Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունիսի 25-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Այսօր վաղ առավոտից ժամեր շարունակ խուզարկությունները են իրականացվել «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, շարժման կողմնակիցների և մի շարք ընդդիմադիր գործիչների տներում։ Ժամեր տևած խուզարկությունից հետո Ազգային անվտանգության ծառայության դիմակավորված աշխատակիցները ձերբակալեցին Բագրատ Սրբազանին։ ԱԱԾ աշխատակիցները Սրբազանին նստեցրին «Տոյոտա» մակնիշի քաղաքացիական մեքենա և բերման ենթարկեցին Քննչական կոմիտե: Մինչև մեքենա նստելը շարժման առաջնորդը իշխանությանը զգուշացրեց՝ քիչ ժամանակ է մնացել: «Չարիք, լավ լսի, ինչ էլ, որ սարքելու լինես, ինչ էլ, որ ուզում ես անել, քեզ շատ քիչ ժամանակ է մնացել: Դիմացի՝ կգանք», - հայտարարեց նա: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչությունը, իշխանության յուրացումը հոդվածներով։
Մինչև Բագրատ սրբազանին ձերբակալելը, Քննչական կոմիտեն այսօր վաղ առավոտյան հայտարարություն տարածեց, պնդելով, թե՝ «Սրբազան պայքարի» շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»: Ըստ իրավապահների՝ Գալստանյանը 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է իշխանությունն ստանձնելու գործընթացն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով: «Այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում ձեռք է բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել է այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն», - ասված է ՔԿ-ի հաղորդագրության մեջ: ՔԿ-ն նաև ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Սրբազանը կտրականապես բացառել է ընտրություններին նախապատրաստվելու, դրանց մասնակցելու և այդ կերպ իշխանությունը ստանձնելու եղանակը։ Քննչական կոմիտեն նշում է, որ խմբի անդամները պլանավորել են զուգահեռաբար միջոցներ ձեռնարկել առաջացած վիճակը վերացնելու հնարավորությունից պատասխանատու պետական մարմիններին զրկելու ուղղությամբ, այդ թվում՝ խոչընդոտել կամ ընդհուպ բացառել ոստիկանության համապատասխան ուժերի շարժը:
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր իր առանձնատանը հյուրընկալել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին: «Շուրջ մեկ ժամ տևած զրույցի ընթացքում, Հայաստանի ներկայիս իրավիճակի գնահատականից բացի, անդրադարձ է կատարվել նաև Սամվել Կարապետյանի նկատմամբ Փաշինյանի կողմից սանձազերծված հաշվեհարդարին, ինչի առիթը Եկեղեցու դեմ իշխանությունների հայտարարած պատերազմի համատեքստում վերջինիս արած հետևյալ հայտարարությունն է. «Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»: Խոսք, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ սովորական քաղաքական հայտարարություն, ինչի իրավունքը, որպես Հայաստանի քաղաքացի, նա ունի։ Նախագահի գնահատմամբ՝ Փաշինյանը պարտության մարմնավորում է։ Նա խայտառակ կերպով պարտվեց արցախյան պատերազմում, հաստատաբար պարտվելու է նաև Հայոց եկեղեցուն հայտարարած պատերազմում», -նշված է Մուսինյանի հաղորդագրությունում:
Երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել «Հայաստան» խմբակցությունը՝ շեշտելով, որ իշխանությունը հատել է օրենքի և բարոյականության բոլոր սահմանները: « Թշնամաբար հարվածներ է հասցրել պետականության բոլոր հենասյուներին՝ Անկախության հռչակագրին, Սահմանադրությանը, բանակին, եկեղեցուն, սփյուռքին: Հանձնել է Արցախը: Նենգ գործելավոճով փորձում է լռեցնել ազգային դիմադրության օջախները: Քողարկելով իր հանցավոր վարքագիծը, շեղելով հանրությանը հայոց պետականության սպառնալիքներից, ձգտելով խուսափել ազգային դավաճանության համար պատասխանատվությունից՝ Նիկոլ Փաշինյանը բացահայտ ահաբեկչություն է իրականացնում հայ ժողովրդի նկատմամբ: Շարունակվում են բռնատիրության կանոներով մարդկանց ապօրինի ձերբակալությունները, խուզարկություններն ու կալանավորումները: Ներկայացվում են շինծու մեղադրանքներ, կիրառվում են հոգեբանական տեռորի բոլոր միջոցները՝ դրանք ուղեկցելով «հանցանքների» նախապատրաստության արհեստածին նկարագրություններով: Ազգային ընդդիմադիր գործիչներին, նրանց աջակիցներին վերագրվող արարքները չարիքի իշխանությունը կարող է տարածել Հայաստանի Հանրապետության և աշխարհասփյուռ հայության՝ հայրենիքով մտահոգ յուրաքանչյուր անդամի նկատմամբ: Նման պայմաններում հայ ժողովրդի բոլոր արժանապատիվ զավակների պարտքն է միավորվել և կանխել հայոց պետականության գլխավոր սպառնալիքի՝ Հայաստանի գործող իշխանության հետագա գործողությունները»,- ասվում է հայտարարության մեջ։ Ընդդիմադիր ամենամեծ խմբակցության դիտարկամամբ՝ օրվա գլխավոր խնդիրը Հայաստանի վերջանական բռնատիրացումը կանխելն է, գործող իշխանությանը հեռացնելը և պատասխանատվության ենթարկելը, ինչը շուտով լինելու է։
Մանրամասները՝ տեսանյութում: