Իրականում՝ սա միայն նոր կապիտուլյացիաներով ժամանակ ձգելու մարտավարություն է»,- եզրափակեց քաղաքագետը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից