Վերջին օրերին Հայաստանի հանրային դաշտում կրկին թեժ քննարկումների առարկա է դարձել քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումների թեման։
Մասնավորապես, «4rd.am» լրատվամիջոցի կողմից հրապարակվել էր արհեստական բանականությամբ (AI) գեներացված տեսանյութ, որտեղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր գալիս հայտարարություններով։ Հիշեցնենք, որ նախկինում ևս արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութեր շրջանառվել են, անգամ՝ ուղեկցվել ֆինանսական վնասներով, սակայն այդ դեպքերից ոչ մեկը չի վերածվել քրեական գործի։ Թե դրանք արդյոք հետաքննվել են, հանրությանն այդպես էլ անհայտ է մնացել։ Այս համատեքստում իրավաչափ և արդարացի հարց է առաջանում՝ ինչո՞ւ հենց հիմա և ինչո՞ւ հենց այս դեպքում։ Ի՞նչ է փոխվել։
Այս թեմային անդրադարձավ նաև մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ով
Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ ներկայացված տեսանյութը «deepfake» է, սակայն դրա կիրառումը տարածված և ընդունված պրակտիկա է աշխարհի շատ երկրներում։
Նրա խոսքով՝ սա տեխնոլոգիա է, որը միշտ չէ, որ ենթակա է քրեական հետապնդման։ Իսկ իրավագետ, սահմանադրագետ Գոհար Մելոյանի գնահատմամբ՝ սա ընդամենը հերթական փորձն է՝ ընդդիմադիրներին լռեցնելու համար։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի վարչակազմի համար սա վերածվել է ընդունված գործելաոճի․ կիրառել իրավական համակարգը՝ ճնշելու և լռեցնելու այլակարծությունը՝ անկախ այն ձևից, թե ինչպես է այդ կարծիքը արտահայտվել՝ հանրահավաքո՞վ, հրապարակմամբ, թե՞ սոցցանցերում ստեղծված տեսանյութով։
Այսպիսով, ողջամիտ կասկած է առաջանում, որ ժողովրդավարության դրոշակակիր հռչակված Հայաստանի Հանրապետությունում, գործնականում գոյություն ունի մեկ անձեռնմխելի անձ՝ Նիկոլ Փաշինյանը, ում քննադատելու ցանկացած փորձ կարող է կրել իրավական պատասխանատվության սպառնալիք։ Եվ սա տեղի է ունենում ոչ միայն օֆլայն, այլև օնլայն միջավայրում, որտեղ ազատ խոսքը կարծես թե այլևս ազատ չէ։
Մանրամասները՝ տեսանյութում: