Կա քարերը նետելու և քարերը հավաքելու ժամանակը։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կազմակերպած բողոքի ցույցերը դադարեցին։ Այս մասին հուլիսի 14-ին Կառավարության շենքի մոտ հայտարարեց խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը, նշելով, որ չեն ստացել ակնկալվող հանրային աջակցությունը, հետևապես՝ այլ ձևաչափով են շարունակելու իրենց գործունեությունը։ Երբ կրկին կլինի հանրային պահանջ, նրանք կրկին փողոցային պայքարը կվերսկսեն։
Ի՞նչ տվեց արցախցիների մի քանի օրյա պայքարը։
Առաջին հերթին՝ կրկին թարմացվեց թեման։ Հանրահավաքի, ցույցերի միջոցով կրկին ցույց տրվեց, որ արցախցիների իրավունքների հարց կա ՀՀ քաղաքական օրակարգում։ Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանն ուզենա Արցախի թեման փակել, այն հնարավոր չէ փակել։ Արցախցիների իրավունքների հարցը մնում է բաց, բազմաթիվ սոցիալական խնդիրներ չլուծված են։
Արցախցիների ցույցերին զուգահեռ Նիկոլ Փաշինյանը մեկնեց Բրյուսել։ Երբ արցախցիները ցույց էին անում Կառավարության շենքի մոտ, Բրյուսելում տեղի էր ունենում Նիկոլ Փաշինյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հանդիպումը: Անդրադարձ էր կատարվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ Կառավարության կողմից իրականացվող ծրագրերին: Փաշինյանը կարևորում էր միջազգային հանրության կողմից այս ուղղությամբ շարունակական աջակցությունը:
Այս մասին կառավարության տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ պարզ չի երևում, թե զրուցակիցներից ո՞վ է բացում արցախցիների թեման՝ ԵՄ պաշտոնյա՞ն, թե՞ Փաշինյանը։ Եթե ԵՄ պաշտոնյան է բացում, նշանակում է՝ Արցախի թեման, իրոք՝ ԵՄ օրակարգի հարց է։ Թեև՝ ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այն օրակարգի առաջին հարցերից չէ, սակայն միայն այն, որ ԵՄ-ն հետաքրքրվում է բռնի տեղահանված արցախցիների սոցիալական հարցերով, բավարար հիմք է ասելու, որ այս հարցում ՀՀ-ն կարող է իրական դաշնակից ունենալ։
Բռնի տեղահանումից՝ 2023-ից սկսած, ԵՄ-ն արցախցիների խնդիրներին ուղղված ֆինանսական աջակցություն է տրամադրել ՀՀ կառավարությանը։ Եթե արցախցիների համար սոցիալական ծրագրերը շարունակվեն, ապա ենթադրելի է, որ ԵՄ աջակցությունն այդ հարցում ևս կշարունակվի։ Ու եթե Փաշինյանի բրյուսեյան հանդիպումների արդյունքում ԵՄ-ն շարունակելու է ֆինանսական աջակցություն տրամադրել արցախցիների համար, ապա կարելի է ասել, որ արցախցիների պահանջներից մեկը, որը վերաբերում է սոցիալական ծրագրերի շարունակմանը, կարող է կատարվել ԵՄ փողերով։ Այս առումով՝ մի քանի օրյա պայքարն արդյունավետ էր։
Այստեղ առաջ է գալիս հետաքրքիր մեկ այլ հարց։ ԵՄ-ն արցախցիների համար էլ ի՞նչ կարող է անել Փաշինյանին փող տալուց բացի։ Կարո՞ղ է ԵՄ-ն նպաստել Արցախ հայերի վերադարձի խնդրին։ Այս հարցը տակավին չկա ՀՀ-ԵՄ օրակարգում։ Սակայն չի բացառվում, որ ներառվի խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո։ Այդ մասին ժամանակին ակնարկել են ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները։
Կարճ ասած՝ միանգամայն ճիշտ են վարվում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներն այս փուլում դադարեցնելով փողոցային պայքարը։ Այն մեծ թափով կարող է վերսկսվել խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, այդ ժամանակ բարձրացնելով Արցախ հայերի վերադարձի իրավունքի հարցը։ Եվ եթե ԵՄ-ն այս հարցում ևս հետևողական օժանդակություն ապահովի, ապա հնարավոր է Արցախը կրկին հայկական կդառնա։
Թաթուլ Մկրտչյան