Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է նոյեմբերի 7-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանն այսօր զորակցություն է հայտնել Սամվել Կարապետյանի, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կանանց, ինչպես նաև մի շարք այլ կին գործիչների, ովքեր, իր խոսքով, թիրախավորվում են։ «Ես իմ զորակցությունն եմ հայտնում Սամվել Կարապետյանի կնոջը և դստերը, որովհետև երբ ամուսինը բանտում է՝ վայելելով հերոսացման դափնիները, կինը հազար անգամ ավելի շատ տառապում ու տանջվում է: Իսկ թե ինչպես են սիրում դուստրերը, հայրիկների համար հայտնի բան է: Ես իմ զորակցությունն եմ հայտնում Ռուբենի, Բակոյի, Արայիկի և մյուսների կանանց, ովքեր, վստահ եմ` իրենց կյանքի այս դժվար փուլում ստիպված են դիմակայել շրջապատի պարսավանքին, թե. «Հլը դու տես` ամուսինը որտեղ է, ինքն ասում, խոսում, ուրախանում է»։ Ես իմ զորակցությունն եմ հայտնում Թագուհի Թովմասյանին, ում արտաքինը բռի, գռեհիկ, անկիրթ ու տգետ տղամարդիկ արդեն մի քանի տարի է` դարձրել են իրենց համար ինքնահաստատման միջոց: Ես իմ զորակցությունն եմ հայտնում ընդդիմադիր կին պատգամավորներին, արտիստներին, երգչուհիներին, բլոգերներին, լրագրողներին»,- գրել է Հակոբյանը և մի շարք այլ անուններ տվել։ Նա այս համատեքստում աջակցություն է հայտնել նաև Անահիտ Ավանեսյանին, լրագրողներ Նանե Արզումանյանին և Նանե Իսրայելյանին։ Հակոբյանը նաև զորակցություն է հայտնել բոլոր կանանց, ովքեր ամեն օր լռելյայն բռնության են ենթարկվում և չեն կարող խոսել այդ մասին, որովհետև չունեն ոչ մի պաշտպանություն: Նա նաև հայ կանանց քննադատելու առիթը բաց չի թողել՝ պնդելով, որ նրանցից շատերի սև փեշի «բարձր» հովանու ներքո էլ բռնության մշակույթը փոխանցվում է սերնդեսերունդ:
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն այսօր կրկին ձերբակալվել է։ Oragir.News-ի հետ զրույցում Քերոբյանի եղբայրը՝ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ գործի մասին տեղեկություններ չունի։ «Փոքր եղբայրս է ներկա եղել տանը, բայց, ինչքան հասկացել եմ, իր նախարարական գործունեության հետ կապ չունի ընդհանրապես, ու կարծես իր հետ էլ կապ չունեն այդ դեպքերը։ Բայց թե ինչու են հիմա որոշել էդ գործով զբաղվեն, չեմ կարող ասել։ Մինչև մանրամասներ չիմանամ՝ հաստատ չեմ կարող ասել»,- նշել է նա։ Ավետիք Քերոբյանի խոսքով՝ իրավապահներն այցելել են Վահան Քերոբյանի բնակարան, իրականացրել խուզարկություն, որից հետո էլ նախկին նախարարին ձերբակալել են ու տարել։ Քննչական կոմիտեից հայտում են, որ Վահան Քերոբյանին մեղսագրվում է հանցավոր կազմակերպությանը մասնակցելու և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեղադրանքները։ Ենթադրյալ հանցանքը կատարվել է 2008-2014 թվականներին, երբ Քերոբյանը ղեկավարում էր «Սթար դիվայդ» ՍՊԸ -ն: ՔԿ-ն հայտնում է նաև, որ հանցավոր կազմակերպության մեջ ներառված անձանց շրջանակը բացահայտելու մասին և նշում, որ վերջիններիս բնակարաններում կատարվել են մեկ տասնյակից ավելի խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող առարկաներ: 12 անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում: 7 անձ ձերբակալվել է, այդ թվում՝ Վահան Քերոբյանը: Վերջինիս կալանավորելու միջնորդություն դեռ չի ներկայացվել:
Գեներալ Մանվել Գրիգորյանի դստեր՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են։ Այս մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհուրդը։ Դատախազությունը դիմել էր ԲԴԽ՝ դատավոր Նաիրա Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ։ «2025 թվականի նոյեմբերի 6-ին և 7-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի նոյեմբերի 6-ին ներկայացված «ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մանվելի Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ» միջնորդությունը բավարարելու մասին Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի նոյեմբերի 7-ի որոշումը՝ ԲԴԽ-ն որոշել է կասեցնել նրա լիազորությունները՝ մինչև քրեական վարույթի ավարտը»,- ասված է որոշման մեջ։ Թե ինչ քրեական վարույթի շրջանակներում է քրեական հետապնդում իրականացվելու՝ դեռևս հայտնի չէ։ Նշենք, որ շուրջ 1 տարի առաջ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, համաձայն որի՝ կալանավորվել էր դատավոր Նաիրա Գրիգորյանի օգնականը՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու մեղադրանքով։ 2024 թվականի նոյեմբերի սկզբին էլ լուրեր էին շրջանառվում, որ Նաիրա Գրիգորյանին իր օգնականի գործով կանչելու են հարցաքննության։
Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջըզադեն Հայաստանի նկատմամբ հերթական տարածքային հավակնություններն է դրսևորել՝ հայտարարելով, որ այսպես կոչված 4 անկլավների վերադարձը գտնվում է Բաքվի մշտական ուշադրության կենտրոնում։ «Ղազախի շրջանի երեք գյուղերի և Նախիջևանի Քյարքի գյուղի վերադարձը Ադրբեջանին միշտ էլ գերակա խնդիր է», ասել է նա, հավելելով՝ այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման հանձնաժողովների շրջանակում։ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը միաժամանակ «մեծ դիվանագիտական հաջողություն» է որակել Տավուշի մարզի 4 ոչ անկլավային գյուղերի հանձնումը Ադրբեջանին, որը տեղի ունեցավ 2024-ի գարնանը։ Չորս գյուղերի հանձնումից ու Տավուշ-Ղազախ հատվածում անացծ տարի տեղի ունեցած մոտ 12 կմ-ի սահմանազատումից հետո՝ մինչ օրս գործընթացն առաջ չի շարժվել։ Սահմանազատման հանձնաժողովների ղեկավարները՝ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը վերջին անգամ սեպտեմբերին էին հանդիպել՝ Սյունիքի և Կովսականի սահմանին։
Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը նախօրեին կայացած համաժողովի ընթացքում նոր մանրամասներ է հաղորդել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման մասին։ «Այդ բանակցությունների ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շրջվեց դեպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու հարցրեց նրան,- «Ինչո՞ւ դադարեցրեցիք հայերի դեմ հարձակումը։ Չէ՞ որ նրանք փախչում էին, իսկ ձեր բանակն անհամեմատ ավելի ուժեղ էր», - ըստ Ուիթկոֆի հարցրել է Թրամփը։ «Ես այդքանն էի ուզում, այն ինչ գրավել էին հայերը», - ըստ Ուիթքոֆի պատասխանել է Ալիևը։ Սպիտակ տան բանագնացի խոսքով՝ այդ զրույցին ներկա է եղել նաև Հայաստանի ղեկավարը։ Ճիշտ է՝ Ուիթքոֆը Նիկոլ Փաշինյանին անվանել է «Հայաստանի նախագահ»։
ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը պատրաստ չէ ապրել ադրբեջանցիների հետ։ Նա այդ մասին հայտարարեց ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ագրեսիվ հռետորաբանությանը։ «Կարծում եմ, որ Իլհամ Ալիևը և ադրբեջանական կողմը խաղաղության՝ օգոստոսի 8–ին նախաստորագրված պայմանագրից և ստորագրված համաձայնագրից բավարարված չեն։ Նա կոնկրետ միջանցք էր ուզում՝ 3–րդ պետության հսկողությամբ և ավելի շատ իրենց դաշնակից, քան մեր, որը չստացավ։ 5 սկզբունքը պահվելու է, ինչն իրենց սրտով չէ»,– ասաց նա։ Լրագրողները հետաքրքրվեցին` ինքը պատրա՞ստ է ապրել ադրբեջանցիների հետ, չէ՞ որ ադրբեջանական կողմը խոսում է ադրբեջանցիների վերադարձի մասին, նա բացասական պատասխան տվեց։ «Ես պատրաստ չեմ անձամբ ադրբեջանցիների հետ ապրել, բայց ԽՍՀՄ տարիներին ՀՀ–ում շատերն ապրել են ադրբեջանցիների հետ և հակառակը։ Համաձայնեցված փաստաթղթում կամ այլ բանակցությունում վերադարձի խոսակցություն չկա։ Վերադարձը կարող է լինել 50 տարի հետո, որպեսզի որպես տուրիստ գան, օրինակ՝ Գառնին տեսնեն, և հայերը գնան»,– ասաց Ղահրամանյանը։ Միևնույն ժամանակ նա վերահաստատեց կուսակիցների դիրքորոշումը` իրենք հիմնվում են ոչ թե հայտարարությունների, այլ երկու երկրի ղեկավարների ստորագրած և համաձայնեցրած փաստաթղթերի վրա։ Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, թե ռուսական կայսերական քարտեզներում չկա Սևանա լիճ, այլ կա Գյոյչա, իսկ որ Հայկական ԽՍՀ-ում բնակված ադրբեջանցիները պետք է վերադառնան ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Աբովյան փողոցում՝ «SAS» սուպերմարկետի դիմացի հատվածում բախվել են «Nissan» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Mercedes»-ն էլ բախվել է ճանապարհին կայանված թիվ 201 երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ին: Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունները:Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհի մայթին տեղադրված երկաթե ճաղավանդակն ու մասամբ հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում: